Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները սխալ քարտեզը տպագրել են, զինվորների ձեռքն են տվել՝ մեր սահմանապահներին ցույց տալու, թե սա մեր տարածքներն են, եկել ենք տեր կանգնենք». քարտեզագետ

Նոյեմբեր 12,2022 18:20

Ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոնը քննարկում էր կազմակերպել «Պրահա-Սոչի-Վաշինգտոն. միտումներ եւ մարտահրավերներ» թեմայով:

ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարեց, որ իշխանությունները շատ բաց քաղաքականություն են վարում հասարակության հետ՝ հայցելով աջակցություն, ինչի մասին վկայում է այն, որ Փաշինյանը երեկ հարցազրույց էր տալիս ուղիղ եթերում՝ առանց խմբագրման:

Նա նշեց, որ հեշտ է փորձագիտական հանրության կողմից տարբեր կարծիքներ հնչեցնել, բայց իրենք 7 չափում, մեկ կտրում են, իսկ այդ կտրելը այնքան էլ պարզ հարց չէ. «Հայաստանում քաղաքացիական հասարակության դաշտը ավելի զարգացած է, քան քաղաքական դաշտը: ՀԿ-ները, որոնք հետապնդում են լոկալ, կամ ունիվերսալ խնդիրներ, նրանց առաքելությունն է գտնել իշխանության հետ համագործակցության եզրեր: Քաղաքական ուժերը մրցակցում են իշխանության հետ, որ գան իշխանության, ինչը նորմալ է»:

Վիգեն Խաչատրյան

Նա վստահեցրեց, որ լեգիտիմ իշխանություն ունենք երկրում ու պետք է կարեւոր քայլեր անել՝ հասարակության աջակցությամբ, ոչ թե դժգոհությամբ:

Քարտեզագետ Ռուբեն Ղալեչյանն ասաց, որ բանակցություններում կարմիր թելի նման անցնում է «սահմանագծում, սահմանազատում» բառերը, հիմնվել է հանձնախումբ, որը պետք է տարիներ շարունակ քրտնաջան աշխատանք տանի, ոտքով անցնի սահմանով, նշի տեղերը. «Հայտարարվեց, որ մեր սահմանները պիտի հիմնվեն 1991-ի խորհրդային սահմանների վրա, բայց արդյոք գիտե՞ք այդ սահմաններն ինչ են: Այդ քարտեզը ճիշտ չի արտացոլում իրավիճակը:

…Ինձ զանգում են տարբեր դեսպանություններից, ասում են՝ մենք 91 թվականի այդ քարտեզը ո՞նց կարող ենք տեսնել, որտեղից կարող ենք գնել: Խանութներում դա չկա: Այդ սխալ քարտեզներից օրինակ կա, որտեղ Գորիսից մինչեւ Կապան գնացող ճանապարհը սովետական շտաբի քարտեզի մեջ գծված է պարզ, ցույց է տալիս, որ 20 կմ մտնում է Ադրբեջանի տարածք, հետո մտնում ՀՀ, բարձրանում ոլորաններով, նորից մտնում Ադրբեջանի տարածք, 8 անգամ՝ մինչեւ Կապան հասնելը: Իսկ այն քարտեզները, որոնք դուք կարողանում եք գնել Հայաստանում, ցույց են տալիս, որ այդ ճանապարհը անցնում է միայն ու միայն ՀՀ-ի ներքին հողակտորների վրա: Եվրոպացիները չեն կարող գտնել սովետական շտաբի քարտեզները, որովհետեւ դրանք գաղտնի քարտեզներ են: Մեր բոլոր բարեկամ պետություններին առաջարկում եմ մեկական օրինակ այդ զինվորական քարտեզներից տալ: Մենք մեր բարեկամներին ցույց չենք տալիս, թե մեր սահմանը որտեղ է, իսկ Ադրբեջանը ծռում է իր ուզած ձեւով, Սեւ լճի ամբողջ տարածքը նշել է որպես ադրբեջանական տարածք, Իշխանասարը՝ նույնպես: Քարտեզը տպագրել են ու զինվորների ձեռքին տալիս են՝ մեր սահմանապահներին ցույց տալու, թե՝ սա մեր տարածքներն են, եկել ենք տեր կանգնենք»:

Անդրադառնալով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին՝ նա ասաց. «Դա միայն Ադրբեջանը Նախիջեւանին միացնող միջանցք չի: Դա նպատակ ունի պանթուրքիզմի գոտին լրացնել: Եթե դա մենք տանք, միայն հանրաքվեով պետք է լինի: Փաշինյանն էլ ասաց՝ միջանցք չենք տա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930