Լրահոս
Օրվա լրահոսը

«Չափազանց  սպասված  համերգ էր ինձ  համար». Սիփան Օլահ

Նոյեմբեր 13,2022 19:35

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) եւ «Քլինգեն երգչախումբ և մշակութային ասոցիացիան» (Միացյալ Թագավորություն, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահ) իրականացրին «Մոնտեվերդիից Սարյան» համերգային ծրագիրը:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգի ընթացքում ելույթ ունեցան Միացյալ Թագավորությունից ժամանած երաժիշտներ՝ տենոր եւ դիրիժոր Սիփան Օլահը, հոբոյահար Հակոբ Ջեք Մուրատյանը եւ Մարիա Փալազեանը (կլավիսին, դաշնամուր): Համերգի ընթացքում հնչեցին  Ջիորդանիի, Կալդարայի, Սկարլատիի, Մոնտեվերդիի,  Գլյուկի,  Հենդելի, Մարչելոյի, Կարիսիմիի, Բոնոնչինիի, Սպենդիարյանի,  Ղազարոս Սարյանի ու Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները: Նշենք, որ գործիքային անսամբլի բոլոր մշակումները Սիփան Օլահինն էին: Բոլոր կատարումներից հետո հնչում էին բրավոներ, եւ հանդիսատեսը ջերմ էր արձագանքում ելույթներին։

«Չափազանց ոգեւորված եւ զգացմունքային պահ է, չափազանց  սպասված  համերգ էր ինձ  համար, Հակոբը եւ Մարիան առաջին անգամ  են հայրենիքում: Շատ շնորհակալ ենք ձեր ջերմ էներգիայի ու ներկայության համար: Հույս ունենանք, որ հետագայում եւս կլինեն այստեղ կրկին հանդես գալու նմանատիպ առիթներ, ինչպես նաեւ հայ երգարվեստը ինչպես շարունակում ենք վառ պահել Միացյալ Թագավորությունում, այնպես կշարունակենք վառ պահել աշխարհասփյուռ  հայ գաղթօջախներում»,-ասաց Սիփան Օլահը: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կողմից Սիփան Օլահը պարգեւատրվեց շնորհակալագրով:

Հավելենք, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում  արդեն Հայաստանում ելույթներով հանդես են գալիս հայազգի արտիստներ, որոնք նախկինում ինչ-ինչ պատճառներով դեռեւս ելույթներ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Նախագծի շրջանակում ավելի վաղ Երևանում համերգներով ներկայացել են դիրիժորներ Միսաք Պաղպուտարյանը (Սիրիա), Նուրհան Արմանը (Կանադա), Լյուք Բաղդասարյանը (Շվեյցարիա), Կարո Ավեսյանը (Լիբանան) և Պետրոս Շեթիլյանը (ԱՄՆ)։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930