Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ է, թոշակը բարձրացվեց, բայց դա համարժեք չէ թանկացմանը: Աղքատության և թերսնման բարձր մակարդակ ունենք». Սյուզաննա Չիլինգարյան. «Փաստ»

Նոյեմբեր 12,2022 10:14

«Կա մեծ գնաճ հատկապես առաջնային պարենային մթերքների դեպքում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը: Նշում է՝ հատկապես մեծ է դժգոհությունը թոշակառուների շրջանում:

«Ճիշտ է, թոշակը բարձրացվեց, բայց դա համարժեք չէ այն թանկացմանը, որն այսօր կա: Պետական կառույցներից ԿԲ-ն պետք է վերահսկի գնաճը, ՄՊՀ-ն հսկողություն իրականացնի, սակայն որևէ գործառույթ չեն իրականացնում: Նման իրավիճակում տնտեսվարող սուբյեկտը, հավատարիմ մնալով ազատ շուկայական հարաբերությունների սկզբունքին, սահմանում է ապրանքի՝ իր համար ցանկալի գին: Որոշ դեպքերում էլ սպառողներն են նպաստում գնաճին, երբ ավելի մեծ ծավալներով են սկսում գնել որևէ ապրանք: Եթե խոսքն առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մասին է, ապա մարդն այն գնելու է, որքան էլ գինը բարձրանա»,-նշում է մեր զրուցակիցը:

Վիճակագրական կոմիտեն ասում է՝ երկրում աղքատությունը 40 տոկոսի է հասել: Իսկ բավարար կենսամակարդակ ունե՞ն մարդիկ, որոնք կարողանում են վճարումներ կատարել, սնունդ գնել, նրանք քիչ-քիչ նվազեցնում են հագուստի, ժամանցի վայրեր այցելելու համար նախատեսվող ծախսերը՝ ավելի շատ գումար վատնելով սննդի վրա: «Աղքատության և թերսնման բարձր մակարդակ ունենք, սա խայտառակ պատկեր է, շատերս ենք հասկանում, որ իրական պատկերն ավելի վատն է, քան վիճակագրական տվյալներն են: Վախենում են ներկայացնել այն, հասկանում՝ բողոքի ալիք կբարձրանա, այս կառավարությունը, որ թառած է աթոռներին, շարունակում է ավելացնել պետական պարտքը, գումարներն ուղղում կանաչապատմանն ու այլ հարցերին, դրա՞նք են հրատապ խնդիրները մեր երկրում:

Կառավարության կայացրած ցանկացած որոշման հետևանքով տուժում է հասարակ քաղաքացին: Սոցիալական ծրագրեր չեն իրականացվում, պետությունը չի տիրապետում աղքատության մակարդակի և քաղաքացիների սոցիալական վատթար վիճակի մասին ինֆորմացիային: Եթե տիրապետում է այդ տվյալներին, ի՞նչ սոցիալական ծրագրեր է իրականացնում՝ գնաճի մեղմում, աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձերի բարձրացում, բիզնեսի աջակցություն հարկերի տեսքով, աջակցություն երիտասարդներին կրթական ոլորտում: «Սպառողների ասոցիացիան» բազում բողոքներ է ստանում, բայց երբ դիմում ես պետական կառույցներին, հասկանում ես՝ իրենք քո զանգերից ու նամակներից այնքան էլ չեն ոգևորվում, չէ՞ որ պետք է ծանրաբեռնվեն, աշխատեն, իսկ աշխատել չեն սիրում: Ինչո՞ւ չարչարվեն, երբ ոչինչ չանելով աշխատավարձ են ստանում, դեռ մի բան էլ հայտ ներկայացնում այն ավելացնելու համար»,-եզրափակում է ՀԿ փոխնախագահը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930