Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական ակտի չկատարումը հանգեցնում է դատական ակտի կատարման պարտադիրության սկզբունքի խախտմանը

Նոյեմբեր 12,2022 15:00

«Գործնականում երբեմն դատական ակտերը չեն կատարվում, խոչընդոտներ են ստեղծվում այդ ակտերի կատարման համար: Նշված արարքների կատարման համար պատասխանատվություն է նախատեսում Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգիրքը:

Իհարկե, այդ արարքները նորույթ չեն, դրանց համար պատասխանատվություն նախատեսված էր նաեւ նախկին քրեական օրենքում: Սակայն օրենսգրքի 45- րդ գլխում (Արդարադատության շահերի դեմ ուղղված հանցագործությունները) վերը նշված արարքների առանձին հատկանիշներ կարգավորված են նորովի, ուստի անհրաժեշտություն է առաջացել մեկնաբանել այդ կարգավորումները: Սրանով է պայմանավորված սույն հետազոտության նորույթն ու արդիականությունը»,-ներածության մեջ գրել է Գ. Իսրայելյանը:

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտորի խորհրդական, Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս Գեւորգ Իսրայելյանը «Դատական իշխանություն» ամսագրի վերջին համարում (հուլիս-սեպտեմբեր) անդրադարձել է կարեւորագույն թեմայի՝ Դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու համար պատասխանատվությանը, ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի կարգավորումների:

Օրենսգրքի 507-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու համար: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար»: Փաստորեն, դատական ակտի չկատարումը հանգեցնում է դատական ակտի կատարման պարտադիրության սկզբունքի խախտմանը, ինչպես նաեւ խոչընդոտում է արդարադատության խնդիրների իրագործմանը, բացառում է պատճառված վնասի հատուցման, խախտված իրավունքի վերականգնման հնարավորությունը, ազատում է դատական ակտի հասցեատիրոջը՝ դրա հետեւանքները կրելուց: Հանցակազմի ձեւակերպումից բխում է, որ քրեական պատասխանատվության հարց կարող է առաջանալ միայն քրեական, քաղաքացիական եւ վարչական գործն ըստ էության լուծող դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու համար: Հետեւաբար՝ քննարկվող հանցակազմն առկա չէ դատական այն ակտերը չկատարելու կամ դրանց կատարմանը խոչընդոտելու համար, որոնք գործն ըստ էության լուծելու համար նշանակություն չունեն (միջանկյալ դատական ակտեր, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումներին համապատասխան վկային բերման ենթարկելու մասին որոշումը): Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հանցակազմն առկա է, եթե եզրափակիչ դատական ակտն արդեն մտել է օրինական ուժի մեջ:

Վերը նշվածից ելնելով՝ քննարկվող հանցանքի անմիջական օբյեկտը դատական ակտերի՝ նորմատիվ ակտերով սահմանված կատարման կարգի ապահովման հասարակական հարաբերություններն են: Օբյեկտիվ կողմից հանցանքը դրսեւորվում է հետեւյալ այլընտրանքային արարքներով. 1. Դատական ակտի կատարմանը խոչընդոտելը: Այս արարքը դրսեւորվում է ակտիվ վարքով՝ գործողությամբ: Հանցավորի գործողություններն ուղղված են դատական ակտերի կատարմանը խանգարելուն: Օրինակ, դատական ակտով սահմանված սերվիտուտի իրավունքից օգտվելուն խանգարելը՝ ճանապարհ փակելով կամ այլ խոչընդոտներ ստեղծելով:

2. Դատական ակտը դրանով սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ այն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կամ տվյալ ակտի կատարման շրջանակում հարկադիր կատարողի սահմանած ժամկետում չկատարելը: Այս արարքը դրսեւորվում է պասիվ վարքով՝ անգործությամբ, այսինքն՝ սահմանված ժամկետում չի կատարում եզրափակիչ դատական ակտով սահմանված պարտականությունը, ընդ որում՝ եթե դրա կատարումը հնարավոր չէ հարկադիր կատարման միջոցների գործադրմամբ: Օրինակ՝ դատական ակտով սահմանված հողամասն ազատելու եւ այն ազատ վիճակում սեփականատիրոջը վերադարձնելու պարտավորությունը չկատարելը:

3. Դատական ակտով արգելված գործողություն կատարելն այդ արգելքի գործողության ժամանակահատվածում: Ինչպես ձեւակերպումից ուղղակիորեն հետեւում է, այս արարքը դրսեւորվում է գործողությամբ՝ հանցավորը համապատասխան ժամկետում կատարում է արգելված գործողությունը: Օրինակ, դատական ակտով արգելվել է վաճառել գույքը՝ մինչեւ այլ անձի կողմից դրա նկատմամբ ժառանգություն ընդունելը, կամ արգելվել է քանդել ինքնակամ շինությունը՝ մինչեւ դրա օրինականացման վերաբերյալ դիմում ներկայացնելը:

Վերը նշված թվարկմամբ նշված 2-րդ եւ 3-րդ արարքները կատարելու համար հանցակազմի պարտադիր հատկանիշ է հանցանքի կատարման ժամանակը: Քննարկվող հանցակազմը ձեւական է: Ինչպես ուղղակիորեն նշված է՝ հիմնական հանցակազմում քննարկվող հանցագործության սուբյեկտ են պարտապանը կամ նրա իրավասու անձը: Սուբյեկտիվ կողմից հանցանքը դրսեւորվում է ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի դիտավորությամբ: Օրինակ, երբ պարտապանը չի ազատում հողամասը, որպեսզի հասցնի հավաքել եւ իր կարիքների համար օգտագործել բերքը, առկա է ուղղակի դիտավորություն, քանի որ հողամասը չազատելը նպատակին հասնելու միջոց է: Իսկ եթե պարտապանը, առանց որեւէ նպատակի, չի ազատում հողամասը, առկա է անուղղակի դիտավորություն: Քննարկվող հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է սահմանում 1-ին մասով նախատեսված արարքների համար, որոնք կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով:

Սա, Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն, նշանակում է ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով կարգադրիչ լիազորությունները կամ ծառայողական լիազորությունները կամ ծառայողական դիրքից բխող հեղինակությունն օգտագործելը: Պետք է նշել, որ քննարկվող հարցում առկա են օրենսգրքի եւ քրեական նախկին օրենսգրքի կարգավորումների որոշակի տարբերություններ: Մասնավորապես, նախկին քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածը՝ դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, բաղկացած էր 3 մասերից. 1. 1-ին մասը պատասխանատվություն էր սահմանում օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելու համար, 2. 2-րդ մասը պատասխանատվություն էր սահմանում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (բացառությամբ գումարի բռնագանձման պահանջի եւ քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող պարտավորությունների) դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելու համար, 3. 3-րդ մասը պատասխանատվություն էր սահմանում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (բացառությամբ գումարի բռնագանձման պահանջի եւ քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող պարտավորությունների) քաղաքացու կողմից չկատարելու համար՝ նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ ամսվա ընթացքում: Փաստորեն, նախկին օրենսգրքի 353-րդ հոդվածի բաժանումը մասերի պայմանավորված էր սուբյեկտների դասակարգմամբ, իսկ 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված պատասխանատվություն չէր առաջանա գումարի բռնագանձման պահանջի եւ քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող պարտավորությունների վերաբերյալ դատական ակտերը չկատարելու դեպքում:

Բացի դրանից՝ 3-րդ մասով պատասխանատվություն կառաջանար, եթե քննարկվող արարքը կատարվեր նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ ամսվա ընթացքում: Օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես վերը նշվեց, նախատեսում է 1-ին մասով նախատեսված արարքի որակյալ տեսակը, այսինքն՝ առկա է ծանրացնող հանգամանք: Հոդվածը որեւէ բացառություն չի սահմանում, մասնավորապես, գումարի բռնագանձման պահանջի եւ քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող պարտավորությունների վերաբերյալ, հետեւաբար, այդ հարցերը լուծող օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտերը չկատարելը կամ դրանց կատարմանը խոչընդոտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն: Ինչ վերաբերում է նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ ամսվա ընթացքում կատարելու դեպքում քրեական պատասխանատվություն առաջանալու հարցին, ապա Վարչական իրավախախտումերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 206.9 հոդվածը 09.06.2022 թ. ուժը կորցրել է, այլ կերպ ասած՝ դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելը ներկայում առաջացնում է միայն քրեական պատասխանատվություն: Եզրակացություն. Դատական ակտը չկատարելը կամ դրա կատարման խոչընդոտելը՝ որպես հանցավոր արարք, նորույթ չէ, դրա համար պատասխանատվություն նախատեսված էր նաեւ նախկին քրեական օրենքում: Սակայն օրենսգրքի 507-րդ հոդվածում նշված արարքի առանձին հատկանիշներ կարգավորված են նորովի: Հետազոտության արդյունքները, տեսական նշանակությունից զատ, կարծում ենք, ունեն նաեւ գործնական նշանակություն: Դրանք կարող են ուղեցույց հանդիսանալ հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների, ինչպես նաեւ խնդրո առարկա արարքներին իրավաբանական գնահատական տվող եւ պատասխանատվության միջոցներ կիրառող մարմինների համար՝ իրենց առօրյա գործունեության մեջ:

«Առավոտ» օրաթերթ
11.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930