Իշխանությունն ու ընդդիմությունը սկզբունքային, միմյանցից տարբերվող դիրքորոշում չունեն Հայաստան-Ադրբեջան-Արցախ խնդիրների
լուծման ճանապարհին
Ազգային ժողովի յուրաքանչյուր նստաշրջանի աշխատանքների մեկնարկից առաջ կարեւոր քննարկման թեմա է դառնում ընդդիմադիր խմբակցությունների մասնակցության հարցը: Այն բանից հետո, երբ մամուլի տարբեր միջոցներ հայտնում են, որ ընդդիմադիր այս խմբակցությունը որոշել է մասնակցել, իսկ մյուսը՝ ոչ, մեկնաբանությունների թոհուբոհ է սկսվում:
Ինչպես քաղաքական ցանկացած գործընթաց, այնպես էլ խորհրդարան վերադառնալը չպետք է լինի ինքնանպատակ: Կարեւորն այն է, թե քաղաքական ուժերն ինչ խնդիր են դրել, քաղաքական ինչ գործընթացներ են մտադիր առաջ մղել, եւ առհասարակ, քաղաքական օրակարգ թելադրելու մտադրություն եւ ունակություն ունե՞ն, թե՝ ոչ: Ընդդիմադիրները կարողանո՞ւմ են իշխանությանը պարտադրել քաղաքական օրակարգ, պահանջներ ներկայացնել՝ հասարակական ճնշմամբ ու իշխանության այս կամ այն ծրագիրը խափանել: Իհարկե՝ ոչ, մեր ընդդիմությանը դա չի հաջողվել ու դժվար թե հաջողվի մոտ ապագայում:
Ընտրություններով խորհրդարան մտած ուժերի գործունեության հիմնական վայրը՝ աշխատավայրը, խորհրդարանն է, նրանք իրենց գործունեությունը, քաղաքական գործընթացներն այս մարմնի միջոցով պետք է իրականացնեն: Բոյկոտը նույնպես տարբերակ է, բայց եթե կա նպատակ, մարտավարություն, ռազմավարություն՝ ինչ-ինչ նպատակի հասնելու ճանապարհին:
Կարդացեք նաև
Մեր խորհրդարանական ընդդիմության նպատակը Փաշինյանին հեռացնելն է, որը ներկայացվում է հետեւյալ ձեւակերպմամբ՝ Հայաստանի անունից «բանակցողը պետք է փոխվի»: Գրեթե երկու տարի է, ինչ սա ասվում է, բայց ընդդիմադիրները չգիտեն ինչպես դա իրագործել: Այդ ընթացքում նրանք խճճվեցին իրենց ներկայացրած թե՛ գնահատականներում, թե՛ գործողություններում: Մեկ ընդդիմությունը իմպիչմենտն էր ԱԺ գնալու հիմնավորում ներկայացնում, հիմա դրա մասին ոչ ոք չի հիշում: Մեկ ընդդիմադիրները համարում էին, որ ԱԺ աշխատանքները բոյկոտելն է ճիշտ, մեկ տպավորություն էր ստեղծվում, որ նրանք հակված են գնալ խորհրդարան՝ հարցեր հնչեցնելու կառավարության անդամներին: Այնուհետեւ տարվեցին մի քանի ամիսը մեկ ծրագրեր ներկայացնելու մղումով, ու այսպես, կամաց-կամաց, մի տեսակ անիմաստ դարձավ փողոցը թեժ պահելու, երթեր ու ցույցեր անցկացնելու հրամայականը:
Եթե չկա քաղաքական պրոցես, անիմաստ է ընտրություն կատարել ու քննարկել, թե ընդդիմությունը ինչպես պետք է իրագործի իր հռչակած նպատակը, որը երկու տարի անընդմեջ կրկնում է: Համաձայնեք, եթե չգիտեք նպատակի հասնելու ուղիները, ուրեմն կարեւոր չէ, թե հատկապես որ տարբերակով պետք է տապալեք ձեր իսկ հռչակած նպատակը: Հետեւաբար, այսպիսի ընդդիմության պայմաններում՝ խորհրդարան վերադառնալն ու այնտեղ աշխատելը իսկապես թվում է ամենաիրատեսականը:
Ու այստեղ չպետք է ուշադրություն դարձնել այն անհատների լալահառաչ ելույթներին, որոնք շաբաթը մի քանի անգամ մամլո ասուլիսի են վազում, կամ ֆեյսբուքյան ուղիղ եթերով «հրահանգում» են խորհրդարանական ընդդիմադիրներին պատռել ԱԺ մանդատները: Նրանք դա շարունակ կրկնում են, որովհետեւ իրենք չունեն այդ մանդատներից, չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենք դուրս են մնացել հայոց խորհրդարանից՝ որպես երկրի ամենաարժանավոր եւ քաղաքական մտքի գիգանտ: Նրանք, եթե ունենային պատգամավորական մանդատներ, վստահաբար «ատամներով» պահելու էին այդ մանդատները եւ գիշեր-ցերեկ բացատրելու էին ազգին, թե որքան կարեւոր է ունենալ այդ մանդատները եւ աշխատել խորհրդարանում:
Այլ հարց է, թե այսօրվա խորհրդարանական ընդդիմության աշխատանքը ԱԺ-ում որքան արդյունավետ կարող է լինել: Այստեղ էլ ոչինչ ինքնանպատակ չպետք է լինի՝ կառավարության անդամներին պարտադիր մի «աղմկահարույց» հարց հնչեցնելուց՝ մինչեւ ցանկացած թեմայով քննարկումները տեսախցիկների առջեւ խափանելու «տաղանդ» դրսեւորելն ու «շոու» ապահովելու: Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները լրջորեն պետք է իրենք իրենց ներսում որոշեն իրենց տեղը քաղաքական դաշտում ու զբաղեցնեն այդ տեղը:
Ամենագլխավոր հարցն այն է, թե այսօրվա ընդդիմությունը Հայաստանի համար այս վճռորոշ փուլում ինչպես է պատկերացնում մեր երկրի ու Արցախի գլխին կուտակված խնդիրների լուծումը: Ընդդիմության դիրքորոշումները խոշոր հաշվով տարբերվո՞ւմ են գործող իշխանության գործողություններից…
Նոյեմբերի 5-ին անցկացված հանրահավաքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը հանդես եկավ ծրագրային ելույթով: Նրա ելույթում որոշակի ինքնաքննադատություն հնչեց: Նա նշեց, որ՝ այն, որ Հայաստանը դեռ պարտության դեմքով է ներկայացված, միջազգային մասշտաբի խայտառակություն է, եւ նրա փոխանցմամբ, դրանում՝ «մեղքի իր մեծ բաժինն ունեն խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերը»։ «Ամենաշատը քննադատության է արժանանում խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ տիտղոսային ընդդիմությունը, ինչը բնական է եւ հասկանալի. ում ավելի շատ քվե եք տվել ու ավելի շատ եք վստահում, նրանից էլ ամենաշատն իրավունք ունեք պահանջել եւ երբ սպասելի արդյունքը չի լինում, հենց նրանից էլ ամենաշատը կարող եք դժգոհել։ Ես գիտեմ, որ այդ դժգոհությունը բարեկամական է եւ սրտացավությունից է բխում։ Կան բացթողումներ, բայց մյուս կողմից էլ հնարավոր չէ չգնահատել այն պայքարը, որ տեւական ժամանակ մղում է նույն խորհրդարանական ընդդիմությունն իր գործընկերների հետ։ Ամիս ու կես, 24-ժամվա ռեժիմով պայքարի ընթացքում եղել են կալանքներ, բախումներ։ Մարդիկ չեն կոտրվել, գիշերը ցերեկ են արել։ Փառք ու պատիվ բոլորին։ Չնկատել շարժման անկեղծ պայքարն ու ձեռքբերումները, արդար չէ։ Մյուս կողմից՝ շարժումը պարտավոր է ընդունել օբյեկտիվ քննադատությունն ու դասեր քաղել սեփական սխալներից»,- նշեց Թեւանյանը։
Այնուհետեւ նա իրավիճակից դուրս գալու ելքեր ցույց տվեց՝ «միասնաբար պայքարել՝ մի կողմ դնելով բոլոր մանր տարաձայնությունները, կապրիզները, ամբիցիաները», ապա հավելեց, որ պետք է սխալներից հետեւություններ անել ու վերաիմաստավորել անցած ճանապարհը. «Սխալվելն ամոթ չէ, բայց չսովորելը կամ սխալները կրկնելն աններելի են։ Մենք, հետեւաբար, պետք է արմատապես վերանայենք մեր պայքարի մարտավարությունը, փոխենք գործիքակազմերը, ընդլայնենք ձեւաչափը կամ նոր ձեւաչափ առաջարկենք»։
Թեւանյանը ներկայացրեց 10 թեզ Հայաստանի ու Արցախի ապագայի մասին՝ անելիքի մասով: Որպես առաջին թեզ ներկայացնելով՝ «պետք է փոխվի Հայաստանի անունից բանակցողը», նա շարունակեց, որ չի կարելի հայ-ադրբեջանական բանակցային ձեւաչափը եւ Արցախի հարցը դարձնել աշխարհաքաղաքական մրցակցության կռվախնձոր, ապա ներկայացրեց հետեւյալ սկզբունքային դիրքորոշումը. «Հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային ձեւաչափը պետք է լինի Երեւան-Մոսկվա-Բաքու եռանկյունում: Աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցությունից շահում է միայն Ադրբեջանը, ինչը չի կարելի թույլ տալ»։
Իսկ Երեւան-Մոսկվա-Բաքու եռանկյունուց գործող իշխանությունը հրաժարվե՞լ է: Ավելին՝ Փաշինյանի վերջին շրջանի որոշ հրապարակային ելույթներից կարելի է եզրակացնել, որ նա անգամ հակված է ռուսական ներկայությունն Արցախում մեծացնել: Ավելին, հղում անելով ՌԴ նախագահի հովանու ներքո ստորագրված փաստաթղթերին՝ պաշտոնական Երեւանն ակնկալում է, որ համատեղ հայտարարություններով ամրագրված դրույթները կատարվեն անշեղորեն՝ հենց Ռուսաստանի կողմից, եւ Մոսկվան որպես երաշխավոր՝ աչք չփակի Ադրբեջանի կողմից այդ դրույթները խախտելու փաստերի վրա:
Հետեւաբար, անհասկանալի է ընդդիմության՝ «բանակցողը պետք է փոխվի» պահանջը, եթե այդ բանակցողը չի հրաժարվել Երեւան-Մոսկվա-Բաքու եռանկյունուց: Իսկ գուցե ընդդիմությունը ցանկանում է՝ «բանակցողը փոխվի», որպեսզի ՀՀ իշխանությունները անվերապահ ընդունեն ռուսական ցանկացած ծրագիր՝ բացառելով Արեւմուտքի հետ աշխատա՞նքը:
Այսինքն, հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը ցանկանում է «բանակցողին փոխել», որպեսզի Հայաստանը Բելառուս դարձնե՞ն, որի հետեւանքով Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի կողմից պատժամիջոցներ կիրառվե՞ն: Դա՞ է «աշխարհաքաղաքական մրցակցությունը» չնկատելու գինը:
Իսկ այսօր գոյություն ունեցող «աշխարհաքաղաքական մրցակցությունն» առանց Հայաստանի ու Արցախի խնդիրների էլ առկա է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, եւ այս պայմաններում սա Հայաստանին գործելու, մանեւրելու ու Հայաստանի շահից բխող որոշումներ կորզելու հնարավորություններ է դեռ ստեղծում: Մինչդեռ հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը առաջարկում է Հայաստան՝ ռուսական ուղեծրում, որը Հայաստանի ապագան ավելի մշուշոտ է դարձնելու, Արեւմուտքի հետ աշխատանքն է արգելափակելու:
Եվ, ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին «Գույք պարտքի դիմաց» տխրահռչակ գործարքով ռուսական կողմը Հայաստանից վերցրեց այն ամենը, ինչ հնարավոր էր, եւ փորձը ցույց տվեց, որ հետագայում, երբ Հայաստանն այլեւս ոչինչ չուներ առաջարկելու ՌԴ-ին՝ Մոսկվան սկսեց զինել Ադրբեջանին: Հետեւաբար, Հայաստանի կողմից «Գույք պարտքի դիմաց» գործարքն էլ որպես հավատարմության ժեստ, Մոսկվան չգնահատեց: Մոսկվան մշտապես ուժեղի, հարուստի կողմում է, այդպես էր Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, այդպես էր երեկ, այդպես է այսօր, այդպես էլ շարունակվելու է:
Հաջորդը, ո՞րն է Հայաստան-Ադրբեջան խնդիրների լուծման հարցում իշխանության եւ ընդդիմության տարբերությունը: Ա. Թեւանյանը նույն ելույթում նշել է. «Խաղաղության ու լարվածության թուլացման համար պետք է բացվեն տրանսպորտային բոլոր տեսակի կոմունիկացիաները՝ բացառելով միջանցքային տրամաբանությունը», «Սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի սովետական քարտեզներով այնպես, որ դրանից չտուժեն մեր քաղաքացիների իրավունքները, մեր երկրի տարածքային ամբողջականությունը»:
Այստեղ որեւէ սկզբունքային տարբերություն կա՞ Փաշինյանի ուղեգծից: Ինչպես Փաշինյանի իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը, փաստորեն, Ադրբեջանի հետ առանձին թեմաներով քննարկումը միանգամայն տրամաբանական է համարում, մինչդեռ սկզբունքային տարբերվող դիրքորոշում կլիներ, եթե օրինակ՝ ընդդիմությունը հայտարարեր, որ բացառում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ցանկացած հարցով բանակցություն, քանի դեռ Արցախի կարգավիճակի հստակեցման պահանջն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերագործարկումը Բաքուն մերժում է: Սա կլիներ գործող իշխանության գծից տարբերվող սկզբունքային դիրքորոշում, բայց այսօրվա ընդդիմությունը շատ լավ գիտի, Մոսկվային ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության վերականգնման գաղափարը դուր չի գալիս եւ որ Մոսկվան թշնամական քայլ կհամարի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կասկածի տակ դնելը: Հետեւաբար, Արցախի կարգավիճակի շուրջ հնարավոր բանակցային գործընթացը գործնականում հայաստանյան ընդդիմությունն էլ է բացառում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Հետեւություն. այսօրվա իշխանությունն ու ընդդիմությունը սկզբունքային, միմյանցից տարբերվող դիրքորոշում չունեն Հայաստան-Ադրբեջան-Արցախ խնդիրների լուծման ճանապարհին: Մեր ընդդիմադիրներն ինչ-որ առումով նույնիսկ անկեղծ են, երբ անընդհատ կրկնում են՝ «բանակցողը պետք է փոխվի…»: Դա միակ բանն է, որ նրանց անհանգստացնում է: Այսինքն, Փաշինյանը թող գնա, մենք գանք, բանակցենք նրա օրակարգով, նույն հետեւանքներով ու արդյունքներով, բայց մենք ավելի հավատարիմ կլինենք Պուտինին:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ