Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ից Արցախին միջպետական վարկ է տրամադրվում ու դրա մսխումը եղել է Արցախի իշխանությունների քաղաքական լոյալության գինը». Գեղամ Բաղդասարյան

Նոյեմբեր 12,2022 18:52

«Երեկվա մեր երկրի ղեկավարի՝ մեզ համար անսովոր համարձակությունը զենք-զինամթերքի մատակարարման մասին շատ թանկ է: Ասվեց, որ խոսքը Հորդանանի մասին է… Մենք ասեցինք՝ մենք գիտենք ով է այդ մեկը, փողը վերցրել է, բայց զենք չի տալիս: Դա շատ թանկ արժի, իսկ իր մտքում դա կար: Ասեց՝ հա, էլի, ռուսներն են, չեն տալիս: Իշխանություն ունեցող մարդը համարձակություն ունի նախաձեռնություն հանդես բերելու»,- այսօր Ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոնի կազմակերպած «Պրահա-Սոչի-Վաշինգտոն. միտումներ եւ մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն ասաց, որ մինչեւ այսօր չունենք 2020-ի պատերազմի գնահատականը, ի՞նչ պետք է անեինք, որ չարեցինք, ինչը բերեց պարտության ու նաեւ չենք կանխատեսել մեզ սպառնացող պատերազմի տեսակը, ուստի չենք կարող իմանալ, թե ինչպիսի բանակ է մեզ հարկավոր. «2 տարին չափազանց թանկ գին է, որ մենք վճարել ենք ու այդ հարցերի պատասխանը չունենք, դա 6 ամսում կարելի էր անել»:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանն էլ ասաց, որ ՌԴ-ն պատրաստ է բանակցել Արեւմուտքի հետ: Հովսեփ Խուրշուդյանն ասել էր, որ խաղաղության պայմանագրի արեւմտյան տարբերակը խիստ շահավետ է մեզ, Հովհաննիսյանը հակադարձեց՝ ասելով, որ պարտված երկրները խիստ շահավետ առաջարկ չեն ունենում, պարզապես դա շահավետ է՝ ռուսականի համեմատ:

«Անալիտիկոն» հանդեսի հիմնադիր եւ խմբագիր Գեղամ Բաղդասարյանն ասաց, որ թե՛ արցախյան իշխանությունում, թե՛ հանրության մեջ արմատացած է ՌԴ-ի հանդեպ յուրահատուկ վերաբերմունքը: Նա հարցադրում հնչեցրեց՝ Արցախը կարո՞ղ է ինքնուրույն քաղաքականություն վարել ու պատասխանատվություն ստանձնել: Այս հարցի հետ կապված, ըստ նրա, Արցախը պարտավոր է դիրքորոշում ներկայացնել. «Այն, որ արտգործնախարարության հայտարարություն է լինում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա դիրքորոշում չէ, պնդում է: Լավ կլինի իր վրա պատասխանատվության իր մասը վերցնի ու ասի՝ ինչպես կարող է դրան հասնել: Արցախյան գործոնը հետեւողականորեն չեզոքացվել է ՀՀ բոլոր իշխանությունների կողմից, իսկ 1998-ից առավել եւս այդ գործոնն ուղղակի ոչնչացվել է: ՀՀ իշխանությունները միշտ էլ նախապատվությունը տվել են երկու հայկական պետությունների իշխանությունների սերտաճմանը եւ փաստացի մեկ քաղաքական թիմ ունենալուն: Հեղափոխությունից հետո սկզբունքորեն շատ բան չի փոխվել այս առումով: ՀՀ-ից Արցախին միջպետական վարկ է տրամադրվում ու դրա ծախսման անվերահսկելիությունը, ավելի ճիշտ՝ մսխումը եղել է Արցախի իշխանությունների քաղաքական լոյալության գինը՝ սա վերցեք հանգիստ ձեր գործով զբաղվեք»:

Նա նշեց, որ ՀՀ իշխանությունները մի կողմից ասում են, որ Արցախը պետք է ինքնուրույն քաղաքականություն վարի, բայց մյուս կողմից վերահսկելու լծակներն իր ձեռքին է պահում, այդպես չի լինի: Օրինակ, հայկական բանակի կառուցվածքը բոլորս գիտենք: Ինչ-որ բան փոխվե՞լ է այս տրամաբանության մեջ, Արցախում ինքնուրույն որոշում ընդունելու ռեսուրս կա՞: ՀՀ ոչ մի իշխանություն երբեք չի ցանկացել Արցախում զարգացնել քաղհասարակություն, այն Արցախում միշտ եղել է խեղճ վիճակում, որովհետեւ ՀՀ իշխանություններին ձեռնտու է, որ Արցախը վերահսկելի լինի: Արցախում պարզապես ապրելը հերոսություն չէ, Արցախում արժանապատիվ ու գիտակից ապրելն է հերոսություն, ու ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն դրա համար: Մարդիկ պիտի Արցախում ապրեն ազատ ու արժանապատիվ, որովհետեւ հայրենիքը պաշտպանում են ազատ մարդիկ, մենք մի անգամ, ցավոք, տեսանք, որ ստրուկներն ու ճորտերը չեն պաշտպանում հայրենիքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930