Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոդենը, Կամիլն ու «Համբույրը»՝ Փարիզի սրտում

Նոյեմբեր 12,2022 14:00

Մի քանի շտրիխ՝ Օգյուստ Ռոդենի թանգարանից

Ֆրանսիացի քանդակագործ եւ գրաֆիկ Օգյուստ Ռոդենի քանդակներից գոնե «Համբույր»-ին եւ «Մտածող»-ին, թերեւս, շատերն են ծանոթ։

1888 թվականին Ֆրանսիայի կառավարությունն առաջին անգամ Ռոդենին պատվիրել է «Համբույրի» մարմարե տարբերակը՝ Համաշխարհային ցուցահանդեսի համար, բայց այն հանրությանը ներկայացվել է միայն 1898թ. Փարիզյան սալոնում։

1900թ. քանդակը տեղափոխվել է Լյուքսեմբուրգյան այգու թանգարան, իսկ 1918 թ.՝ Բիրոնի պալատ, այսինքն՝ Ռոդենի թանգարան, որտեղ էլ պահվում է մինչեւ օրս։

Փարիզի սրտում գտնվող Ռոդենի թանգարանը 18-րդ դարի մի հոյակերտ դղյակ է, որն այցելուների առաջ իր դռներն է բացել 1919թ.-ից։

Ամեն տարի այս թանգարան է այցելում ավելի քան 700 հազար մարդ, այն նույնքան հայտնի է, որքան Լուվրն ու Օրսեն։

Այստեղ հավաքված է հանճարեղ արվեստագետի աշխատանքների ամենախոշոր հավաքածուն։


Գեղեցիկ է նաեւ թանգարանի այգին, որտեղ տեղադրված են Ռոդենի լավագույն ստեղծագործությունները՝ «Մտածողը», «Դժոխքի դարպասները», «Կալեի քաղաքացիները»՝ նվիրված Հարյուրամյա պատերազմի դրամատիկ դրվագներից մեկին, «Բեթհովենը» եւ այլն։
Իսկ դղյակում տեղակայած թանգարանում արդեն կարելի է տեսնել նրա այլ հայտնի գործեր՝ «Համբույրը», «Քայլող մարդը», «Եվան» եւ այլն։


Մի առանձին սրահ էլ հատկացված է Ռոդենի սիրելի Կամիլ Կլոդելի աշխատանքներին։

Մի առիթով Ռոդենն այսպես է բնութագրել իր խելահեղ մուսային. «Հրաշալի ճակատ՝ երկու չքնաղ մուգ կապույտ աչքերի վերեւում: Այդպիսի աչքեր ունենում են Բոտիչելիի կտավներում պատկերված գեղեցկուհիները, ինչպես նաեւ զգայուն շուրթեր, ուսերին թափվող ոսկեշագանակագույն մազեր… Մի խոսքով, երես առած աղջկա հրաշագեղ արտաքին՝ մանկական ուրախությամբ լեցուն»:

Ռոդենն իրեն փորձել է ինչպես գեղանկարչության մեջ, այնպես էլ քանդակում։ Նրա թանգարանում պահվում է շուրջ 6000 քանդակ, 8000 լուսանկար, եւ 7000՝ արվեստի այլ գործեր։ Թանգարանում ցուցադրվում է նաեւ Ռոդենի՝ գեղանկարչական գործերի անձնական հավաքածուն՝ ներառյալ Վան Գոգի որոշ գործեր:

Ռոդենի թանգարանը նաեւ գրադարան ունի, որտեղ, ի թիվս այլնի, հավաքված է նրա արվեստին նվիրված գրականություն։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Փարիզ- Երեւան
Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
11.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930