Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ամենակոռումպացվածը

Նոյեմբեր 12,2022 10:00

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» կազմակերպությունը՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, հարցում է անցկացրել հայաստանցիների շրջանում եւ պարզել, որ, ըստ մեր քաղաքացիների, Հայաստանի ամենակոռումպացված կառույցներն են դատարանները, ԶԼՄ-ները եւ եկեղեցին:

Որեւէ հիմք չունեմ այդ հարցման արդյունքներին չհավատալու: Հակառակը՝ համոզված եմ, որ հարցումը ճշգրտորեն արտացոլում է այսօր Հայաստանում տիրող հասարակական տրամադրությունները: Այլ հարց է, թե արդյո՞ք այդ տրամադրությունները ճշգրտորեն արտապատկերում են իրականությունը: Համաձայն չեմ այն լավատեսական պնդման հետ, թե իբր ժողովուրդը միշտ ճիշտ է: Ժողովուրդը (բնականաբար, ոչ միայն մերը, այլեւ՝ ցանկացած այլ ժողովուրդ) հաճախ մոլորության մեջ է լինում, հաճախ նաեւ դառնում է մանիպուլյացիայի կամ նպատակաուղղված քարոզչության զոհ:

Սկսենք դատարաններից: Ինչո՞ւ հատկապես դատարանները եւ ոչ թե, ասենք, ոստիկանությունը, քննչական, հարկային եւ մաքսային մարմինները կամ, ասենք, կադաստրը: Իհարկե, միշտ էլ եղել են եւ կան ենթարկվող կամ կոռումպացված դատավորներ, սակայն պարզ է, թե ինչու են հե՛նց դատարաններն ընկալվում որպես կոռումպացված կառույցներ. 2018 թվականից հետո իշխանության քարոզչության թիրախ են դարձել դատավորները, որոնց մեջ կային եւ դեռեւս մնացել են նրանք, ովքեր ոչ նախկինների, ոչ էլ ներկաների ժամանակ «զգաստ» չեն կանգնում եւ պատիվ չեն տալիս, երբ վերեւներից հրահանգներ են լսում: Քանի որ օրենսդրությունը դատավորներին, ի տարբերություն ոստիկանների եւ այլոց, որոշակի հնարավորություն է տալիս անկախ լինելու, հենց այդ պատճառով է, որ նրանք ցանկության դեպքում ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, կարող են որոշակի ինքնուրույնություն դրսեւորել: Թեեւ, կարծում եմ, որ ԲԴԽ-ն իր «վեթինգների» միջոցով մոտակա երկու-երեք տարում կուղղի այդ «թերությունը»:

Հայ առաքելական եկեղեցին նույնպես որպես «կոռուպցիայի որջ» չէր ընկալվի, եթե հաջողվեր իրականացնել «Նոր Հայաստան-նոր հայրապետ» օպերացիան, եւ կաթողիկոս նշանակվեր իշխանությանը հարմար մի թեկնածու, որն, օրինակ, կողջուներ Արցախի հանձնումը եւ հայաթափումը: Իսկ այս իրավիճակում, բնականաբար, քարոզչություն է տարվում, որ հոգեւորականներն ամենամեծ կաշառակերներն են: Չնայած՝ դժվար եմ պատկերացնում, թե քահանան ինչ լծակ կամ իշխանություն ունի՝ պարգեւավճար բաժանելու կամ որեւէ հարց լուծելու համար, օրինակ, նպաստել, որ իր բարեկամը շահի պետական խոշոր տենդերները:

Վերջապես՝ լրատվամիջոցները: Դրանց մի մասը Հայաստանում այսպես թե այնպես արտահայտում է ընդդիմության տեսակետը եւ դրա դեմ պայքարելու լավագույն ձեւն է հայտարարելը, որ դրանք աշխատում են «ժողովրդից երեսուն տարի թալանած փողերով»: Այդ է պատճառը, որ ոչ իշխանական տեսակետ արտահայտող գրեթե բոլոր հրապարակումների տակ «բոթերը», «թրոլները», «ֆեյքերը», ինչպես նաեւ՝ իրական մարդիկ, մեկնաբանություն են գրում. Duk lragroxnert bolort caxvac ek u angraget!!!

Եթե առաջին երկու կառույցները տեսականորեն հնարավոր է ամբողջությամբ ձեռնասուն դարձնել, ապա, ժամանակակից պայմաններում, երրորդն այդպիսին չի կարող դառնալ: Համենայնդեպս՝ ես այդպիսի հույս ունեմ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Իսկ նկատել եք վարչապետին 50 տոկոսից ավել գտնում են կոռումպացված։ Սրա մասին չեք գրում։ Կարծես թե դեմ է Ձեր համոզմունքին որ հասարակության մեծամասնությունը սատարում է սրանց։ Միայն 34% է գտնում ոչ կոռումպացված

  2. Ջորդանո Գալիլյան says:

    Ամենակոռումպացվածը մեծարգո պարոն վարչաղետի՝ բառիս բուն իմաստով թանկագին տիկինն է: Մի քանի օր առաջ խաղաղության թանկարժեք աղավնին գնացել էր «ժողովրդավարություն» տարածելու՝ հպարտ պողոսներին այս անգամ ցուցադրելով իր Roger Dubuis ժամացույցը՝ 18 կարատանոց ոսկե պատյանով եւ 31 900 դոլար արժողությամբ…

    Իշխանազավթումից անմիջապես հետո ստեղծված հայտնի հիմնադրամը կոռուպցիայի ակնհայտ եւ դասական օրինակ է. պարզունակ դրամաշորթություն ՝ բարեգործության անվան տակ: Մուծվի՛ր ոսկե Աննային, այլապես հրաժեշտ կտաս փողերիդ եւ/կամ կհայտնվես ճաղերի ետեւում: Շատերն, իհարկե, ժամանակին մուծվեցին եւ շարունակում են մուծվել՝ շառից-փորձանքից հեռու վայելելու իրենց թալանած բարիքները (Լֆիկի ականջը կանչի): «Նոր Հայաստան-նոր Հայրապետ» օպերացիան նույնպես կոռուպցիոն բնույթ է ունեցել. այն դադարեցվել է նմանատիպ մի մուծման շնորհիվ ($50 000), բայց դա միայն հիմնադրամի թղթի վրա, իսկ իրական գումարը միայն «աստված» գիտի…

    Ի հիշեցումն ադամանդակուռ տիկնոջ՝ ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի՝ «Շորթումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով` պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով…»

  3. Լավատես says:

    Ոչկոռումպացվածներն շատ ավելի շատ են քանակով, քան կոռումպացվածները, պարզապես վերջիններս, զգալով իրենց հանցավոր կարգավիճակը, շատ ավելի ակտիվ են ոչկոռումպացվածներից, մեխանիկայի ոսկե կանոնն է, կոռուպցիան կարելի է հաղթել, եթե մեծաքանակ ոչկոռումպացվածների ակտիվությունը մեծացնել: Ինչպե՞ս:
    Ընտրող քաղաքացիներն ունեն լիքը խնդիրներ, իրենց կողմից վարձված փորձագետների միջոցով կձեւակերպվեն այդ խնիրները, հետագայում համակարգելով, տեսակավորելով այդ խնդիրները ներկայացվում են իշխանությունը հավակնող կուսակցություններին, որպեսզի նրանք պատրաստվեն քննության եւ մինչեւ ընտրարշավը այդ խնդիրներին արդյունավետ համակարգային լուծումներ գտնեն, իսկ ընտրողներն իրենց կողմից վարձված փորձագետների ուղղորդմամբ կընտրեն այս կամ այն կուսակցության ներկայացուցչին: Փաստաբանների օրինակով, ովքեր իրավական հարցերով փորձագետներ են, պետք է լինեն առողջապահական, ֆինանսական, տնտեսական, ռազմական եւ այլ կենսական նշանակության փորձագետներ: Աշխարհի հայ փորձագետներ, միացե՛ք:

  4. Հայ says:

    Լրագրողը չի կարող ծախված կամ չծախված լինել։
    Լրագրությունը դա բիզնես է,փողը տալիս ես՝քեզ գովազդում են,չես տալիս, գովազդում են քո մրցակցին։
    Լրագրողը դա պետական աշխատանք չէ,որ կոռումպացված լինի,պարզապես մենք սովետական միության ազդեցության տակ, մտածում ենք,որ պետական գումարներով աշխատող լրագրողը պետք է անաչառ լինի,սակայն պետական գումարով միայն Հ1 է աշխատում։
    Հիմա կան լրագրողների տարբեր տեսակներ,բլոգերներ,ինֆլյուենսերներ,որոնք գնում են այս ինչ կամ այն ինչ ռեստորան և ձեռի հետ,գումարի դիմաց, գովազդում այն։Նրանք կարող են նաև գովազդել քաղաքական գործչին,բայց դա ավելի նուրբ արվեստ է և բլոգերը կարող է կորցնել սեփական աուդիտորան,դրա համար քաղաքական գործչի դեպքում գումարն ավելի մեծ է,իսկ գործը ավելի նուրբ։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930