Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Գեղանիստ բնակավայրի միջնակարգ դպրոցի երկհարկանի շենքը ծայրահեղ վատ վիճակում է. կտուրը կաթկթում է, երբեմն հարկադրված են միջանցքներում դույլեր տեղադրել:
Պատերը բորբոսնած են, սպորտային դահլիճ մտնել չի լինում. հատակը փտած է, առաստաղն ամեն վայրկյան փլուզման վտանգի տակ է, ձմռան ամիսներին ֆիզկուլտուրայի դասերը ստիպված են անցկացնել դասասենյակներում։
Դպրոցը չունի լաբորատորիաներ, ինչի պատճառով ուսուցիչները գործնական, փորձարարական աշխատանքների փոխարեն ստիպված են դպրոցում առկա լրացուցիչ պարագաներով (քարտեզ, պաստառ, ցուցասարք և այլն) և համակարգչային ծրագրերի միջոցով ցուցադրություններ կազմակերպել:
Դպրոցի շենքը կառուցվել է 1983-85 թթ.-ին, երկրաշարժին վնասվել է, սակայն 1989-90-ական թթ. վերանորոգվել է, կարողացել են վերացնել աղետի հետևանքները:
Դպրոցի շենքի մի հատվածն էլ 2006 թվականին է վերանորոգվել, սակայն դեռ կիսատ մնացած գործեր կան:
Դպրոցի տնօրեն Արտյոմ Ալեքսանյանի փաստմամբ, տարբեր խնդիրների պատճառով շինաշխատանքները դադարեցվել են։
2014 թ.-ին էլ ուժեղ քամու հետևանքով վնասվել է դպրոցի կտուրի մի մասը, մյուս մասն էլ՝ տեղացած անձրևների ու ձյան պատճառով։
Դպրոցի տնօրեն Արտյոմ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով դպրոցի շենքային պայմաններին` ասաց․ «Մենք սովորել ենք էքստրեմալ պայմաններում դասեր անցկացնել. ինչպես կատակում են մեր աշակերտները՝ դասարանից դասարան գնալու համար նավակներ են պետք»։
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այս պահին դպրոցի բյուջեի հաշվին իրականացվում է ծայրահեղ անհրաժեշտ հատվածների, այդ թվում՝ 1-ին հարկի պատերի և միջնապատերի կոսմետիկ վերանորոգում։
Դասասենյակները, ըստ նրա, տաքացնում են էլեկտրական ջեռուցիչների միջոցով։
«Միջանցքները, դահլիճը, սանհանգույցները հնարավոր չէ ապահովել ջեռուցմամբ, տաք են միայն դասասենյակները»,-֊ նշեց տնօրենը:
Նա նաև տեղեկացրեց, որ Գեղանիստի դպրոցը՝ որպես հիմնանորոգման ենթակա կառույց, ներառված է 2021-2026 թթ. հնգամյա միջնաժամկետ ծախսային ծրագրում:
Ըստ Արտյոմ Ալեքսանյանի, կա պայմանավորվածություն Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ առ այն, որ նա համապատասխան մասնագետների հետ այցելելու է դպրոց՝ խնդիրը քննարկելու և կառավարություն ներկայացնելու համար:
Դպրոցի տնօրեն Արտյոմ Ալեքսանյանից նաև տեղեկացանք, որ չնայած ստեղծված շենքային ծանր պայմաններին՝ այս տարի աշակերտների թվի աճ է գրանցվել։ Այս պահին դպրոցն ունի 185 աշակերտ, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մեկ աշակերտ։
«Դպրոցը ներառական աշակերտի համար լիարժեք կրթական պայմաններ չունի։ Չունենք նաև հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի հաստիքներով ուսուցիչներ, համագործակցում ենք Արթիկի տարածքային մանկավարժական աջակցության կենտրոնի հետ, որտեղից էլ համապատասխան օրերին գալիս և աշխատում են մասնագետները։ Հնարավորությունների չափով ձեռք են բերվել ուսումնադիդակտիկ նյութեր։ Աշխատանքները նորմալ ընթանում են»,- նշեց տնօրենը։
Նշենք, որ 44-օրյա պատերազմում անմահացան դպրոցի երկու նախկին աշակերտները՝ Արտաշես Խալաթյանն ու Նարեկ Գոքորյանը։ Դպրոցի այս երկու սաների և Արցախյան պատերազմում նահատակված մյուս գեղանիստցի զինվորների պատվին դպրոցի միջոցներով հուշահամալիրի տարածքում ստեղծվել է 44 մրգատու ծառերից կազմված անվանական պուրակ:
Հասմիկ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Շիրակի պետական համալսարանի լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի