ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով է հանդես եկել՝ մասնավորապես նշելով․
Ասա, ով է վարչապետդ, ասեմ, ով ես դու։
Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում պնդում էր, թե Արցախը Ադրբեջանի կազմում Հայաստանը ճանաչել է դեռևս 2007-ին:
Սա անբարո սուտ թեզ է:
Կարդացեք նաև
Ապացույցներ.
1. Մադրիդյան կոչվող սկզբունքները (2007 թ. նոյեմբեր) իրենց մեջ պարունակում են 3 հիմնական սկզբունք՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք:
Այսինքն՝ 2007-ի փաստաթղթի մեջ, որով Նիկոլը փորձում է արդարացնել իր դավաճանությունները, գրված և միջազգային միջնորդական խմբի կողմից արձանագրված սկզբունք է ՝ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք:
2. «Մայնդորֆյան հռչակագրով», որը ստորագրվել է 2008-ին ՝ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Մեդվեդևի կողմից, Ադրբեջանը համաձայնել է, որ «Մադրիդյան սկզբունքները» հիմք են հանդիսանալու կոնֆլիկտի կարգավորման համար:
3. 2009-2013 թթ. Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները 5 անգամ ընդունել են համատեղ հայտարարություն, որոնցով բացահայտել են Արցախյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները և տարրերը:
Դրանք հիմնված են եղել 2007 թ.-ի «Մադրիդյան սկզբունքների» վրա, բայց առավել բանակցված, առավել պրոհայկական ձևակերպումներ պարունակող:
4. 2011 թ. հունիսին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից առաջարկված փաստաթուղթը, որը մերժեց Իլհամ Ալիևը, ապացույց է, ապտակ է Նիկոլի ստին, թե 2007-ից Հայաստանը Արցախը տվել էր Ադրբեջանին:
5. 2016-ի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն հայտարարում էր, որ աշխարհը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը:
6. 2017-ի նոյեմբերին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրում են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՍԵՊԱ), որտեղ ներառված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես Արցախի խնդրի կարգավորման սկզբունքներից մեկը:
7. 2019-ին Նիկոլ Փաշինյանն ընդունում է Արայիկ Հարությունյանի կուսակցության պատվիրակությանը և խոստովանում, որ Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաևը իրեն ասում են՝ Ալիևը շատ լավ հասկանում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու:
(Ձայնագրությունը ՝ այստեղ)։
8. 2020-ի հունվարին Կապանում Նիկոլ Փաշինյանն ինքն է կարդում Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը՝ Արցախը պետք է ունենար ոչնչով չսահմանափակված, պարտադիր ուժ ունեցող հանրաքվեի հնարավորություն՝ միջանկյալ կարգավիճակով:
9. Անգամ պատերազմից հետո 2020-ի ձմռանը ՌԴ ԱԳՆ-ն ռուս նախկին համանախագահ Իգոր Պոպովի շուրթերով ներկայացնում է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի բովանդակությունը ՝ Արցախի միջանկյալ կարգավիճակ, վերջնական կարգավիճակ, հանրաքվե և այլն:
Սա մինչ այն պահը, երբ 2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն:
10. Ֆրանսիայի սենատը 2020-ի նոյեմբերին պատերազմից հետո ընդունել է բանաձև՝ կոչով դիմելով Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը:
11. 2020-ի նոյեմբերին ԵՄ ԱԳ նախարար Բորելը ԵՄ պաշտոնական տեսակետ է հայտնում ՝ ԼՂ խնդիրը կարգավորված չէ, և Արցախի կարգավիճակի հարցը պետք է լինի բանակցությունների փաթեթում:
12. Մինչ 2021-ի ապրիլի խայտառակ խորհրդարանական ընտրությունները, ՄԽ համանախագահ երկրները պաշտոնական տեսակետներում հայտնում էին, որ Արցախյան խնդիրը կարգավորված չի, չունի ռազմական լուծում և պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:
13. 2022-ի մայիսի 19-ին ԱՄՆ դեսպանը Հայաստանում (անգամ պատերազմից և խորհրդարանական ընտրություններից հետո), տրված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ն ճանաչում է ԼՂ բնակչության իրավունքը ՝ որոշելու սեփական ապագան:
Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ 1993-ի ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը մոռացել ենք:
Էդմոն Մարուքյան, երբ ասում ես ընդդիմությունն ադրբեջանական թեզեր է տարածում, տղա ես, ասա Նիկոլն ինչ է, որ հայր և որդի Ալիևների փաստարկները բերում է հայկական քաղաքական լրատվական դաշտ ու դարձնում պետական դիրքորոշում:
Մինչ Նիկոլի իշխանազավթումը ՝ հպարտանում էինք, որ աշխարհի աչքերում հետսովետական կոնֆլիկտները մի կողմում են, Արցախը ՝ մյուս կողմում:
2008-ին ՄԽ համանախագահ երկրները՝ ՌԴ, Ամերիկա, Ֆրանսիա, չեն քննարկել ՄԱԿ-ով, որին հղում է անում Նիկոլ Փաշինյանը, ադրբեջանական մազութածին թղթի օգտին:
Եթե 93-ի բանաձևերը այդքան ճակատագրական և լուրջ թղթեր էին, ինչո՞ւ Հայաստանը ագրեսոր չճանաչվեց, ինչո՞ւ սանկցիաներ չկիրառվեցին:
Եթե այդ բանաձևերը, որոնք ադրբեջանական իշխանության երազախաբությունն էին մինչ Նիկոլ Փաշինյանը, ինչո՞ւ ՄԽ համանախագահ երկրների հայտարարությունների մեջ հղում չկար՝ որպես կարգավորման թուղթ:
Նիկոլ Փաշինյանը իրականություն դարձրեց ադրբեջանցիների աշխարհաքաղաքական երազանքները:
Նրան թվում է՝ Էրդողանի հետ հանդիպումը, շփումները դրական համարելով, Էրդողանին գովալով, դառնալու է նրա «յոլդաշը»:
Ի՞նչն էր դրական, գուցե Էրդողանի կնոջ հայտարարությո՞ւնը, որ հայ ռազմագերիներին պահեք առևտրի համար:
Սեփական կուսակցությունում ընտրությունները կեղծած մարդիկ հայտարարում են՝ ընտրություն չեն կեղծում:
Նիկոլն այս պահին ունի աշխարհաքաղաքական պատուհան, այդ պատճառով նորից վերաբացվել է իմ գործը, բայց սխալ տեղերից է «բռնել» և սխալ մարդկանց:
Նիկոլ, եթե մեր օրենսդրությունը հարգող տղա ես, 1992-ի Գերագույն Խորհրդի ոչ թե Ալմաթայի, այլ ՝ այն որոշումը Պրահայի հռչակագրի մեջ մտցնեիր, որով ՀՀ-ն չի ճանաչելու որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամրագրված չի:
Ալմաթայի հռչակագիրը վավերացված է վերապահումներով:
(Տես նաև՝ https://www.facebook.com/hermineavetissian/videos/644157143873504/?idorvanity=193192050750652)
Հայաստանը համաձայնել էր նոր հանրաքվեի, իսկ Ադրբեջանը ՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքին:
Արցախի անկախության առաջին հանրաքվեն կատարեց իր առաքելությունը, բայց այդ հանրաքվեի ժամանակ միջազգային դիտորդներ չկային:
ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ Նիկոլը էժան սուտ հայտարարություն արեց՝ դիտորդները հրադադարի պահպանման մեխանիզմներ չեն իրականացնում, նրանց առաքելությունն ավելի խորն է:
ԵՄ պաշտոնական կայքում բառացի նշված է՝ ԵՄ մոնիտորինգային առաքելությունը պետք է իրականացնի 2 կարևորագույն խնդիր.
1. հրադադարի պահպանման մեխանիզմների մշտադիտարկում,
2. հաշվետվություն:
Նիկոլ Փաշինյանի համար առավել կարևոր է իր աթոռի պահպանումը, քան ՝ Արցախը: