Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. «Արցախյան առաջին պատերազմում Հայաստանի հաղթանակը հնարավորություն էր տվել, որպեսզի մեր տարածաշրջանում հաստատվի տեւական կայուն իրավիճակ»

Նոյեմբեր 12,2022 17:21

Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը «Փաստարկ» ակումբում խոսեց տարածաշրջանային գործընթացների մասին, որոնք Հայաստանի համար զգալի են հատկապես հարեւանների հետ ունեցած հարաբերությունների առնչությամբ: Նրա խոսքով, 44-օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանը մտել է մի փուլ, որը կարելի է ռազմավարական առումով բնութագրել որպես անցում ավելի վաղ գոյություն ունեցող ստատուս քվոյից ավելի նոր ստատուս քվոյի:

«Ըստ էության, նախորդ ստատուս քվոն, որ կար մեր տարածաշրջանում պայմանավորված էր արցախյան առաջին պատերազմի շրջանում Հայաստանի հաղթանակով, ինչը հնարավորություն էր տվել , որպեսզի մեր տարածաշրջանում հաստատվի տեւական կայուն իրավիճակ: Ընդ որում, այդ կայունությունը թուլացնելու փորձ արվեց 2008 թվականին, երբ տեղի ունեցավ ռուս-վրացական  պատերազմը: Սակայն Ռուսաստանն առաջին անգամ մեր տարածաշրջանում կիրառեց իր զինված ուժերը եւ դա նպաստեց 94-95 թվականներին հաստատված կայունության ամրապնդմանը:

44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունը այդ ստատուս քվոն սկսեց թուլացնել եւ Թուրքիան սկսեց դրանից անմիջապես օգտվել: Ռազմավարական առումով Թուրքիան, ըստ էության, պայքար է մղում նոր ստատուս քվոյի համար, որտեղ ինքը տարածաշրջանում կունենա ավելի կարեւոր դիրք եւ ներկայություն:

Ես համոզված չեմ, որ Թուրքիային կհաջողվի հասնել իր նպատակներին, բայց ամեն դեպքում հիմա այդ խնդիրն է լուծում՝ օգտագործելով Ադրբեջանին: Իմ ընկալմամբ, Ադրբեջանի գործողությունները մեծապես պայմանավորված են Թուրքական ծրագրերով:

Իսկ մարտավարական տեսանկյունից կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիան որոշակի առումով փոփոխեց այն մարտավարական իրադրությունը որ ստեղծվել էր: Կարծում եմ, փոփոխությունը հետեւյալն էր: Եվ Ռուսաստանը, եւ Արեւմուտքը, եւ Իրանը ավելի ակտիվ սկսեցին զբաղվել արցախյան հիմնահարցով: Եվ սա, պետք է ասել, ուժեղացրեց Հայաստանի դիրքերը մեր տարածաշրջանում: Իմ գնահատմամբ, եթե մենք համեմատենք այսօրվա Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը մեր տարածաշրջանում սրանից մի քանի ամիս առաջ եղածի հետ, հիմա կարող ենք ասել, որ Հայաստանը գտնվում է ավելի բարենպաստ վիճակում, որովհետեւ Սոչիի հանդիպումը ակնհայտորեն ցույց տվեց, որ Հայաստանը ոչ միայն  մնում է Ռուսաստանի դաշնակիցը, Ռուսաստանն էլ, համապատասխանաբար, Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, այլեւ արցախյան հիմնահարցի կարգավորման ռուսական ծրագիրը ընդունելի է Հայաստանի համար: Ես համոզված եմ, որ սա ունի նաեւ հեռուն գնացող հետեւանքներ: Այսինքն, Ռուսաստանը կփորձի լուծման ծրագրի այն տարբերակը, որ ինքն ունի եւ որի հիմնական սյունն է կազմում ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը, կփորձի այդ տարբերակը առաջ տանել: Դա բխում է Հայաստանի եւ Արցախի շահերից: Գաղտնիք չէ, որ ռուս խաղաղապահների ներկայությունը, ըստ էության երաշխիք է Արցախի ժողովրդի համար»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930