Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան. Նոր մարդ որտեղի՞ց գտնեմ․ Բազմաթիվ մարդկանց առաջարկել եմ՝ գալ, հանրահավաքին ելույթ ունենալ, չեն եկել. «Հրապարակ»

Նոյեմբեր 12,2022 11:52

Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Երեւանում նոյեմբերի 5-ին ընդդիմության կազմակերպած հանրահավաքը համարում է Ստեփանակերտում հոկտեմբերի 30-ին կայացած հանրահավաքի շարունակությունը, որով իրենք արձանագրեցին, որ «մենք Արցախի կողքին ենք եւ տեր ենք մեր հայրենիքին»։

«Երկար ընդմիջումից հետո այդ օրակարգով հանրահավաքն այդ նպատակն ուներ։ Եվ էն կեղծ թվերը, որ 4-5 հազար մարդ է եղել, բացարձակ իրականությանը չի համապատասխանում, իմ գնահատմամբ՝ 12-15 հազար քաղաքացի է ներկա եղել հանրահավաքին։ Մենք պետք է հասկանանք՝ ինչ է հանրահավաքը։ Հանրահավաքը ժողովրդի հանրային կամքը դրսեւորելու ձեւ է, հանրահավաքը միջոց է՝ մարդկանց տեսակետը հանրային կերպով արտահայտելու։ Հիմա ասում են՝ հանրահավաք արեցիք՝ իշխանափոխություն չեղավ, գործողություն չարեցիք։ Ինձ հետաքրքիր է՝ հաճախ մարդիկ որ էդպիսի բաներ են ասում, երբ որ մայիս ամսին գործողություն էինք անում, մարդկանց ձերբակալում էին, բերման էին ենթարկում, բանտարկում էին, ծեծում էին, շենքեր ու փողոցներ էինք շրջափակում, էդ ասողներից, օրինակ, քանի՞սն է ձերբակալվել, բերման ենթարկվել։ Հիմա ես ասում եմ՝ էս հրապարակի մարդիկ իրոք մեր ազգային արժանապատվությունը պահողներն են, մեր հույսն ու լույսն են, այսինքն՝ հիասթափեցնել էս մարդկանց, կոտրել, որ որեւէ բան չլինի, ճիշտ չեմ համարում»,- մեզ հետ զրույցում հանրահավաքի էությունը բացատրեց Իշխան Սաղաթելյանը։

– Այդ օրը ես էլ եմ նկատել հիասթափություն հանրահավաքի մասնակիցների մոտ, որոնք ոչ թե սպասում էին, որ նույն օրը պետք է Նիկոլը հեռանար, այլ ասում էին՝ էլի նույն մարդիկ են խոսում, նույն տեքստերն են, նույն լոզունգները, նույն արձանագրումները, նույն հռետորաբանությունը։

– Ես նոր մարդ որտեղի՞ց գտնեմ, ասեք՝ գտնեմ։ Հիմա ես ասում եմ, որ բազմաթիվ մարդկանց առաջարկել եմ՝ գալ հանրահավաքին ելույթ ունենալ, չեն եկել։

– Ձեր ասուլիսի ժամանակ ասացիք, որ լավ գիտեք, թե ովքեր են տուն ուղարկողները, նկատի ունեիք, հավանաբար, սեպտեմբերի 14-ի հավաքը։ Ովքե՞ր էին՝ կասե՞ք։ Ձեր գործընկեր Արթուր Խաչատրյանն ուղիղ հասկացրեց, որ խոսքն Էդգար Ղազարյանի եւ Կարին Տոնոյանի մասին է։

– Ես հիմա, անկեղծ, չեմ ուզում էդ հարցերին անդրադառնալ։ Ես ընդամենը հետեւյալն եմ ասում, որ մեր հարթակը բաց է եղել հանրային գործիչների համար, եւ Դուք տեսաք, որ շատ կարեւոր էր Սրբազանի ելույթը, եւ շատ խորհրդանշական էր Գուրգեն Մելիքյանի՝ հայտարարության տեքստ կարդալը։ Ես առաջարկել եմ Ձեզ հայտնի շատ անուններին, որ գան ոչ թե միանան մեզ, ոչ թե միանան շարժմանը, ոչ թե համախմբվեն մեր շուրջը, այլ Արցախին նվիրված հանրահավաքին ելույթ ունենան, բայց էդ մարդիկ չեն եկել՝ տարբեր պատճառներով։ Հիմա ինձնից որ անընդհատ պահանջում են նոր մարդ, ես որտեղի՞ց բերեմ էդ նոր մարդուն։

– Հիմա կարծես առաջնագծում մնացել եք Դուք, Ձեր կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, ու «Հայաստան» դաշինքի Ձեր մի շարք գործընկերները։ ՀՀԿ-ն կիսաակտիվ կամ պասիվ աջակցողի դերում է, կարծես։ Եվ Դուք որ ասում եք, թե գիտենք՝ տուն ուղարկողներն ովքեր են, կարող է թվալ, թե ակնարկում եք ՀՀԿ-ին, մինչդեռ հենց ՀՀԿ-ականներն են հաճախ ակնարկում, որ Դուք եք տուն ուղարկողը, թեպետ լրիվ այլ անձանց մասին էր խոսքը, ինչպես հասկացանք։

– Որեւէ մեկը չի կարող իմ կուսակցությանը մեղադրել վերջին երկու տարվա մեջ առաջին գծում մինչեւ վերջ չպայքարելու մեջ։ Ու շատ բնական է, որ Դաշնակցությունն առաջին գծի վրա է՝ իբրեւ ազգային կուսակցություն։ ՀՀԿ-ն վերջին երկու տարվա մեջ եղել է պայքարի առաջին գծում, բազմաթիվ գործիչներ իրենց վրա են վերցրել պատասխանատվությունը, եւ մենք մեր ճակատով կռիվ տվել ենք։ Ես էստեղ չեմ ուզում դեռ էս ներխմբային հարցերի մեջ մտնել, որովհետեւ առնվազն կարող եմ ասել, որ ՀՀԿ-ն բոլոր աշխատանքների մեջ ներգրավված է եղել եւ պայքարել է։ Բայց կան մարդիկ, ովքեր ուզում են խառնել էս հարաբերությունները, ովքեր ուզում են արհեստական լարվածություն մտցնել, պառակտել իրենց մուտիլովկեքի, տարբեր բաների շնորհիվ։ Հիմա քաղաքական ուժերի ղեկավարությունը որքան խոհեմ կգտնվի, որքան ճիշտ որոշումներ կընդունի՝ էդ ամեն ինչը թույլ չտալու, դա արդեն բոլորի խնդիրն է։

– Ո՞ւմ նկատի ունեք։

– Էդ անունները Ձեզ հայտնի են։ Ես նկատի ունեմ որոշ քաղաքական ուժերին մերձ շրջապատի մարդկանց, ովքեր պարբերաբար կապվում են այս կամ այն քաղաքական ուժի հետ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930