Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր` «Արցախը Հայաստան է և վերջ», այն ժամանակ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի մասին ձայն չհանեց. Արման Մելիքյան

Նոյեմբեր 13,2022 16:25

«Այս կարգի ելույթները դրանց հեղինակին պատիվ չեն բերում նախ հենց միայն այն պատճառով, որ ընդամենը երկու-երեք տարի առաջ անձամբ ինքը հրապարակավ հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ» ու այն ժամանակ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովի մասին ձայն չհանեց: Միայն սրա հիման վրա մարդիկ կարող են ասել, որ նա կամ կոմպետենտ չէ, կամ անսկզբունք, քանի որ սեփական փաստարկային պաշարը հարմարեցում է ընթացիկ պահին անձամբ իր համար նախընտրելի քայլերը արդարացնելու համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը` անդրադառնալով օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ Հայաստանի Հանրապետությունը դեռ 2007 թվականին Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս:

Այդուհանդերձ, Արման Մելիքյանը կարևոր է համարում հիշել, որ ՄԱԿ-ի ԱԽ 1993 թվականի չորս որոշումներն էլ որպես հակամարտության կողմ դիտարկել են պաշտոնական Բաքուն և Ստեփանակերտը, բայց ոչ Երևանը. «Այսինքն՝ կար հակամարտության պաշտոնապես ճանաչված երկու կողմ, և Հայաստանը դրանց թվում չէր: 1994 թվականի Բուդապեշտի գագաթաժողովը արդեն հակամարտության երեք կողմ էր ճանաչել՝ Հայաստանը ներառյալ: Ավելի ուշ, հակամարտության կողմերը կրկին երկուսը եղան, բայց այս անգամ դրանք Ադրբեջանն ու Հայաստանն էին: Վերջին ձևաչափի գործարկումը Հայաստանն ագրեսոր պետություն ճանաչելու համար անհրաժեշտ իրավաքաղաքական նախադրյալները ստեղծեց, սակայն ՀՀ իշխանությունները երբևէ Արցախն Ադրբեջանի մաս պաշտոնապես չեն ճանաչել: Անգամ Մադրիդյան սկզբունքները, որպես բանակցային հիմք, ընդունելով ՀՀ իշխանությունները չեն ընդունել Արցախի ադրբեջանապատկան լինելը, թեև անուղղակիորեն ընդունել են ՀՀ կողմից ագրեսիայի փաստը, ինչը և հիմնավորեց Բաքվի կողմից ուժի կիրառումը 2020-ի սեպտեմբերին: Բայց թողնենք հանգիստ բոլոր նախկիններին, իրենց գործած սխալներով, և վերադառնանք վարչապետ Փաշինյանին: Վերջինս կարող էր զրոյացնել նախկին պայմանավորվածությունները բանակցային օրակարգի վերաբերյալ ու վերադառնար զրոյական կետին, առավել ևս, որ նախադեպ եղել է՝ ադրբեջանական կողմը նախկինում այդպես էր վարվել Քի Վեսթից հետո: Մանավանդ, որ բազմիցս հրապարակավ ասվել է, որ իրապես խնդրի արդար ու իրավաչափ կարգավորում նախատեսող ծրագիր կարող է առաջարկվել»:

Ինչևէ, ըստ Արման Մելիքյանի, երբ այսօր Փաշինյանն ասում է, որ իր նախորդներն են Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել, իսկ միջազգային հանրությունն էլ Արցախի անկախության գաղափարը չի ընկալում, ապա այս կերպ էլ նա, հավանաբար, փորձում է հանրությանը նախապատրաստել իր կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու պաշտոնական ակտին. «Ով գիտե, թե ինչպես կզարգանային իրադարձությունները, եթե 1991 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հանրաքվեն նաև Արցախում անցկացվեր, բայց դա արդեն բաց թողնված հնարավորություն է: Իսկ ինչ վերաբերվում է միջազգային հանրությանն, ապա տեսանելի է, որ դրա մոտեցումները փոփոխական են ու շահում է այն կողմը, որն այդ մոտեցումներն իր շահերին համապատասխանեցնելու ուղղությամբ առավել ակտիվ է աշխատում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930