Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի շահը հզոր Իրանն է, Իրանի շահը՝ հզոր Հայաստանը. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 12,2022 10:51

2020 թ. արցախյան 44-օրյա պատերազմում ռազմական գործողությունների հրձիգ Ադրբեջանը հաջողության հասավ Իսրայելի եւ Թուրքիայի օգնությամբ ու անմիջական մասնակցությամբ: Բաքուն հարձակում ձեռնարկեց ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության վրա՝ ներգրավելով սիրիական վարձկան-ահաբեկիչների: Հետագայում պարզվեց, որ վերջիններիս հավաքագրում ու Ադրբեջան է ուղարկում Թուրքիան, որը խնդիր ուներ ներխուժել տարածաշրջան եւ իր ազդեցությունը տարածել Հարավային Կովկասում:

Տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի արտաքին գործերի նախարարությանն ստիպեցին հետ կանչել Թել Ավիվում ՀՀ դեսպանին խորհրդակցության նպատակով՝ կապված Բաքվին Իսրայելի մատակարարած զենքի հետ: Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ ու պատերազմական գործողություններին իր մասնագետների միջոցով անմիջական մասնակցությամբ Թել Ավիվը փաստացի հայտարարեց, որ իր քաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին պատրաստ է համագործակցել ինչպես առանձին ահաբեկիչների, այնպես էլ ահաբեկչական պետությունների հետ: Թել Ավիվն այդպես իրեն դրեց ահաբեկչական պետության կարգավիճակում:

Թել Ավիվը, մասնակցելով հայ ժողովրդի դեմ իրականացված հերթական ցեղասպանությանը, ցանկանում է հաստատվել Ջրականում՝ այն վերածելով Իրանի դեմ պլացդարմի: Իսրայելը, սակայն, սխալ է հաշվարկել իր քայլերը, որ Հայաստանը, ենթարկվելով իսրայելա-թուրքական զենքի կործանարար ազդեցությանը, կզրկվի դեպքերի վրա ազդելու կարողությունից: Իրադարձությունների այդպիսի զարգացումը կանխելու նպատակով Թեհրանը հայտարարեց, որ տարածաշրջանում սահմանների որեւէ փոփոխություն չի թույլատրի՝ զսպելով Ադրբեջանի ներխուժումը Սյունիք: Իրանը Կապանում հյուպատոսություն բացեց՝ փաստելով, որ սոսկ հայտարարություններ չի անում, իսկ Ադրբեջանի սահմաններին անցկացված զորավարժությունները հստակ ազդանշան էին, որ Իրանը չի բացառում անցնել Արաքսը:

Ակտիվ համագործակցություն հաստատելով Թեհրանի հետ՝ Երեւանը կարող է իր զինանոցը համալրել նաեւ իրանական արտադրության զենքով: Թեհրանը շահագրգռված է Հայաստանի հզորացմամբ, որովհետեւ հայկական ուժեղ տերության գոյությունը թշնամիներին կզրկի ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Իրանի դեմ պատերազմական գործողությունների հնարավորությունից: Իսկ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որին ձգտում է Բաքուն, նրա համար սոսկ Նախիջեւանին կապվելու ճանապարհ չէ: Այն Անկարային ու Թել Ավիվին կթույլատրի զենք ու զորքեր տեղափոխել Ջրական՝ Իրանի դեմ պատերազմ սանձազերծելու համար: Ահա թե ինչու Բաքվին չի ոգեւորում Հայաստանի պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու տրանսպորտային ենթակառուցվածքներն իր վերահսկողությամբ: Իրանը կտրուկ է արտահայտվել, եւ ձեւավորվում է հայ-իրանական դաշինք:

Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա Հայաստանի շահը հզոր Իրանն է, Իրանի շահը՝ հզոր Հայաստանը:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930