2002 թվականի փետրվարի 6-ին Երեւանում, Թունյանների ընտանիքում ծնվեց Հայկը. նա, որ ճակատագրով հերոս պիտի կնքվեր ապագայում։ Հայկը ընտանիքի առաջնեկն էր, ավագ որդին ու ծնողների միակ արու զավակը, երկու՝ իրենից փոքր քույրերի ավագ եղբայրն ու պաշտպանն էր։ «Փոքր տարիքում շատ չարաճճի էր, իր գլխին միշտ փորձանք բերող,-պատմում է հերոսի մայրը՝ Լիանան,-երբ մեծացավ, լրիվ հակապատկեր դարձավ՝ բնավորությամբ լուրջ, քչախոս ու հանգիստ»։
Հայկը անսահման նվիրված էր ընկերներին ու հատկապես՝ ընտանիքին: Պլաններ ուներ՝ հենց ծառայությունն ավարտեր, գալու էր հորն օգներ ու տունը «իր ուզածի պես» նորոգեր։ Հայկը նախնական կրթությունն ստացել է Երեւանի հ.98 միջնակարգ դպրոցում, ավարտելուց հետո՝ ընդունվել Երեւանի N1 արհեստագործական պետական ուսումնարան։ Փոքր տարիքից հետաքրքրված էր սպորտով. հաճախել է կարատեի, լողի եւ ֆուտբոլի։ «Մինչեւ բանակ գնալը որոշել էր՝ բանակում վարորդ է լինելու, արդեն վարորդական իրավունքի վկայականն ուներ, բայց հետո մտափոխվեց՝ ուզում էր սահմանները հսկել, երեւի զգում էր՝ մարտի դաշտում անելիք ունի տղես…»,-խորը կսկիծով, բայց մեծ հպարտությամբ պատմում էր Հայկի հայրը՝ Կարենը։
2020 թվական, հուլիսի 8. եկավ ծառայության ժամանակը։ Հավաքույթ չէր ուզում անեին, ընտանիքին ասել էր՝ «Գնալուցս քեֆ մի արեք, գալուցս «հարսանիք» կանենք», ու «հարսանիքը» հավերժ հետաձգվեց…
Հայկը մեծ պատասխանատվությամբ, սիրով եւ ոգեւորությամբ մեկնեց բանակ։ Ծառայության անցավ Արցախի «Մարտունի 2» զորամասում: Նրան վիճակվեց հմուտ գնդացրորդ դառնալ, ինչպես նաեւ իրեն էր կցված նռնականետը։ Իր զենքի վարպետն էր Հայկը, ինչի շնորհիվ էլ նրան բոլորը «Պեկայիստ Հայկո» էին ասում, այդպես էին ճանաչում…2 ամսվա ծառայող էր ընդամենը, երբ սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը:
Թե՛ ծառայողական օրերին եւ թե՛ պատերազմի դաշտից, երբ զանգահարում էր, ինքն էր հանգստացնում հարազատներին՝ ասելով. «Ես լավ եմ, ապահով տեղում եմ։ Դուք հանգիստ եղեք»։ Հոկտեմբերի 29-ին զանգահարեց ու ասաց. «Արդեն ամեն օր կզանգեմ»։ Բայց, ցավոք, դա իր վերջին զանգը եղավ։ Իր զենքով կռվել է մինչեւ վերջին շունչն ու փամփուշտը՝ ոչնչացնելով թշնամու մի ամբողջ խումբ: Հայկին հարազատները այդպես էլ զինվորական համազգեստով չտեսան, երկրում համաճարակով պայմանավորված՝ արգելված էին բոլոր տեսակցությունները։
Հայկը անմահացավ հոկտեմբերի 31-ին՝ դիպուկահարի կրակոցից։ Հուղարկավորության օրը, թոռան կորստի բոթին չդիմանալով, մահանում է նաեւ Հայկի պապը, որի հետ մի ամբողջ կյանք նույն տանը ապրել է հերոսը եւ որի հետ ամենակապվածն է եղել:
Հերոսի մարմինն ամփոփված է Նորագավիթի ընտանեկան գերեզմանատանը՝ պապի հետ կողք կողքի։ Հայկի զոհվելու մասին լուրը լսելուց հետո հայրը ամիսներ շարունակ տան դռները գիշերները չէր կողպում, ինչը սովորաբար միշտ էր անում քնելուց առաջ, լուրն իմանալուց հետո ամիսներ շարունակ դռները բաց էր թողնում, որովհետեւ տանը պակաս մարդ կա, ով մի օր հաստատ գալու էր ու ժխտելու բոլոր լուրերը, որոնք իր չլինելու մասին պտտվում էին ամենուր, եւ որի ֆիզիկական բացակայության հետ հաշտվելը մինչ օրս էլ խորթ է բոլորի համար:
2021 թվականին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Հերոս Հայկ Կարենի Թունյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական Ծառայություն» մեդալով։ Հերոսի բակում՝ Նորագավիթում, տեղադրված է հուշաղբյուր-խաչքար՝ իր վառ հիշատակին նվիրված։ Ու դու քո մարմնով փակեցիր միջանցքը նոր կորուստների…Հպարտ եմ, Պատիվ ունեմ…
Լիլյա ԹՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.11.2022