Օրերս Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ ստեղծվել է բուհական ուղղությունների ցանկ և բովանդակություն մշակող աշխատանքային խումբ, որը մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը պետք է մշակի և ՀՀ վարչապետին ներկայացնի բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք: Խմբում ներառված են ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, ներառված չեն ոլորտային փորձագետներ, բուհերի ռեկտորներ կամ ներկայացուցիչներ:
Աշխատանքային խումբը պետք է ներկայացնի ակադեմիական քաղաքում նոր ձևավորվող բուհերի տեղակայման վերաբերյալ առաջարկություն և համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների և գործառույթների վերաբերյալ տեղեկատվություն, սրան գումարած՝ սպայական ուսումնական հաստատության բովանդակության վերաբերյալ հայեցակարգ: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասում է՝ գործընթացը սկսվել է վաղուց՝ դեռևս սեպտեմբերի սկզբից:
«Տեղեկատվություն տրամադրելը մեկ բան է, այն վերլուծելը, քննարկելը, ի վերջո, մարդկանց կարծիքը հարցնելը՝ մեկ այլ բան: Տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, երբ երեք բուհի պրոֆեսորադասախոսական կազմերը և ուսանողները պատահաբար իմացան գաղտնի որոշման մասին, որով ցանկանում էին այդ բուհերը միացնել իրար: Բնական ռեակցիա էր, այս դեպքում էլ նույն պատկերը կունենանք: Նշանակում է, որ կա որոշում, ֆորմալ ձևով այն հաստատելու համար ստեղծվում է հանձնաժողով: Սա անթույլատրելի է հատկապես այնպիսի ոլորտի դեպքում, ինչպիսին գիտությունն է ու բարձրագույն կրթությունը: Այդտեղ է մեր մտավորականության զգալի մասը: Ինչպե՞ս կարելի է հաշվի չառնել մարդկանց կարծիքը, փորձը, անցած ուղին, իսկ այն մարդիկ, որոնք գիտության կամ բարձրագույն կրթության հետ որևէ առնչություն չունեն, այդ մասին որոշումներ կայացնեն: Պարզ է, որ այս որոշման որակը լինելու է շատ ցածր, դրա իրականացնողները չեն ընդգրկվում որոշման կայացման գործընթացի մեջ և ընդդիմանալու են: Ստանալու ենք հերթական շոուն, որը չգիտեմ, թե ինչով կավարտվի»,-հավելում է մեր զրուցակիցը:
Բուհերի ռեկտորներին կամ ներկայացուցիչներին հանձնաժողովում չընդգրկելն առնվազն տարօրինակ է, չէ՞ որ կայացված որոշումներն առաջին հերթին բուհերի հետագա ճակատագրին են վերաբերում: Մխիթարյանի խոսքով, ըստ էության, անտեսում են նրանց կարծիքը: «Սա երկու բանի մասին է վկայում: Առաջինը՝ չեն ցանկանում լսել իրական շահառուի կարծիքը, և երկրորդ՝ պատրաստվում են կադրային փոփոխություններ անել: Եթե հանձնաժողովում չես ընդգրկում մարդուն, որը հետագայում որոշումն իրականացնողն է, ենթադրվում է, որ առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն»,-ասում է փորձագետը:
Կարդացեք նաև
Ստացվում է, որ բուհերի լուծարման, միավորման, նոր բուհերի ստեղծման որոշումը սարերի հետևում չէ, ուղղակի սկզբում հանդիպելով ռեկտորների, դասախոսների և ուսանողների դիմադրությանը՝ որոշվեց գնալ այլ ճանապարհով: «Սա դատարկ տեղը ծնված որոշում է, ընդամենը լավ ցանկություն: Հաշվի չեն առել Հայաստանի պոտենցիալը, գիտության զարգացման հեռանկարը: Անհնար է ունենալ արդյունք, երբ մեր երկիրը կանգնած է անվտանգային և այլ լուրջ մարտահրավերների առջև: Որոշում կայացնողները չեն պատկերացնում, թե ինչ ծավալի ֆինանսավորում է պահանջվում: Կրթության զարգացման 2021-2030 թթ. ծրագրում գրված է, որ չորս բուհ պետք է ընդգրկվի աշխարհի լավագույն 500 բուհերի ցանկում: Փաստում եմ՝ վարկանիշավորման աղյուսակներում բարձր հորիզոնականներ զբաղեցնող բուհերի բյուջեն համեմատական է մեր երկրի ողջ բյուջեին:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։