Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյանը խնդրել է իր առողջական վիճակի համար անհանգստացող անձանց իր անունից փոխանցել, որ իր մոտ ամեն ինչ կարգին է․ ՀՀ ՄԻՊ

Նոյեմբեր 13,2022 16:08

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը

Ի պատասխան տարբեր հրապարակումներով հնչեցվող մտահոգությունների՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Պաշտպանի հանձնարարությամբ իր ներկայացուցիչները դեռևս 10.11.2022թ.-ին այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Վարուժան Ավետիսյանին։

Վերջինս Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացրել է առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ, նշել նաև, որ բուժման համար անհրաժեշտ հետազոտությունները հնարավոր է իրականացնել արտերկրում՝ Գերմանիայում։

Վ. Ավետիսյանը հայտնել է, որ նախկինում՝ 2014 թվականին և 2021 թվականի հունվար և ապրիլ ամիսներին, հիվանդության հետ կապված ունեցել է կրիզներ, որից հետո տևական ժամանակ վերականգնվել է: Ըստ Վ. Ավետիսյանի՝ իր մոտ առկա հիվանդությունը Հայաստանում ախտորոշել հնարավոր չի եղել: Իր հետազոտությունների արդյունքները նորմայի սահմաններում են, սակայն ինքն իրեն վատ է զգում (առողջական վիճակի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը չի ներկայացվում բժշկական գաղտնիք պարունակելու և դրանք հրապարակելու վերաբերյալ Վ. Ավետիսյանի համաձայնության բացակայության պատճառով)։

Վ. Ավետիսյանը Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է նաև, որ իր ախտորոշումների համապատասխանությունը ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 6-ի N 825-Ն որոշմամբ սահմանված պատժի կրելուն խոչընդոտող հիվանդությունների կողմնորոշիչ ցանկի հետ որոշելու հարցի հետ կապված ներկայացված դիմումը գտնվում է միջգերատեսչական հանձնաժողովի քննարկման տիրույթում։

Միևնույն ժամանակ, այցի պահին Վ. Ավետիսյանը Պաշտպանի ներկայացուցիչներին չի ներկայացրել որևէ գանգատ կամ բողոք, այդ թվում՝ առողջական վիճակի, ՔԿՀ-ում ոչ պատշաճ բժշկական սպասարկման կամ այլ հարցերի վերաբերյալ։ Վ. Ավետիսյանը հավելել է, որ ներկայում Պաշտպանի աշխատակազմի միջամտության և աջակցության անհրաժեշտությունը չկա, և խնդրել է նաև իր առողջական վիճակի համար անհանգստացող անձանց իր անունից փոխանցել, որ իր մոտ ամեն ինչ կարգին է: Պաշտպանի ներկայացուցիչները Վ. Ավետիսյանին առաջարկել են խնդիրներ առաջանալու դեպքում դիմել Պաշտպանին:

Այդուհանդերձ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այս օրերին մշտական կապի մեջ են ՔԿՀ աշխատակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Նուբարաշեն ստորաբաժանման բժշկական անձնակազմի ներկայացուցիչների հետ և ամենօրյա պարբերականությամբ քննարկել են Վ. Ավետիսյանի առողջական վիճակին առնչվող հարցերը։ Նույն տրամաբանությամբ, այսօր և երեկ ևս ՄԻՊ ներկայացուցիչները կապ են հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Նուբարաշեն ստորաբաժանման բժշկական անձնակազմի ներկայացուցիչների հետ Վ. Ավետիսյանի առոջական վիճակի վերաբերյալ, վերջիններս հայտնել են, որ իրականացվել է ընդունելություն, առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել, հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմաններում:

Մարդու իրավունքների պաշտպանը հաջորդիվ ևս իր ուշադրության կենտրոնում է պահելու Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակին, պատշաճ բուժօգնության տրամադրմանը և այլ իրավունքների իրացման հարցերը:

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930