Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի գործընկերը չէ, այլ հաճախորդն է». Վարչապետի նախկին խորհրդական

Նոյեմբեր 13,2022 10:13
arsen gasparyan

Վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը երեկ լրագրողների հետ զրույցում հարցին՝ ՀՀ վարչապետն ասում էր, որ խաղաղության օրակարգով պետք է ՀՀ-ն ընթանա՝ չնայած Ալիեւի սպառնալիքներին, նախկինում է՞լ ինքը ուներ այդ համոզմունքները, հավատ՞ւմ էր, որ Ադրբեջանի հետ կարելի է խաղաղության գնալ, թե՞ հայտնվել է անելանելի վիճակում՝ պատասխանեց. «Ես չեմ տեսնում, որ բանակցային գործընթացն արդյունավետ է: Երբ երկու պետությունների ղեկավարները՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ ԱԳ նախարարները մեկնում են Մոսկվա, հայտարարություններ են ընդունում, մեկնում են Բրյուսել՝ ԵՄ կառույցների հետ հանդիպելու, հետո մեկնում են Վաշինգտոն, հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական վիճակը եւ այս բոլոր միջնորդների միջեւ հակասությունները, նկատի ունեմ՝ Ուկրաինայում, որտեղ պատերազմ է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի միջեւ, այս բոլոր հակասությունները հաշվի առնելով՝ երեք միջնորդները՝ ՌԴ, ԵՄ, ԱՄՆ, չի կարող այս գործընթացն արդյունավետ  լինի: Ես հասկանում եմ, որ կողմերը մեկնում են, որ լսեն, թե ինչ կառաջարկի ԵՄ-ն, ՌԴ-ն, Վաշինգտոնը, որ ընտրեն կարգավորման իրենց համար ամենաշահավետ սկզբունքները, բայց այս վիճակը  հաշվի առնելով, նաեւ՝ ռուս խաղաղապահների գործոնը, որոնք այսօր ապահովում են Արցախի հայության անվտանգությունը, ես կարծում եմ՝ այս գործընթացը չի կարող արդյունավետ լինել: Երբ այն ժամանակ կար Մինսկի խումբը եւ համանախագահները ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ ՌԴ-ն էին, շատ հակասություններ կային, բայց նաեւ այս միջնորդների շահերն էին, ամեն մեկը փորձում էր իր շահը առաջ տանել: Կարգավորման խոչընդոտներից կարող էր համարվել դա, եւ եթե այն ժամանակ այս երեք պետությունները, լինելով համանախագահ, միասին էին հանդես գալիս, հիմա այս աշխարհաքաղաքական վիճակում, հաշվի առնելով բոլոր հակասությունները ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջեւ, ես չեմ կարծում, որ այս գործընթացը կարող է արդյունավետ լինել: Մյուս կողմից, երբ ես տեսնում եմ, թե ոնց են կողմերի ԱԳ նախարարները կամ ղեկավարները մեկնում Բրյուսել, Մոսկվա, կամ Վաշինգտոն, դա բացարձակապես դրական տպավորություն չի կարող թողնել: Այդ խաղաղության օրակարգը չի կարող որեւէ դրական արդյունք տալ՝ հաշվի առնելով այս ամենը»:

Գասպարյանը նաեւ հայտարարեց. «Այսօրվա Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի գործընկերը չէ: Ես չօգտագործեցի դաշնակից բառը: Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի գործընկերը չէ, այլ հաճախորդն է: Միջազգային հարաբերություններում տարբերություն կա գործընկերոջ եւ հաճախորդի միջեւ: Երբ որ մի պետություն՝ փոքր, դառնում է մեկ այլ պետության հաճախորդը, այստեղ այս հարաբերություների մեջ գոյություն ունի հիերարխիա եւ ինչ-որ շահեր, որ կարող է սպասարկել մեծ պետության: Վստահաբար, այսօրվա ղեկավարությունը Կրեմլի գործընկերը չէ, այլ հաճախորդն է, եւ սա լուրջ խնդիր է ՌԴ-ի հետ հարաբերություններում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930