Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայան. Խելքները պիտի գլուխները հավաքեն ու պաշտպանական հարցերը նորմալ լուծեն. «Հրապարակ»

Նոյեմբեր 12,2022 11:22

Հարցազրույց ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ

– Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Ալիեւի հայտարարություններին, նշել է, որ նա ոչ միայն սպառնում է, այլեւ արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն։ Դա արտահայտվում է նաեւ նրանով, որ Ալիեւը մտադիր չէ համաձայնել ռուս խաղաղապահների գործունեության երկարաձգմանը։ Փաշինյանը նաեւ հայտարարում է, թե խաղաղապահների ժամկետն «ինքնաբերաբար» է երկարացվելու։ Ինչպե՞ս հասկանալ այս իրարամերժ հայտարարությունները, Ձեր կարծիքով՝ ի՞նչ զարգացումներ կարող են լինել, եթե Ալիեւն առարկի խաղաղապահների ժամկետը երկարաձգելուն։ 

– «Ինքնաբերաբար» երկարացնել-չերկարացնելը, իմ կարծիքով, կախված կլինի Ռուսաստանի իրավիճակից։ Ռուսաստանը տնտեսական մի շարք պլաններ ունի՝ Թուրքիայի հետ կապված, գազի հետ կապված, Թուրքիայում հացահատիկի մեծ պահեստներ է սարքում, տնտեսական կախվածությունն այնքան մեծ կարող է լինել, որ նժարին դրված լինի՝ Ղարաբա՞ղն է պահում, թե՞ իր շահերը։ Երկրորդ․ ինչ կլինի, եթե խաղաղապահները դուրս գան։ Կարծում եմ, որ ղարաբաղցիք ավելի շուտ դուրս կգան, քան այդ զորքերը, եթե, իհարկե, այս վիճակում մնանք։ Իսկ եթե խելքներս գլուխներս հավաքենք եւ լծվենք ինքնապաշտպանության, ապա ոչ մի բան էլ չի լինի։

– Վերադառնալով Փաշինյանի՝ կառավարության վերջին նիստում հայտնած մտքին, թե ռուս խաղաղապահների ծառայության ժամկետը երկարաձգվելու է «ինքնաբերաբար»։ Բայց 2020 թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության չորրորդ կետում արձանագրված է, որ՝ այո, 5 տարի հետո ավտոմատ կերկարացվի, «եթե կողմերից որեւէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»: Սոչիում գուցե Պուտին-Փաշինյան գաղտնի պայմանավորվածությո՞ւն է եղել, որ պետք է շրջանառել նման թեզ, որ 3 տարի հետո իրագործենք։

– Այո, ես համարում եմ, որ նման խոսակցություն եղել է, որ, ինչպես Դուք եք ասում, երկարացվելու է, ու վերջ։ Ուշադրություն դարձրեք, երբ «Վալդայ» ակումբում Պուտինը հայտարարեց, թե հանդիպելու են Սոչիում, հարցեր կան լուծելու, Ալիեւը գնաց եւ ասաց, որ Ղարաբաղի հարցը նոր չենք լուծել, թեման փակեք, նա էլ գլխով է անում, ու էլ չեն խոսում․ սա ինչպե՞ս կմեկնաբանեք։ Խնդիրն այն է, թե 3 տարի հետո կախվածության մակարդակն ինչպիսին կլինի, ինչ վիճակում կլինի Ռուսաստանը թե՛ Ուկրաինայի ճակատում, թե՛ առհասարակ։ Հիմա մենք պիտի հույսներս դնենք, որ լա՞վ կլինի, թե՞ զբաղվենք մեր երկրի պաշտպանությամբ։

– Մեր իշխանությունները ո՛չ մեկն են անում, ո՛չ մյուսը, հատկապես վերջին շրջանում հակառուսական տրամադրություններ գեներացնելու չեմպիոնատ են՝ հայտարարություններ եւ այլն։

– Դա արդեն իրենց գործն է, ով ուզում է, թող հակառուսական, հակաամերիկյան, հակաեսիմինչական հայտարարություն անի, բայց պետք է հայ լինել ու քո շահերն առաջ տանել։ Թե չէ՝ հույսով ապրել, իսկ վերջում ասել, որ մեզ խոստացել էին, բայց չստացվեց, կնշանակի խաղալ ամբողջ ժողովրդի ճակատագրի հետ։ Դրա համար եմ ասում՝ խելքները պիտի հավաքեն ու պաշտպանական հարցերը նորմալ լուծեն, ինչը դեռ չեն անում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930