Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվեցին համայնքների խոշորացման գործընթացի դրական և բացասական ազդեցությունները

Նոյեմբեր 12,2022 23:02

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Լոռու մարզպետարանում «Կոմպաս» հետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ն ներկայացրեց Թումանյան եւ Ամասիա համայնքների խոշորացման գործընթացի սոցիալ-ժողովրդագրական եւ ֆինանսատնտեսական վերլուծության արդյունքները:

Մոնիթորինգն իրականացվել է Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքում, որի կազմի մեջ այսօր արդեն ընդգրկված է 9 բնակավայր եւ Շիրակի մարզի Ամասիա համայնքում, որի կազմի մեջ ընդգրկված է 16 բնակավայր: Քանի որ պիլոտային ծրագրով առաջին խոշորացված համայնքները հենց Թումանյանն ու Ամասիան են, եւ, բացի դա, այսօր Լոռին եւ Շիրակը համարվում են տնտեսապես ավելի ցածր մակարդակի վրա գտնվող մարզեր, այդ իսկ պատճառով, հետազոտության համար հենց այս մարզերն էին ընտրվել:

Մոնիթորինգի արդյունքում պարզ է դարձել, որ բնակչության թիվն այս համայնքներում նվազել է: Ներկայացվեց 1988-2021թթ․ վիճակագրությունը, ըստ որի 1988թ․ Թումանյան խոշորացված համայնքի կազմում գտնվող բնակավայրերում բնակչության թիվը եղել է 5145, իսկ 2021-ին՝ 4127։ Ամասիայում՝ 1988-ին եղել է 11494, իսկ 2021թ․-ին 5662։ Ժողովրդագրագետ, հետազոտող Արտաշես Բոյաջյանն ասում է, որ Ամասիայում բնակչության թվի ավելի կտրուկ անկումը պայմանավորված է նրանով, որ այս համայնքներում նախկինում ապրել են թուրքալեզու ժողովուրդներ, որոնք հետագայում հեռացել են այդ բնակավայրերից։ Նա հավելեց նաև, որ բնակչության թվի անկումը պայմանավորված չի համայնքների խոշորացմամբ, այստեղ իր  ազդեցությունն է ունեցել նաեւ արտագաղթը, ներքին միգրացիան, վերջին տարիներին նաեւ պատերազմն ու քովիդը:

Հանդիպման ընթացքում նշվեց, որ Ամասիայի տարածաշրջանում գյուղացիները հետազոտության ընթացքում որպես լուրջ խնդիր բարձրաձայնել են ոռոգման ջրի պակասը, որն էլ խանգարում է այս գյուղական համայնքներում հողագործությունը զարգացնելուն։ «Նրանք հիմնականում այն բնակիչներն են, որոնք քաղաքային համայնքներից տեղափոխվել են Ամասիայի գյուղական համայնքներ եւ նրանց մոտ, կարելի է ասել, գյուղատնտեսությամբ զբաղվելու ցանկությունն այնքան էլ մեծ չէ: Այսօր լուրջ սուբվենցիոն ծրագրեր են նախատեսված ոռոգման ջրի խնդիրը կարգավորելու։ Մենք ջրային ռեսուրսների խնդիր չունենք, ոռոգման ցանցն է հին, դեռևս 70-ական թվականների, բայց արդեն կառավարության ուշադրության կենտրոնում է այս հարցը»,- պարզաբանեց Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը:

Ներկա բոլոր կողմերն այն կարծիքին էին, որ քաղաքացիները պասիվ մասնակցություն ունեն համայնքներում կատարվող գործընթացներին: Հիմնականում թերահավատորեն են վերաբերվում. «Պետք է բնակչությանը բացատրել հատկապես հարկային պարտավորությունների մասին․ այն, որ հենց այդ հարկերի շնորհիվ են համայնքներում խնդիրներ լուծվում, սակայն քաղաքացին սա չի պատկերացնում»,- ասաց ՀՀ ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը ողջունեց նման ձեւաչափով հանդիպում- քննարկման կազմակեպումը եւ Թումանյան, Ամասիա խոշորացված համայնքների խոշորացման գործընթացի սոցիալ-ժողովրդագրական եւ ֆինանսատնտեսական վերլուծությունը:

Կատարված վերլուծության մեջ տեղ գտած մի շարք խնդիրների մասով՝ մասնավորապես ենթակառուցվածքների բարելավման, ջրագծերի, ոռոգման համակարգերի, ճանապարհաշինական ծրագրերի, փոխմարզպետը նշեց. «2019 թվականից մեկնարկած սուբվենցիոն ծրագրերով, որոնք իրականացվում են պետություն-համայնք համատեղ ներդրմամբ, մեծ ուշադրություն է դարձվում ենթակառուցվածքների բարելավմանը, մասնավորապես՝ ջրագծերի, ոռոգման համակարգերի բարելավմանը՝ հավելելով, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում դրանք ամբողջությամբ լուծված կլինեն»,- ասաց Ավետիսյանն ու հանրային լսումներին մասնակցելու առումով նաեւ կարեւորեց մասնակցային կառավարման դերի բարձրացումը՝ նշելով, որ բնակչության պասիվության մեջ առկա են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ:

Հանդիպման ավարտին «Կոմպաս» հետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ն հենվելով իրենց կողմից իրականացված հետազոտությունների արդյունքների վրա, ներկայացրեց առաջարկություններ, որոնք Կարեն Գիլոյանը խոստացավ մանրամասն ուսումնասիրել և ներկայացնել համապատասխան մարմինների քննարկմանը։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930