Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստամոքսի քաղցկեղի վաղ փուլում բուժումից հետո կարելի է մոռանալ հիվանդության մասին, հետվիրահատական շրջանում՝ խուսափել կյանքի որակի վատացումից»

Նոյեմբեր 12,2022 15:30

Ստամոքսի քաղցկեղը բավականին տարածված հիվանդություն է։ Քաղցկեղի այս տեսակի ինչ ռիսկի գործոններ կան, ինչպես է ախտորոշվում այն, բուժման ինչ մեթոդներ կանգ այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, ընդհանուր վիրաբույժ, պրոֆեսոր
Սուրեն Ստեփանյանի հետ։

-Ուռուցքային հիվանդությունների մեջ ստամոքսի քաղցկեղը շա՞տ է տարածված։ Ինչպիսի՞ն է վիճակագրությունը Հայաստանում:

-2020թ. տվյալներով աշխարհում ստամոքսի քաղցկեղի 1,1 միլիոն դեպքեր են գրանցվել, որը քաղցկեղի բոլոր դեպքերի 5.6%-ն է կազմում: Նույն տարվա ընթացքում ստամոքսի քաղցկեղից մահվան 800 հազար դեպքեր են գրանցվել, որը կազմում է աշխարհում քաղցկեղից բոլոր մահերի 7,7%-ը: Այս վերջին ցուցանիշով ստամոքսի քաղցկեղն աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը՝ տղամարդկանց եւ կանանց շրջանում, իսկ առաջին տեղերում են թոքի, կոլոռեկտալ, կրծքագեղձի եւ շագանակագեղձի քաղցկեղները։ Ստամոքսի քաղցկեղի բոլոր նոր դեպքերի 75%-ը արձանագրվում է Ասիայում:

Հայաստանում պաշտոնական տվյալների համաձայն՝ 2020 թվականին արձանագրվել է ստամոքսի քաղցկեղի 1878 դեպք, դրանցից 351-ը՝ նոր արձանագրված: Մեր երկրում 2020 թվականին գրանցված է եղել քաղցկեղով 50416 հիվանդ, որից՝ կրծքագեղձի քաղցկեղի՝ 11693 դեպք, կոլոռեկտալ քաղցկեղի՝ 4575 դեպք, միզապարկի՝ 3341, թոքի՝ 3150 դեպք։

-Այս հիվանդության բուժման առումով ի՞նչ փորձ ունի «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը:

-Ուռուցքներով հիվանդներին բուժսպասարկման տրամադրման առողջապահության նախարարության ծրագրում ընդգրկվելուց հետո մեր հիվանդանոցի վիրաբուժության եւ քիմիաթերապիայի ծառայությունները կատարել են մեծ ծավալի աշխատանք, ստամոքսի քաղցկեղի կապակցությամբ բուժվել են բազմաթիվ հիվանդներ վաղ եւ հեռակա հետվիրահատական լավ արդյունքներով:

-Ինչպիսի՞ն է հիվանդության սեռատարիքային կազմը եւ ճի՞շտ է այն պնդումը, որ ստամոքսի քաղցկեղն ավելի շատ տղամարդկանց մոտ է հանդիպում:

-Ստամոքսի քաղցկեղը 1,5-2 անգամ ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, դա կարող է պայմանավորված լինել տղամարդկանց մոտ վնասակար սովորությունների առավել մեծ տարածվածությամբ: Այս հիվանդության հանդիպման հաճախությունը խիստ աճում է 65 տարեկանից հետո:

-Ստամոքսի քաղցկեղի զարգացմանը նպաստող ի՞նչ գործոններ են նշվում եւ այդ առումով կանխարգելման ի՞նչ հնարավորություններ կան:

-Կան ստամոքսի քաղցկեղի որոշ հայտնի ռիսկի գործոններ, ինչպես են Helicobacter pylori ինֆեկցիան, սննդային գործոնները, ծխախոտը, ճարպակալումը, ճառագայթումը: Ստամոքսի քաղցկեղի դեմ պայքարի երկու հիմնական ուղիներ են նշվում՝ նվազեցնել ռիսկի գործոնների ազդեցությունը եւ իրականացնել սկրինինգ՝ ուռուցքը հայտնաբերել զարգացման վաղ շրջանում: Ծխողների 40%-ի եւ մոլի ծխողների 82%-ի մոտ ստամոքսի քաղցկեղի հանդիպման հաճախությունը զգալիորեն բարձր է չծխողների համեմատ։ Արեւմուտքում ստամոքսի քաղցկեղի հանդիպման հաճախությունը վերջին տասնամյակներում զգալիորեն նվազել է առանց կանխարգելման միջոցների, եւ մասնագետները դա կապում են սննդի մեջ աղի քիչ օգտագործման, թարմ մրգերի եւ բանջարեղենի շատ օգտագործման հետ: Մասնավորապես, 2014 թվականի հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Հարավային Կորեայի բնակչության մոտ դիտվել է ստամոքսի քաղցկեղի նվազում՝ մրգերի, սնկերի, սխտորի, կանաչ սոխի, սոյայի օգտագործման արդյունքում: Սա վիճակագրություն է եւ այն համառ, անզիջում երեւույթ է: Վիճակագրությունը վերաբերում է բնակչության մեծ խմբերին եւ նրա տվյալները պետք չէ տարածել անհատների վրա։ Օրինակ՝ դա չի նշանակում, որ վնասակար սովորություններով մարդը պարտադիր պետք է հիվանդանա քաղցկեղով, իսկ ոչ մի վնասակար սովորություն չունեցող մարդը չի կարող հիվանդանալ քաղցկեղով:

-Գրականության մեջ նշվում է, որ ստամոքսի քաղցկեղը վաղ փուլում չունի արտահայտված կլինիկական դրսեւորում: Կցանկանայի անդրադառնայիք վաղ փուլում ի հայտ եկող ախտանշաններին, ինչի՞ց կարող է քաղաքացին հասկանալ, որ լուրջ խնդիր կա, եւ նա պետք է դիմի բժշկական հաստատություն:

-Ստամոքսի քաղցկեղը զարգացման վաղ փուլում ունենում է այսպես կոչված «փոքր ախտանիշերի համախտանիշ», ինչպիսիք են ախորժակի փոփոխությունը, զզվանքը մսի նկատմամբ, ընդհանուր թուլությունը, տրամադրության անբացատրելի անկումը, քաշի կորուստը, ջերմությունը մինչեւ 37,5։ Այս ախտանշանները կարող են որոշակի նախազգուշացում հանդիսանալ եւ հիվանդը պետք է սկսի հետազոտվել: Ստամոքսի քաղցկեղի կլինիկական պատկերի զարգացման մեջ կարեւոր է, թե որտեղ է այն տեղակայված: Եթե ուռուցքը մարմնի շրջանում է, այն կարող է երկար ժամանակ աճել առանց որոշակի նշանների, կամ արտահայտվել միայն ցավով, իսկ եթե առավել նեղ հատվածներում է՝ ստամոքսամուտքի կամ ստամոքսաելքի շրջանում, առաջանում են կուլ տալու դժվարություն կամ կանգ ստամոքսում, սրտխառնոց, փսխումներ:

-Կցանկանայի հակիրճ անդրադառնայիք նաեւ ստամոքսի քաղցկեղի տեսակներին, դրանց տարբերություններին, պրակտիկայում ո՞րն է ամենատարածվածը եւ ռիսկայինը:

-Քաղցկեղի հյուսվածքաբանական տեսակների մեջ առավել վտանգավոր են ցածր տարբերակված կամ չտարբերակված տեսակները: Մակրոսկոպիկ դասակարգման առումով առավել վտանգավոր են դիֆուզ ինֆիլտրատիվ եւ խոցային ինֆիլտրատիվ տեսակները: Բարեբախտաբար վերը նշված տեսակները համեմատաբար քիչ են հանդիպում:

-Ի՞նչ մեթոդներ են կիրառվում բուժման մեջ եւ ինչպե՞ս են փոխվել մոտեցումները վերջին տարիներին:

-Եթե մինչեւ 20-րդ դարի վերջը ստամոքսի քաղցկեղի բուժման հիմնական եւ միակ մեթոդը վիրահատությունն էր, որից հետո դիտվում էր բավականին ցածր հնգամյա ապրելիություն, ապա վերջին տարիներին քիմիաթերապիայի զարգացմանը զուգընթաց արդյունավետորեն կիրառվում են նախավիրահատական քիմիաթերապիա-վիրահատություն-հետվիրահատական քիմիաթերապիա կամ վիրահատություն-հետվիրահատական քիմիաթերապիա սխեմաները:

Ինչ վերաբերում է վիրահատական բուժմանը, ապա այստեղ հիմնական սկզբունքները մնում են ուռուցքի ռադիկալ հեռացումը առողջ հյուսվածքի սահմաններում եւ հարակից, ռեգիոնար ավշահանգույցների հեռացումը: Հուսադրող արդյունքներ է տալիս լապարասկոպիայի կիրառումը ստամոքսի քաղցկեղի վիրաբուժության մեջ, սակայն այստեղ պետք է նշել որ այն առավել կիրառելի է քաղցկեղի զարգացման վաղ շրջանում:

Մասնավորապես, մեր հիվանդանոցում այս մոտեցումների կիրառումից, նոր մեթոդների ներդրումից հետո զգալիորեն լավացել են ապրելիության ցուցանիշերը: Նշեմ, որ ստամոքսի քաղցկեղով հիվանդի բուժման ամբողջ շրջանը՝ հետազոտություններ, վիրահատություններ, քիմիաթերապիայի կազմակերպում լիարժեք իրականացվում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում:

-Ստամոքսի քաղցկեղ ունեցողի կյանքի որակը ինչպե՞ս է փոխվում բուժումից հետո: Կարելի՞ է բուժվել եւ մոռանալ հիվանդության մասին: Այս հիվանդության դեպքում ապրելիությունն ինչո՞վ է պայմանավորված՝ հիվանդության ելքը եւ բուժման արդյունավետությունը պայմանավորվա՞ծ են հիվանդության փուլով:

-Անկասկած բուժման ելքն այս հիվանդության դեպքում կախված է զարգացման փուլից, ուղեկցող հիվանդությունների առկայությունից եւ տարբեր այլ գործոններից: Երկար ժամանակ հնգամյա ապրելիությունը եղել է 20%-ի սահմաններում: Սակայն 2010-2014 թվականների տվյալներով ստամոքսի քաղցկեղի բուժումից հետո հնգամյա ապրելիությունը եղել են 69%՝ Ճապոնիայում եւ 67%՝ Հարավային Կորեայում, ինչը մեծապես պայմանավորված է այս երկրներում կիրառվող սկրինինգային ծրագրով եւ ուռուցքի վաղ հայտնաբերմամբ: Օրինակ՝ 1995-2000 թվականներին Ճապոնիայում ստամոքսի քաղցկեղը զարգացման վաղ շրջանում հայտնաբերվել է հիվանդների 53%-ի մոտ. մինչդեռ ԱՄՆ-ում՝ ընդամենը 27%-ի մոտ:

Այս առումով կարելի է եզրակացնել, որ հիվանդության վաղ փուլում իրականացված բուժումը թույլ կտա մոռանալ հիվանդության մասին եւ հետվիրահատական շրջանում խուսափել կյանքի որակի վատացումից:

Նարինե ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930