Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ մանրամասներ՝ Պեմզաշենում գործված  ոճիրից

Նոյեմբեր 13,2022 13:55

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում իրենց իսկ տան մեջ 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի  ու նրա երկու անչափահաս զավակների՝ 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության կասկածանքով կան երկու ձերբակալվածներ։ Նրանք հորեղբոր որդիներ չեն, այլ նրանց միջև հեռավոր ազգակցական կապ կա։

Կասկածյալներից մեկը, ըստ ոստիկանության պաշտոնական տվյալների, 32-ամյա տղամարդ է։

Մեր տեղեկություններով, նա 3  երեխաների հայր է, երկրորդ ձերբակալվածի՝ Ա․Բ․-ի մասին դեռ պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել, թեև համացանցում արդեն իսկ տարածել են նրա լուսանկարները։ Մեր տեղեկություններով, նա 40-ն անց տղամարդ է, նա ևս ընտանիք ու երեխաներ ունի։

Ոստիկանության մեր աղբյուրների տեղեկացմամբ, երկու ձերբակալված անձանց ընտանիքներին էլ գյուղից դուրս են հանել՝ արյունահեղությունը կանխելու համար։

Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի փոխանցմամբ էլ, Պեմզաշենում իրավիճակն այս պահին վերահսկելի է։

Թե ո՞րն է եղել ոճիրի շարժառիթը, իրո՞ք այս անձինք են հանցագործություն կատարողը, ցույց կտա նախաքննությունը, հետագայում կհաստատի կամ կհերքի դատարանը՝ պատժի ենթարկելով կամ արդարացնելով։

Նախնական տեղեկատվությամբ, կասկածյալները թմրանյութի կամ խմիչքի ազդեցության տակ չեն եղել, եղել են սթափ վիճակում։

Վերջիններս, ըստ տվյալների, մինչ այս որևէ հանցագործության մեջ ներգրավված չեն եղել։ Այս հանգամանքը ևս խորը մտորելու տեղիք է տալիս պեմզաշենցիներին՝ նոր, անհասկանալի հարցեր առաջացնում, այդ դեպքում ո՞րն էր նման վայրագություն կատարելու դրդապատճառը։

Նախնական տեղեկությամբ, փողի ակնկալիք են ունեցել, այդ դեպքում հարց է առաջանում․ ինչո՞ւ տան ոսկեղենը չեն տարել, ենթադրելի է, որ ոսկեղենի գողությամբ շատ ավելի հեշտ էր բռնվելը, այն պիտի վաճառեին ու հետքն ավելի շուտ պիտի հայտնաբերվեր։

Տարածվեց նաև տեղեկատվություն մանկապղծության մասին։ Այս մասին բարձրաձայնեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ իր ֆեյսբուքյան էջում նշելով, որ կա տեղեկություն, թե 12-ամյա աղջկա հանդեպ էլ սեռական բռնություն է տեղի ունեցել։

Այս հարցի պատասխանը միանշանակ տալու է դատաբժշկական փորձաքննությունը, սակայն իրավապահները ԱԺ նախկին պատգամավորի տեղեկությունը չեն հերքում։

Նաիրա Զոհրաբյանը շարունակում է իր առաջարկը՝ վերականգնել մահապատիժը։

Նա գրում է․ «Հիմա շատ պարզ մի հարց կա՝ կա՛մ էս հարցը վենդետայով պիտի լուծվի՝ արյուն-արյան դիմաց, կա՛մ գործող Քրեական օրենսգրքով առավելագույն՝ ցմահ ազատազրկումը նման ոճիրի արդար հատուցում չի լինելու։

Առաջարկս, որ պարբերաբար անում եմ, ուժի մեջ է՝ ահա էսպիսի դեպքերի, մանկապղծության ու մի քանի այլ առավել դաժան հանցագործությունների համար վերականգնել մահապատիժը։

Ժամանակին օրենսդրական նախաձեռնություն էի պատրաստել՝ մանկապիղծներին գոնե քիմիական կաստրացիայի ենթարկելու համար, ինչը անգամ չհասավ հանձնաժողովում քննարկման փուլ։

Պատժի թիվ մեկ չափորոշիչը պիտի լինի արդարությունը»։

Ինչևէ, այս ոճիրը տարբեր հարցեր է առաջացնում՝ եթե մուտք էին գործել այդ տուն՝ փողի պահանջով, ապա ինչո՞ւ են առանց դիմակի ներխուժել, ինչո՞ւ են նման սահմռկեցուցիչ քայլ կատարել՝ զբաղվել մանկապղծությամբ, ինչո՞ւ այդ երկու կասկածյալները մինչ այս քրեական պատմությամբ աչքի չեն ընկել, թեև կասկածյալներից մեկի դեպքում կան պնդումներ, որ հոգեկան առողջության խնդիրներ ունի։

Հասկանալի է, որ այս հարցերին հապշտապ պատասխանելն անհնար է, դեռ պարզում են հանցագործություն կատարած անձանց շրջանակը, դրդապատճառները։

Մեզ հասնող տեղեկատվությունը խիստ նախնական է, դեռ փորձաքննություններ են կատարվելու, այդուհանդերձ սա այն դեպքն է, երբ հասարակությունն անհամբեր է, պարբերաբար տեղեկատվություն է պահանջում, ամեն վայրկյան ինչ-որ բան ճշտելու խնդրանքով լրագրողներին դիմում, նույնիսկ դեռ մեղադրանքը չհաստատված՝ կասկածյալների լուսանկարներն են տարածում՝ Լինչի դատաստան պահանջելով։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930