Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա էլ կան ոստիկանական բաժանմունքներ, որտեղ բռնությունները, խոշտանգումները շարունակվում են»․ Ժաննա Ալեքսանյան

Նոյեմբեր 11,2022 16:22

«Առաջին զգացումը, որ ունեցա ՄԻԵԴ վճռից հետո, հենց լրատվամիջոցների, մամուլի, մեր բոլորի մասնակցությունն էր հենց այս գործում, և մենք վաղուց մոռացել ենք մամուլի դերի մասին։ Այստեղ ակնհայտ է, որ մամուլն ունի մեծ դերակատարություն՝ չնայած այն բանին, որ Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը տեղի էր ունենում Հրազդանում, բոլորը հետևողական լուսաբանում էին։ Ես այս առումով նաև լրագրողներին եմ շնորհավորում»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ոստիկանության բաժանմունքում մահացած Վահան Խալաֆյանի գործով ՄԻԵԴ վճռի ազդեցությունը համակարգի վրա» թեմայով քննարկման ժամանակ նկատեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ Չարենցավանի ոստիկանության բաժնում 2010-ին մահացած Վահան Խալաֆյանի գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Հայաստանի դեմ։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ 12 տարի առաջ Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում խախտվել են 24-ամյա Վահան Խալաֆյանի կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները։ Եվրոպական դատարանը ՀՀ-ին պարտավորեցրել է եռամսյա ժամկետում 50 հազար եվրո վճարել Խալաֆյաններին՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Ժաննա Ալեքսանյանը կարևորեց այս վճռի ազդեցությունը ու նշեց․ «Ոստիկանության բարեփոխվելու հայտարարություններ ենք լսում տարիներ շարունակ ամենաբարձր մակարդակի պաշտոնյաներից, բազմաթիվ ծրագրերով, նախագծերով են հանդես գալիս, և ոչինչ չի փոխվում։ Հիմա էլ կան ոստիկանական բաժանմունքներ, որտեղ բռնությունները, խոշտանգումները շարունակվում են։ Այսպիսի աղմկահարույց գործերը ցուցիչ են մնացած բոլոր գործերի համար։ Սա պետք է տարածվի մնացած բոլոր գործերի վրա»։

Ժաննա Ալեքսանյանը կարևորեց Վահան Խալաֆյանի գործի վերաբացումն ու ասաց․ «Իմ աշխատանքային փորձից գիտեմ, որ խոշտանգման գործերը քննչական մարմինները չեն սիրում բացահայտել, և եզակի, մի քանի գործեր կան, որ Վճռաբեկ դատարանն անթույլատրելի է ճանաչել ներկայացնել ապացույցները խոշտանգման դեպքերով։ Պետք է մամուլը այս գործը վերաբացելու առումով նույն պատրաստակամությունը ու հետևողականությունը ունենա։ Մամուլի վերահսկողությունն է պետք և ոչ միայն, որպեսզի գործն ունենա իր դրական հետևանքները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930