Ես կուզեի, որ լինեիր դու թագուհի,
Իսկ ես` ծառա մի հասարակ:
Գաղտագողի մոտդ գայի,
Ու մահս գար ոտքերիդ տակ:
Կարդացեք նաև
Ես կուզեի, որ լինեիր դու ուռենի,
Իսկ ես քամի մեղմիկ ու տաք,
Ճյուղերիդ հետ լուռ խաղայի
Ու դառնայի գիժ, խեղկատակ:
Կուզեի, որ դու լինեիր կարմիր խնձոր,
Իսկ ես՝ տերև չոր, բայց կանաչ:
Թռչկոտեի ամբողջ օրը դաշտ, սար ու ձոր,
Մոտդ գայի գիշերը մութ ու անճանաչ:
Ես կուզեի դեղին ծաղիկ դու լինեիր,
Իսկ ես մեղու գիժ ու խանդոտ:
Քո նեկտարից մեղրափոշի հավաքեի
Ու թռչեի դեպի փեթակն իմ արևոտ:
Ես կուզեի ծով լինեիր դու կապուտակ,
Իսկ ես գետակ գահավիժող ժայռերից ցած:
Հանդիպեինք կանաչուտում, արևի տակ,
Համբուրվեինք լուռ կարոտով՝ իրար գրկած:
Ես կուզեի, որ լինեիր վառ արեգակ,
Իսկ ես լուսին սառն, անտարբեր:
Օրը մթներ, ես փայլեի, բայց անկրակ,
Դու տխրեիր, որ քիչ կրակ ես ինձ տվել:
Ես կուզեի, որ լինեիր վայրի եղնիկ,
Իսկ ես որսորդ անհրացան,
Որսայի քեզ հանդարտ, մեղմիկ,
Տուն տանեի մեր հանգրվան:
Ես կուզեի, որ լինեիր իմ սիրտը դու
Բաբախեիր իմ կրծքի տակ զօր ու գիշեր
Ու երբ հասներ պահը կյանքից հեռանալու,
Մենք միասին կլքեինք աշխարհը մեր:
Բայց, թե ավաղ, մենք չենք լինի ոչ այս, ոչ այն,
Ինձնից վաղուց հեռացել ես, թողել մենակ,
Իսկ ես այսօր ճանապարհն եմ բռնել ունայն,
Որ հանդիպենք արդեն շուտով, մայր հողի տակ:
ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ