Ալիեւի ռազմատենչ հոխորտանքները սթափ դատողություններ ունեցող ցանկացած հայի համար մեկ բան է նշանակում. հույս չունենալ այդ երկրի հետ խաղաղ գոյակցության, մտածել ազգային ներուժի համախմբման եւ պաշտպանական հզորությունների ավելացման մասին։ Իսկ մնացած պատկերացումները ռոմանտիզմի ժանրից են եւ որեւէ խելամիտ ապագա չունեն։ Եթե Հայաստանի իշխանությունը եւ նրան սպասարկող օղակները սա չհասկացան, առաջիկայում մեզ սպասվում են նոր աղետներ։
Երկրում ձեւավորված ներքաղաքական բալանսավորումը տեղ չի թողել առողջ ժողովրդական ուժերին ասպարեզ դուրս գալ։ Իշխանություն- ընդդիմություն հին ու ուժասպառ եղած օրակարգերը վեր են ածվել մի յուրօրինակ պայքարի, որին կարելի է անվանել պայքար հանուն պայքարի, որի արդյունքում իշխանությունը կմնա իշխանություն, իսկ ընդդիմությունը` ընդդիմություն։
Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում, կամ ինչպես ասում են՝ «զրոների գումարը հավասար է զրոյի»։
Մեզ մնում է մի այլընտրանք, այն է՝ միավորել առողջ ժողովրդական ազգային ուժերը, փոքր հակասությունները եւ ամբիցիաները մի կողմ թողնել, հիմա դրանց ժամանակը չէ, ազգն ու նրա անվտանգությունն է վտանգի տակ, մեր բոլորի արժանապատվությունն է նսեմացված։
Ահա այս պետք է լինի մեր յուրաքանչյուրի ներքին շարժառիթն ու միավորման օրակարգը, որտեղ էլ որ գտնվենք, ինչ մասնագիտություն էլ որ ունենանք, կամ չունենանք։ Գոյության եւ լինելիության հարցն է մեր սեղանի վրա դրված:
Կարդացեք նաև
Խաչիկ ՄԱՐՈԶՅԱՆ
իրավապաշտպան
«Առավոտ» օրաթերթ
11.11.2022