Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե ասում եք՝ Ադրբեջանը տարածք է օկուպացրել, մի հատ պարզ հարց պիտի տամ՝ ո՞նց է օկուպացրել, ուղղակի եկել նստե՞լ են, այնտեղ դիրքեր, բանակ չկա՞ր». Հրանտ Տեր-Աբրահամյան

Նոյեմբեր 12,2022 18:03

Ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոնը քննարկում էր կազմակերպել «Պրահա-Սոչի-Վաշինգտոն. միտումներ եւ մարտահավերներ» թեմայով:

Քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանն ասաց, որ մեր քաղաքականության մեջ մոռացվում է, որ դիվանագիտությունը հաջողվում է, երբ պետությունը զուգահեռ նաեւ ամրապնդում է իր անվտանգության համակարգը. «Եթե ասում եք՝ Ադրբեջանը տարածք է օկուպացրել, մի հատ պարզ հարց պիտի տամ՝ ո՞նց է օկուպացրել, ուղղակի այդպես եկել նստե՞լ են, դատա՞րկ էին այդ տարածքները, այնտեղ դիրքեր, զինված ուժ, բանակ չկա՞ր: Եկեք անկեղծորեն խոսենք՝ գրավել են, որովհետեւ դիրքերի մեծ մասում դիմադրություն չի եղել: Դիրքերի մեծ մասը, որքան ես գիտեմ, պարզապես հանձնվել են, դա նշանակում է ՝ ԶՈԻ-ն չի կատարում իր առաջադրանքը, չեն կռվում պարզապես: Ինչքան ասում ես՝ դիվանագիտություն արա, եթե քո զինվորը չի կռվում քո՝ արդեն իսկ միջազգայնորեն չճանաչված տարածքի համար, դու լրջագույն խնդիր ունես:

Եվ այդ խնդիրը ռազմական չէ, սա քաղաքական խնդիր է: Նշանակում է՝ խնդիր չի ձեւակերպվել. Պարտված բանակ է, զինվորների մեջ մտել է այդ հոգեբանությունը եւ դա պետք է փոխել: Պետությանը սա պետք է: Այսքան պարզ թվացող բանն ինչո՞ւ չի ձեւակերպվում, համակարգի կարեւորությունը չի գիտակցվում: Ասում են՝ զենքը, զենքը… Զենքով չի մենակ: Բանակը պետք է վերակառուցվի, ու դա ոչ միայն զենքով ու փողով է, այլեւ՝ կոնցեպտուալ պիտի վերակառուցվի: Այն համակարգը, որի մեջ մինչեւ հիմա եղել է մեր բանակը ու որի անարդյունավետությունն ապացուցվել է այս պարտությամբ, ամբողջովին պիտի վերանայվի: Առանց այդ մենք առաջընթաց չենք ունենա, ուզում է զենքը Հնդկաստանից առնենք, ուզում է՝ ԱՄՆ-ից գա: Եթե զինվորը չի կռվում, բանակդ շարունակում է կառուցված լինել այն համակարգով, որն այս պարտությունը կրել է, այս խնդիրը չի լուծվի»:

Նա ասաց, որ այն քաղաքականությունը, որն այսօր վարվում է փախուստի տրամաբանությամբ է. «Կա խնդիր ու ուզում են այդ խնդրից փախչեն: Այ հեսա Ադրբեջանը կստորագրի 29800 քառակուսի կիլոմետրի համար, մենք կփախչենք այդ խնդրից. այս ուտոպիստական կոնցեպտն է, որը ուզում է փախչի ու վերադառնա այն երջանիկ Հայաստանին՝ մինչեւ 2020 թիվը: Բայց դա չի աշխատի եւ այս փուլում կառուցել երկրի տրամաբանությունը, որ դու կարող ես փախչել աշխարհից ընդամենը մի ստորագրությամբ, նրանից է գալիս, որ մարդիկ չեն հասկանում, որ այս պարզ հարցերին պետք է պատասխաններ տալ»:

Ըստ նրա, պետք է ոչ թե փախուստն ապահովել, այլ՝ պայքարը. «Ոչ թե ասում ենք՝ եկեք մանեւրենք, այլ ուզո՞ւմ եք մենք դուրս գանք, անկախություն կառուցենք, թե՞ չէ, սկզբունքը ձեւակերպենք, դրանից հետո՝ մեխանիզմը: Ես ՌԴ-ի դերը այդքան չէի թերագնահատի, թուլանում է, բոլորս հասկանում ենք, բայց վիրավորված գազանը լուրջ հարվածներ կարող է մեզ հասցնի: Ի վերջո ՌԴ-ի գլխավոր զենքը սա է՝ թուրքական բանակը, ադրբեջանական բանակը: Մնացածը, որ ասում է գազը կանջատեմ, այս, այն… դրանք երկրորդական բաներ են: Կա մի գլխավոր զենք ու եթե դու այդ զենքը կարողանում ես չեզոքացնել, սա է անկախության ճանապարհը: Ադրբեջանական բանակին դիմակայիր՝ ռուսական քաղաքականության խնդրի 50%-ը դու արդեն լուծում ես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930