Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ կգա օրը, դարձյալ «կհանդիպեմ» Ջեմմայիս»

Նոյեմբեր 12,2022 13:00

Դերասան Գոռ Հովհաննիսյանը՝ իր կերտած Ջեմմա Քարդաշյանի կերպարի եւ մասնագիտական հեռանկարի մասին

Մեծանուն դերասան Կարպ Խաչվանքյանը հարցազրույցներում, այդ թվում՝ «Առավոտի» հետ, մի այլ ջերմությամբ ու հպարտությամբ էր խոսում Թոմաս Բրանդոնի «Չարլիի մորաքույրը» երաժշտական կատակերգության մեջ խաղացած՝ մորաքրոջ իր կերպարի մասին։ Հետո արդեն Նարեկ Դուրյանը ներկայացավ մորաքրոջ կերպարով՝ «Մորաքույրը Փարիզից» բեմադրությունում… Միառժամանակ անց դերասան, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ նկարահանվեց «Սուպեր մամա»-ում կնոջ դերում։ Թատրոնի մարդիկ ասում են, որ մեր իրականությունում շատ չեն կնոջ կերպարով հանդես եկած հայ տղամարդ դերասանները։ 20-րդ դարասկզբին Չարլի Չապլինը «Անհանգիստ օր» ֆիլմում ներկայացավ կնոջ կերպարով, հետո արդեն շատ կինոաստղեր, այդ թվում՝ Ջեկի Չանը («Քաղաքային որսորդ»), Ռոբին Ուիլյամսը («Միսիս Դաութֆայեր»), Թոնի Կյորտիսն ու Ջեք Լեմոնը («Ջազում միայն աղջիկներ են»), Ալեքսանդր Կալյագինը («Բարեւ, ես ձեր մորաքույրն եմ») եւ այլն։ Ժամանակին էլ հրաշալի կանանց կերպարներ էր ստեղծում Արկադի Ռայկինը, ի վերջո, Ռուսաստանի հանրային TV-ով հեռարձակվում է հիանալի մի ծրագիր՝ «Ճիշտ եւ ճիշտ», որտեղ երգիչները մարմնավորում են նաեւ երգչուհիների, ընդ որում՝ եւ արտաքնապես, եւ վոկալով։ Էլ չհիշեցնենք, որ Հին Հունաստանում դրամատիկական պիեսներում կանանց դերերը խաղում էին տղամարդիկ։


Այս համառոտ հիշեցում-նախաբանի համար առիթ հանդիսացավ օրերս երեւանյան շոու-ծրագրերից մեկում մի երիտասարդ արտիստի ելույթը, որը թե արտաքնապես եւ թե վոկալով ներկայացավ մի քանի երգչուհիների նմանակումներով, այդ թվում՝ Իրինա Ալեգրովա, Շեր եւ այլն։ Եվ երբ արտիստին հրավիրեցինք հարցազրույցի, շատ զարմացավ, ասելով՝ «Մենք Եվրոպայում չենք ապրում, ապրում ենք ընդամենը մեծ գյուղում, ինչպես բարձրաձայնեմ, որ կանանց կերպարներում եմ հանդես գալիս…»։ Մենք էլ շատ զարմացանք, երբ այցելեցինք նրա ֆեյսբուքյան էջ, որտեղ տեղադրված էին նկարներ իր ելույթներից՝ Լարիսա Դոլինայի, Ալլա Պուգաչովայի, Շերի, Ալեգրովայի, Մադոննայի եւ այլ աստղերի կերպարներում։

Վերը շարադրվածի առիթով մտաբերեցինք հայաստանյան սիթքոմներից, հումորային նախագծերից, հատկապես «Շանթ» TV-ից հայտնի երիտասարդ դերասան Գոռ Հովհաննիսյանի Ջեմմա Քարդաշյանին։

Մեզ հետ հանդիպման ժամանակ Գոռը տեղեկացրեց, որ 2012-ից մինչեւ 2017թ. հանդես է եկել Ուրախների եւ հնարամիտների ակումբի Հայաստանի հավաքականում, մրցելույթներով շրջել են հետխորհրդային երկրներում։ Ռեպլիկին՝ բայց հավաքականը այդպես էլ ոչ մի հաղթանակ չունեցավ, ի տարբերություն բժշկական համալսարանի թիմի, մեր զրուցակցի պատասխանը հետեւյալն էր. «Պատճառը պետության, կոնկրետ՝ մշակույթի նախարարության կողմից աջակցության բացարձակ բացակայությունն էր, քանի որ յուրաքանչյուր ելույթի հաջողության գրավականը սցենարն է»։ Հետո էլ մանրամասնեց՝ «Մենք, իհարկե, հանդես էինք գալիս մեր հորինած սցենարներով, բայց այստեղ էլ է պետք պրոֆեսիոնալ սցենարիստ, դա էլ է, չէ՞, մասնագիտություն։ Իսկ մենք, ուղիղ ասած՝ սցենարիստին վճարելու հնարավորություն չունեինք»։ Հետաքրքրվեցինք մեր զրուցակցի կրթությամբ։ Պարզվեց, որ երիտասարդը ուսանել է Երեւանի գյուղատնտեսական քոլեջի դիզայներական բաժնում, ձեռք բերել մոդելավորող-ասեղնագործողի մասնագիտություն, ապա՝ Երգի պետական թատրոնի ջազ-վոկալ բաժնում, հետո ընդունվել է Մանկավարժական համալսարանի անգլերեն լեզու եւ գրականություն բաժինը, բայց երրորդ կուրսից կիսատ է թողել, քանի որ չէր կարողացել վճարել ուսման վարձը։ Նպատակ ունի սովորել Ամստերդամի կոնսերվատորիայի վոկալ բաժնում։ Հետաքրքրությանը՝ ինչո՞ւ ոչ Երեւանի, չէ՞ որ Ամստերդամում ուսանելը անհամեմատ թանկ է, մեր զրուցակիցը առանց մանրամասնելու, ժպտալով ընդամենն ասաց. «Գիտեմ, որ այնտեղ անհամեմատ թանկ է, բայց…»։ Ասաց նաեւ, որ այս պահին աշխատում է որպես կոնֆերանսյե, շահութաբեր աշխատանք է, որը հնարավորություն կընձեռի իրականացնել նպատակը։

Զրույցի ընթացքում դոմինանտում էր Ջեմմա Քարդաշյանի կերպարի շուրջ խոսակցությունը. «Արդեն յոթ ամիս է՝ Ջեմմայի զգեստները չեմ հագել, չեմ շպարվել, շատ-շատ կարոտել եմ Ջեմմայիս։ Նա տիպիկ հայ տնային տնտեսուհի է, ով շատ է սիրում բամբասել… բայց միեւնույն ժամանակ իր մարդ տեսակն է շատ լավը։ Ջեմմաս նաեւ շատ սեքսի է ու շատ կյանք կա նրա մեջ։ Իսկ որ ամենակարեւորն է՝ անսպառ ժպիտ է պարգեւում։ Գիտե՞ք, գալիս էր պահ, երբ մոռանում էի, որ նա մտացածին կերպար է, նրան վերաբերվում էի իբրեւ իրական անձի, չգիտեմ նույնիսկ ինչպես ասել, շատ-շատ եմ սիրում նրան, ով ինձ մեծ հաջողություն բերեց։ Հույսս չեմ կորցնում՝ կգա օրը, դարձյալ «կհանդիպեմ» Ջեմմայիս»։

Նաեւ փաստեց, որ տարբեր նախագծերում հանդես է եկել տղամարդու կերպարներում նույնպես, այդ թվում՝ Կարպ Խաչվանքյանի։ Փոքր-ինչ դադարից հետո էլ ասաց. «Ջեմմաս միակ կինն է եղել, ես նրան երբեք չեմ դավաճանի»։ Կատակեցինք՝ Ամստերդամի կոնսերվատորիայի ճանապարհը բռնած ապագա օպերային երգիչը մտավախություն չունի՞, թե կկորցնի Ջեմմային, Գոռ Հովհաննիսյանը կրկնեց, որ նրան երբեք չի դավաճանի եւ եթե համաշխարհային օպերային գրականության մեջ չգտնվի գոնե մի գործ, ապա հույս ունի, որ ժամանակակից կոմպոզիտորներից մեկը կստեղծի օպերա, որտեղ հանդես կգա միաժամանակ երկու՝ տղամարդու եւ կնոջ կերպարներում։ «Կնոջ անունն էլ թող Ջեմմա լինի, ինչ կլինի»,- իրեն հատուկ հումորով ու ժպիտով եզրափակեց մեր զրուցակիցը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930