Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն

Նոյեմբեր 13,2022 22:05

Նոյեմբերի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում (ք. Արտաշատ) հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն:

Պատարագիչն էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող հինգ սարկավագներ: Սուրբ Պատարագի ընթացքում Բագրատ Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ:

Բարեշնորհ Լևոն սարկավագ Հակոբյանը վերակոչվեց Տեր Հարություն քահանա, Արսեն սարկավագ Սարգսյանը՝ Տեր Վահրամ քահանա, Շավարշ սարկավագ Այվազյանը՝ Տեր Նարեկ քահանա, Դավիթ սարկավագ Գիշչյանը՝ Տեր Դավիթ քահանա, Մինաս սարկավագ Կարապետյանը՝ Տեր Աբգար քահանա։ Այնուհետև նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:
Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով քահանայական ծառայության կարևորությանը և դիմելով նորաօծ հայրերին՝ նշեց. «Դուք կոչված եք գործելու անանձնական կերպով, դուք ապրելու եք ոչ թե ձեր սեփական ուրախությունը, այլ անանձնական ուրախությունը բոլոր նրանց, ովքեր հանձնված կլինեն ձեր խնամքին: Դուք կոչված եք լինելու վշտի մեջ գտնվողին վշտակցել, սգի մեջ գտնվողի հետ սգալ, չլսողին խոսք փոխանցել, մոլոր ճանապարհի մեջ գտնվողին ճշմարիտ ուղին ցույց տալ, սիրտ սրտի ապրել բոլորի հետ ոչ թե որպես օտար, այլ սեփական քո ժողովուրդը լինելու զգացումով և հարատև աղոթքի մեջ լինել ամենքի համար»:

Բագրատ Սրբազանը, անդրադարձ կատարելով հոգևորականի ծառայության դժվարություններին, հորդորեց քահանա հայրերին իրենց կյանքի ճանապարհին հանդիպող փորձության քարերը դարձնել արդարության պտուղներ՝ լցվելով ու առատանալով աստվածային սիրո մեջ:
Իր քարոզում Բագրատ եպիսկոպոսը հայտնեց նաև, որ քահանա հայրերին անվանակոչել է 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների անուններով:

Նույն օրը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարում, ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, առաջին անգամ կատարվեց քահանայական ձեռնադրություն։ Քահանայության աստիճանի արժանացավ ՊԲ գնդերեց և Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանը, ով վերակոչվեց Տեր Վաչագան քահանա:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պատրաստության շրջանից հետո նորընծա քահանաները ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930