«Մենք հիմա կանգնել ենք մի իրողության առջեւ, որտեղ կարծես թե հնարավորությունների պատուհանները փակվում են: Ալիեւը երբեք պատահական ելույթներ չի ունենում, ավելորդ ագրեսիա թույլ չի տալիս, եթե դրա համար միջազգային աջակցություն, կամ համապատասխան քաղաքական կարողություններ գետնի վրա կուտակած չի լինում: Կարծում եմ, որ Շուշիում վերջին հայտարարությունները տագնապեցնող են ու մեր արձագանքը ցույց է տալիս իրավիճակի նկատմամբ բավական անհուսալի եւ անկարող դրությունը, ինչը, կարծում եմ, մեր գործողությունների, մեր վարքագծի հետեւանք է»,- այսօր Ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոնի կազմակերպած «Պրահա-Սոչի-Վաշինգտոն. միտումներ եւ մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
Նա ասաց, որ Հայաստանը կարող էր ռազմավարական վերակողմնորոշման վերաբերյալ կոնկրետ գործողություններ անել, Ալիեւն էլ ագրեսիվացել է, որովհետեւ տեսնում է, որ Հայաստանը ռազմավարական այդ կողմնորոշման հարցում չի անում քայլեր՝ տարբեր պատճառներով՝ ներքին, արտաքին. «Մենք տեսնում ենք, որ վախերը թույլ չեն տալիս հաղթահարել այն պարալիչը, որին ենթարկված է հայ քաղաքական միտքը ու այս իրավիճակում ավելի լավ պայմաններ նոր պատերազմի համար դժվար է պատկերացնել: Չեմ ուզում, որ մենք պատրանքներ ունենանք, որ Մոսկվան, Բրյուսելը կամ Վաշինգտոնն ի վիճակի են լինելու այդ արհավիրքը կանգնեցնել: Դա կանգնեցնելու միակ հնարավորությունը Երեւանում է եղել ու կա: Դրանք ՀՀ-ի ինքնապաշտպանական կարողությունների շեշտակի ավելացմանն ուղղված քայլերն են, որոնք մենք չենք ձեռնարկել՝ մտածելով, որ դիվանագիտական գետի վրա կարող են որոշակի ձեռքբերումներ իրականացնել ու դրանք բավարար են: Մինչդեռ այս իրավիճակում, առանց անհրաժեշտ կարողություններ ներդնելու ցանկացած դիվանագիտական պայմանավորվածության ընդերքում, չենք կարող ակնկալել, որ որեւէ քաղաքական պայմանավորվածություն կամ ձեռքբերում իրականանալի կարող է լինել: Պատահական չէ, որ վարչապետն արդեն խաղաղության պայմանագրից ավելի այսօր խոսում է երաշխավորների մասին, որովհետեւ ակնհայտ է, որ մենք կարող է ունենանք պայմանագիր, բայց այն ընդհանրապես չկարողանանք իրագործել, որովհետեւ երաշխավոր չկա: Մենք տեսնում ենք ՌԴ-ի թուլացումը եւ մեր հույսը հենց ՌԴ-ն է եղել ու դա ակնհայտ էր հատկապես ցորենի համաձայնագրի տեսքով, ՌԴ-ն մի օրում փոխեց իր որոշումը: Էրդողանը զանգահարեց Պուտինին ու ասեց՝ այս համաձայնագրից քո դուրս գալը կարող է իմ ընտրությունների արդյունքի վրա ազդել: Ու չնայած նրան, որ եվրոպական շուկայից ռուսական ցորենը դուրս է եկել ու ուկրաինականն է, ռուսները համաձայնեցին իրենց ցորենը աղքատ երկրներ տանել ու 25% զեղչ անել Թուրքիայի համար միայն նրա համար, որ Էրդողանը վերընտրվելու դժվարություն չունենա: Դուք հասկանո՞ւմ եք Հայաստանի իրավիճակը: Հայաստանը պետք է հետեւություններ անի»:
Ըստ Բաբաջանյանի, մեզ թվում էր, թե հայկական շուստրիությամբ կարող ենք պահպանել ռուսական ներկայությունը ու մեր կարողություններին ուղղված գործնական համագործակցություն ծավալել այն երկրների հետ, որոնք ձեռքը պարզած շարունակում են սպասել մեր արձագանքին. «Ես չէի ուզի մենք լավատես լինեինք, որովհետեւ լավատեսության համար շատ առիթներ չկան, բայց օրավուր աշխատանքը կարող է մեծ փոփոխություններ բերել այդտեղ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ