Լրահոս
Օրվա լրահոսը

Սերունդների բարոյական անկման պատճառը՝ բեմում

Նոյեմբեր 12,2022 12:30

Ժամանակակից կյանքը երեւույթների ու արժեքների նորովի ըմբռնմամբ ու գնահատմամբ է առանձնանում։ Եվ կան մարդիկ, որոնք ժամանակի հետ չեն փոխում իրենց արժեհամակարգի հայեցակարգը։ Պատանի հանդիսատեսի թատրոնում օրերս պրեմիերա էր. բեմում Լյուդմիլա Ռազումովսկայայի «Սիրելի Ելենա Սերգեեւնա» ներկայացումն էր՝ Շուշան Ղազարյանի բեմադրությամբ։ Բեմադրության գեղարվեստական խորհրդատուն ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանն է։

Կարծում եմ՝ շատերն են դիտել 1988 թվականի արտադրության «Дорогая Елена Сергеевна» ֆիլմը, որի ռեժիսորը Էլդար Ռյազանովն է եւ ցույց է տալիս մի ողջ ժամանակաշրջանի իրական պատկերը։ Թեման միանգամայն արդիական է, կարծում եմ՝ բոլոր ժամանակների համար։ Իսկ ահա ներկայացումը նախ եւ առաջ հետաքրքրեց ժամանակակից կարեւոր մոտեցումներով, որոնք բնականություն են հաղորդել (նկատենք, որ գործող անձանց անունները չեն փոխվել, իսկ խոսքում եւ առանձին տեսարաններում փոփոխություններն ակնհայտ են, թեեւ մոտեցումն ինքնին միագիծ չէր)։

Արժեքներն ու մարդկային բարոյականությունը, սերունդների բախումը ներկայացման առանցքային թեմաներից են, որոնք խտացել են եւ մատուցվել երիտասարդ դերասանների կողմից։


Համեստ կահավորված բնակարանը (բեմանկարիչ՝ Քրիստինե Վարդանյան) ներդաշնակ մթնոլորտ է ստեղծում։ Ելենա Սերգեեւնան (Նառա Սարգսյան) մաթեմատիկայի ուսուցչուհի է՝ կիրթ, փխրուն, նուրբ, իր որդեգրած բարոյական սկզբունքներին հավատարիմ, թվում էր անպաշտպան, ժամանակակից կյանքին ոչ այնքան ինտերգրված եւ ինքն իր մեջ ներփակված։ Իսկ նրա աշակերտների անսպասելի այցը ծննդյան օրը, տորթ ու շամպայն վայելելը շրջադարձային եղավ։ Աշակերտները, որոնցից յուրաքանչյուրն ունի վարքի իր դրվածքը, իհարկե, ազնիվ նպատակներով չէին այցելել ուսուցչուհուն։ Քննական աշխատանքների թերթիկների տեղն իմանալուց հետո նրանք սկսում են քայլեր ձեռնարկել չհրկիզվող պահարանի բանալին ամեն գնով վերցնելու համար։ Այդ բանալին, իրենց բնորոշմամբ, «ապագայի բանալի» է։

Նախ կարեւոր եմ համարում առանձնացնել կատակերգական երանգը, որը հիմնականում կապված է աշակերտների բառապաշարում տեղ գտած «ժամանակակից» բառերի ու արտահայտությունների հետ, որից բացարձակապես հեռու եւ անտեղյակ է ուսուցչուհին ու երբեմն-երբեմն ամաչելով հարցնում է դրանց մասին։ Դերասանուհի Նառա Սարգսյանը ճիշտ էր գտել իր հերոսուհուն բնորոշող գծերը՝ խոհեմ, ինքնամփոփ եւ հավատում ու ճանաչում էր նախ ինքն իրեն որպես Ելենա Սերգեեւնա։ Նշեմ նաեւ, որ կերպարի տիպականացմանը մեծապես նպաստել է զգեստը (զգեստների նկարիչ՝ Մարինա Թադեւոսյան)։

Վոլոդյայի դերակատար Սեյրան Մովսիսյանի խաղն այնքան բնական էր, դինամիկ, խոսքը՝ անկաշկանդ։ Նա կարողացավ օրգանական խաղով հանդիսատեսին պահել լարված սպասման մեջ մինչեւ ներկայացման ավարտը։

Տպավորիչ եւ համոզիչ էր Վիտյայի դերակատար Սարգիս Շողունցի խաղը՝ ռիթմիկ, շարժումները՝ թեթեւ, բայց շեշտադրված, ապրումներն ու դիմախաղը՝ զուսպ, ներքին ընդգրկուն հայացքով, խոսքը՝ հստակ։ Սարգիսը հավատում էր այն ամենին, ինչ կատարվում էր կերպարի շուրջ, որը մեծապես օգնել է կերպարի յուրահատուկ կողմերն ու բնավորությունը պահպանելու համար։ Պաշայի դերակատար Արման Մաթեւոսյանը նույնպես կարողացավ իր կերպարից բխող ամեն ինչ անել։ Սակայն պահ էր գալիս, որ թվում էր՝ նա պարզապես տեքստ էր արտաբերում՝ հաշվի չառնելով կերպարից բխող գիտակցական ու ենթագիտակցական շերտերը։ Լյալյայի դերակատար Ռուզաննա Փարամազյանի խաղը, մեղմ ասած, համոզիչ չէր ոչ մի առումով։ Անհարկի հուզականությունն ու ոչ ընդգծված գործողությունների պակասը խանգարում էր, եւ կերպարը որպես այդպիսին՝ խաղային ճշմարտությունից շատ հանգիստ դուրս էր մղվում։

Անդրադառնալով բեմադրության հեղինակին, նշեմ, որ Շուշան Ղազարյանի բեմադրաոճը հոգեբանական շերտերով է հարուստ։ Սակայն հետաքրքիր էին ներկայացման առանձին հատվածների գերխնդիրները, մտահղացման բեմական իրականացումը։ Սահուն լուծում էին ստացել ինչպես տանգոյի, այնպես էլ Ելենա Սերգեեւնայի բնակարանը խուզարկելու տեսարանները։ Բոլոր դերասանները փայլում էին պլաստիկական խաղով (պլաստիկ լուծումները՝ Անդրանիկ Միքայելյանի)։ Նրանք ստեղծում էին մի իրադրություն, որը համոզիչ էր։ Լյալյային տիրանալու տեսարանը թույլ էր. մի կողմից ձեւազուրկ էր, մյուս կողմից՝ եղած պլաստիկական լուծումները չունեին իրենց տոնն ու եղանակը եւ տեսարանը պարզապես հիշեցնում էր ծեծ ու ջարդ։ Գուցե գտնվի պլաստիկական լուծման մեկ այլ եղանակ։

Այս ամենին զուհահեռ, կարծում եմ՝ ներկայացման հաղթաթուղթը կայանում էր նաեւ երաժշտական ձեւավորման մեջ (երաժշտական ձեւավորումը՝ Նարեկ Բաղդասարյանի)։ Իսկ ներկայացման ֆինալը թեեւ այդքան էլ տպավորիչ չէր, բայց միանշանակ, շատ ճիշտ էր այն մոտեցումը, որ բեմում չտեսանք ինքնասպանության տեսարան եւ չիմացանք՝ լոգարանում ուսուցչուհին ուշաթափվե՞լ է, գիտակցությունը կորցրե՞լ, թե… Սակայն աշակերտների արձագանքը երեւույթի նկատմամբ արհեստական էր։ Կարծում եմ՝ Վիտյայի ու Լյալյայի դերակատարները պետք է հուզմունքն արտահայտելու այլ բնական եղանակ փնտրեն։

Արժեհամակարգային ու բարոյական մղումներ ունեցող «Սիրելի Ելենա Սերգեեւնա» ներկայացումը պետք է դիտեն պատանիներն ու նրանց ծնողները։ Չմոռանանք, որ թատրոնը մարդկային միտք է կրթում եւ կարեւոր ուղերձներ ունի հասարակության բոլոր շերտերի համար։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930