Նոյեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում համերգային ծրագրով ելույթ ունեցավ ռուս անվանի թավջութակահար Ալեքսանդր Ռամը: Նրա հետ բեմում էր նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, իսկ համերգը ղեկավարեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Թավջութակահար Ալեքսանդր Ռամն առաջին անգամ չէ, որ ելույթ ունեցավ սիմֆոնիկ նվագախմբի հետ, նախկինում հայ հանդիսատեսը մի քանի անգամ հնարավորություն էր ունեցել ունկնդրելու Ռամին:
Նշենք նաև, որ թավջութակահարը ելույթներով հանդես է եկել ամենահեղինակավոր բեմերում` Փարիզի Ֆիլհարմոնիայում, Լոնդոնի Քադոգան դահլիճում և այլուր:
Կարդացեք նաև
Ռամը նաև 2013 թվականին Հելսինկիում կայացած «Պաուլո» թավջութակի հեղինակավոր մրցույթի առաջին ռուս դափնեկիրն է:
Համերգը նվիրված էր հայազգի գործարար Վահագն Հովնանյանի 90-ամյակին:
Հանդիսատեսը Ալեքսանդր Ռամի նվագակցությամբ ունկնդրեց Անտոնին Դվորժակի «Թավջութակի կոնցերտը», ինչպես նաև Ալեքսանդր Հարությունյանի «Սիմֆոնիան»:
Համերգին ներկա էին նաև Երևանի ավագ դպրոցների աշակերտներ և բուհերի բազմաթիվ ուսանողներ:
Անահիտ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ