Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքը՝  կրթության եւ մշակույթի օջախ․ նշվեց Գորիսի պետական համալսարանի 55 ամյակը (ֆոտոշարք)

Նոյեմբեր 13,2022 20:15

Գորիսի պետական համալսարանում վերջերս կազմակերպվել էր «Սյունիքը կրթության եւ մշակույթի օջախ» խորագրով հանրապետական երկրորդ գիտաժողովը՝ նվիրված համալսարանի հիմնադրման 55-ամյակին: Գիտաժողովին մասնակցեցին Հայաստանի, Արցախի, ինչպես նաեւ արտերկրի մոտ 25 գիտակրթական հաստատությունների  70 ներկայացուցիչներ՝ գիտնականներ, մասնագետներ,  հետազոտողներ։

Գիտաժողովին հրավիրված էին նաեւ  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը,  Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Գիտաժողովը նպատակ ուներ քննարկումների բազմակողմ հարթակ բերել Սյունիքի ոչ միայն հայագիտական ու հասարակագիտական ոլորտի հիմնահարցերը, այլ նաեւ քարտեզագրել  մարզում տարբեր գիտաճյուղերի զարգացման թիրախներն ու գերակայությունները։

ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը շնորհավորելով Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 55-ամյա հոբելյանի առթիվ, այն համարեց  գիտակրթական ասպարեզում բուհի ձեռքբերումների ամփոփման ու արժեւորման հրաշալի հնարավորություն: «Գիտաժողովը յուրատեսակ հարթակ է ոչ միայն հետադարձ հայացքով արժեւորելու Սյունիքի պատմամշակութային բազմահարուստ ժառանգությունը, ամփոփելու գիտակրթական արժեքավոր ձեռքբերումները, այլեւ քննարկելու գիտության, կրթության եւ մշակույթի արդի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները Սյունիքի մարզում»,-իր խոսքում նշեց Տիգրան Վանդունցը: Վերջինս համոզված է՝  գիտաժողովին մասնակցած կազմակերպությունների եւ նրանց ներկայացուցիչների հետ մասնագիտական համագործակցությունը կլինի շարունակական:

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախ շնորհավորեց համալսարանի հիմնադրման 55 ամյակը՝  շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, որոնք ներդրում ունեն ԳՊՀ-ի ստեղծման, կայացման ու զարգացման գործում։ «Ընդհանրապես մենք շատ ծանր, բարդ փուլերում համախմբվել ենք եկեղեցու շուրջ, այն միշտ վերջին պահերին փրկօղակ է եղել։ Այսօր աշխարհն ու իրականությունը այլ են։ Ըստ իս, միակ տեսանելի կենտրոնը, որի շուրջ պետք է համախմբվենք, կրթությունն ու գիտությունն են։ Դրա միջոցով կարող ենք ունենալ խելացի, կրթված հասարակություն, որի անդամները երկրի համար կարեւոր հարցերում նույն ուղղությամբ են մտածում։ Շատ շնորհակալ եմ այս ծանր փուլում Սյունիքում նման գիտաժողով նախաձեռնելու եւ կազմակերպելու համար, այն պահանջված է ու կարեւոր», – նշեց Սյունիքի մարզպետը։

Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝  եթե անհրաժեշտություն լինի որոշակի պարբերականությամբ կազմակերպել նման գիտաժողովներ, մարզային իշխանությունը պատրաստակամ է աջակցել։

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը բարձր գնահատեց Գորիսի պետհամալսարանի դերը տարածաշրջանում եւ Արցախի հետ կապի ամրապնդման գործում։ «Գիտությունն ու կրթությունը մեր ժողովրդի եւ պետականության հարատեւման, զարգացման, զորացման առանցքային հիմքերից են, իսկ Գորիսի պետական համալսարանը՝  կրթության եւ հայրենասեր դաստիարակության կարեւոր մի կենտրոն։ Առանձնակի նշանակություն ունի պրոֆեսիոնալ եւ հայրենանվեր կադրերի պատրաստումը հայոց պետականության եւ հայ ազգային ինքնության յուրահատուկ ԴՆԹ-ն հանդիսացող Արցախում եւ Սյունիքում»,-իր խոսքում ասաց Դավիթ Բաբայանը։

Երկօրյա գիտաժողովում առանձին քննարկումներ կայացան մասնախմբերում` «Պատմություն, քաղաքագիտություն, իրավագիտություն», «Հնագիտություն, ազգագրություն, արվեստ», «Մանկավարժություն եւ հոգեբանություն», «Բանասիրական ուսումնասիրություններ», «Բնագիտական ուսումնասիրություններ», ինչպես նաեւ կազմակերպվեցին պատմաճանաչողական այցեր։

Նշենք, որ գիտաժողովի օրերին համալսարանում բացվել էր հոբելյանական ցուցահանդես, որտեղ ներկայացված էին ինչպես սյունեցի ճանաչված գեղանկարիչների, այնպես էլ ԳՊՀ-ի «Կերպարվեստ» մասնագիտության շրջանավարտների եւ ուսանողների լավագույն գեղանկարները։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930