Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն մեկս պետք է անի այն, ինչ կարող է, ոչ թե թեւաթափ ու հուսահատ նստի». Մարինե Ալես

Նոյեմբեր 13,2022 18:14

«Մեր մայրաքաղաք Երեւանն ինձ համար յուրահատուկ քաղաք է, անկախ նրանից, որ աշխարհում կան շատ գեղեցիկ, մեծ, շքեղ, բարձրահարկ շենքերով այլ  քաղաքներ:  Ու եթե այս ժողովածուից գոնե մի քանի երգ ապրի Երեւանում, դա ինձ համար մեծ նվեր կլինի»,- Արամ Խաչատրյանի տուն թանգարանում կայացած իր՝ «Երգեր եւ ռոմանսներ» համերգի եւ համանուն ժողովածուի շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում նշեց երգահան, թատերագետ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծագործական խորհրդի նախագահ Մարինե Ալեսը։

Նրա խոսքով, մենք ապրում ենք փոքր քաղաքում ու հաճախ չենք ճանաչում մեր քաղաքի տաղանդավոր մարդկանց, լսում եւ խոսում ենք հիմնականում  նրանց մասին, ում արդեն գիտենք, մինչդեռ Երեւանում բազմաթիվ շնորհալի մարդիկ կան:

Երեկոյի ընթացքում Երեւանի գեղարվեստական եւ երաժշտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները կատարեցին  Մարինե Ալեսի տարբեր տարիների ստեղծագործությունները, իսկ «Լույսի օրոր», «Колыбельная ветра» եւ «Берегите нежность» երգերը հնչեցին առաջին անգամ:

Կատարողներն էին Ռոմանոս  Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջից Արման Նիկոլյանը, Արփինե Փահլևանյանը, Համեստ Մխիթարյանը, Էմի Մակյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից՝ Իրինա Իորդամովան, Ռուզաննա Ջամբազյանը, Թովմաս Կարապետյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից՝ Արմինե Գրիգորյանը, Ծովինար Ամիրյանը, Արման Գրիգորյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից Արուսյակ Կոստանյանը:

Հավելենք, որ գրքի վաճառքից գոյացած հասույթը կուղղվի բարեգործական ծրագրերի: Մարինե Ալեսը նշեց, որ գիրքը ծնվել է օրորոցայիններից, որոնք պատրաստվում էր հավաքել մեկ ժողովածուում, հետո սկսվել է պատերազմը, ապա քովիդը, ու աշխատանքը կանգ է առել, որովհետեւ ինչպես ինքն է ասում՝ երգերի ժամանակը չէր: Պատերազմից հետո, սակայն, որոշել է անպայման բարեգործական համերգ իրականացնել. «Երբ պատերազմն ավարտվեց, ես հասկացա, որ ամեն մեկս պետք է անի այն, ինչ կարող է, ոչ թե թեւաթափ ու հուսահատ նստի: Որոշեցինք, որ ժողովածուն պետք է խելքի բերենք, համերգ կազմակերպենք զոհված հերոսների ծնողների համար, ամբողջ հասույթը ուղղենք տղաների ընտանիքներին»:

Քովիդի պատճառով համերգը հետաձգվել էր, համերգի ձեւաչափը փոխվել, սակայն նպատակը նույնն է մնացել: «Ինձ համար կարեւոր է, որ այս ժողովածուն արդեն կա նաեւ Արցախում, Տավուշում, որտեղ տաղանդաշատ երգիչներ կան: Ես մեծ հաճույքով կգնամ, ու կկազմակերպմեմ համերգներ, որոնք կրկին  կարող են բարեգործական նպատակի ծառայել, բայց իրենց մասնակցությամբ»,-ասաց Մարինե Ալեսը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Gohar says:

    Շնորհակալությոն հարգելի Մարինե Ալես։ Ձեր հրաշալի բանաստեղծությունից ծնված այս երգի համար։ Առջեվում թող ծնվեն շատ ավելի լավերը։ Սիրում եմ Ձեր քնարը։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930