Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կեղծ վարքագծին արձագանքելու եւ այն կանխելու քայլերն անհրաժեշտ են. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 12,2022 11:28

Արցախի Հանրապետության շուրջ զարգացումները նոր փուլ են տեղափոխվում: Նոյեմբերի 8-ին օկուպացված Շուշիում Ալիեւի արած հայտարարություններից կարելի է ակնկալել, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է նախապատրաստում Արցախի ժողովրդի դեմ: Վերջինս ապատեղեկատվություն էր տարածել ինչպես Բերձորի միջանցքի, այնպես էլ Արցախի պաշտպանության բանակի վերաբերյալ՝ հայտարարելով, թե Արցախում ՀՀ զինված ստորաբաժանումներ կան, եւ Ադրբեջանը կարող է նրանց դեմ գործողություններ իրականացնել ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում:

Նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունները մտացածին պատրվակով մտադիր են փակել Լաչինի միջանցքը եւ Արցախը պահել շրջափակման մեջ։ Այս հայտարարության հաջորդ իսկ օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն իր խոսնակի ստորագրությամբ տարածած հայտարարությամբ հստակ ներկայացրեց այդ մտացածին պատրվակները: Բաքվից տարածված հայտարարության մեջ աղավաղվում էր իրականությունը՝ նշելով, թե ՀՀ զինված ուժերն ամբողջությամբ դուրս չեն բերված Արցախից, ինչը, իբր, հաստատել են նաեւ Հայաստանի պաշտոնյաները: Ադրբեջանի ԱԳՆ-ն նաեւ ակնհայտ ապատեղեկատվություն է տարածել, ըստ որի՝ Բերձորի միջանցքով Հայաստանում արտադրված ականներ են տեղափոխվում Արցախ: Այստեղ պաշտոնական Բաքուն արդեն հարկ չէր համարել հերթական ապատեղեկատվությունը գոնե մի քիչ իրականությանը մոտեցնել, քանի որ հայտնի փաստ է, որ Հայաստանում ականի արտադրություն չկա:

Ադրբեջանն արդեն կեղծ նախադրյալներ է հորինում Բերձորի միջանցքը փակելու համար: Այն արդեն 2020-ից ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների խախտում է, ասել է թե՝ դրանց չեղարկման փորձ: Ադրբեջանի սկսած նման ծայրահեղ վտանգավոր գործողությունները տարածաշրջանն ապակայունացնելու հիմնավոր նախադրյալներ են ապահովում: Ամեն օր Բաքվի առաջնորդը հանդես է գալիս նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից որեւէ մեկին հակառակ եւ դրանից հետո հայկական կողմին մեղադրում պայմանավորվածությունները չպահպանելու եւ իրավիճակը սրելու մեջ:

Դրա վառ ապացույցն է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում օրերս Ալիեւի արած հայտարարությունը, թե ադրբեջանական զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանում կանգնած են «հայրենի հողերում»։

Ադրբեջանի նման կեղծ վարքագծին արձագանքելու եւ այն կանխելու քայլերն անհրաժեշտ են, հակառակ դեպքում տարածաշրջանային բախումներն անխուսափելի կլինեն:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930