Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն…». ոչինչ չի մոռացվի

Նոյեմբեր 11,2022 13:30

2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Եռակողմ համաձայնագրով ազդարարվեց 44-օրյա պատերազմի ավարտը: Թե ով կարողացավ ապրել այդ գիշեր, կդժվարանամ ասել, դա մեր պատմության ողբերգական օրերից մեկն էր: Շատերը մոռացել են՝ ինչ եղավ, ինչպես, ինչ էր կատարվում սեպտեմբերի 27-ից մինչեւ… Համաձայնագիրը, մենք «հաղթում» էինք՝ վստահելով օրվա պաշտոնական, միջնորդավորված տեղեկատվությանը: Մենք առանձնացրել եւ ձեզ ենք ներկայացնում 2020 թվականի նոյեմբերի 7-10-ի ժամանակագրությունը: Բոլոր մեջբերումները Aravot.am կայքից են: Իսկ ընտրված շրջանը պատահական չէ:

Նոյեմբեր 7
– ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Միասնական տեղեկատվական կենտրոնում» պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ տեղին չէ Արցախից մարդկանց տարհանման թեմայով խոսելը, գնահատականներ հնչեցնելը. «Դուք գուցե ստանում եք ձեր ինֆորմացիան այս կամ այն ծանոթից, մոտիկից, բարեկամից՝ առանձին վերցրած ճակատի մասին, որտեղ կարող է լինել ծանր դրություն, կարող է լինել նահանջ, կորուստներ, եւ դրանով սկսում եք ամփոփիչ տվյալներ ներկայացնել: Իսկ մենք օրվա ընթացքում ինֆորմացիա ենք ստանում մոտավորապես 1000 կմ ճակատից, ամենատարբեր տեղերից, ստանում ենք այդ տեղեկությունները՝ ամփոփելով ընդհանուր իրավիճակը: Եթե ձեր տրամաբանությանը հետեւենք եւ այդ բարդ իրադրության մասին շեշտադրումը միայն դրա վրա դնենք, ի՞նչ պետք է պատասխանենք մյուս բազում ուղղություններում առավոտից երեկո հերոսաբար դիմադրած ու հակառակորդին հետ շպրտած կամ դիրքեր բարելաված ստորաբաժանումների հրամանատարներին, զորքին: Չէ՞ որ լավ օրինակների վրա պիտի հիմնվենք զորքի մարտունակությունը պահպանելու համար, որպեսզի կարողանանք հաղթանակներ կռել»:

Մեկ այլ հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված Արցախից հնչած խուճապի չմատնվելու մասին հայտարարությունները, Արծրուն Հավհաննիսյանը պատասխանեց. «Այդ հայտարարությունները պայմանավորված էին տարբեր տեսակի խուճապային տրամադրություններով, որը մեզ չի սազում: Սա մեր գոյության պայքարն է, մեր անհաջողությունները, դժվարությունները, մեր կորուստներն ու նահանջները մեզ չպետք է կոտրեն, մենք մինչեւ վերջ պետք է դիմադրենք, որովհետեւ հաղթանակը մերն է լինելու, որովհետեւ մեր տունն ու մեր տեսակն ենք պահում»:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական ARD հեռուստաալիքին։ ARD-ի հարցին՝ «Ի տարբերություն Հայաստանի նախորդ երկու ղեկավարներ Սարգսյանի եւ Քոչարյանի՝ Դուք Ղարաբաղից չեք։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր՝ «Ղարաբաղը Հայաստանը է եւ վերջ» հայտարարությունը, որն Ադրբեջանի կողմից ընկալվեց որպես սադրանք», Նիկոլ Փաշինյանը պատասխանում է. «Եվ արդյոք Լեռնային Ղարաբաղը Հայաստա՞ն է։ Հայաստան նշանակում է երկիր, որտեղ ապրում են հայերը՝ հայերի երկիր: Նրանք, ովքեր եղել են Լեռնային Ղարաբաղում՝ կտեսնեն 5-րդ դարի, հետագա դարերի հայկական եկեղեցիներ: Առաջին հայկական դպրոցը եղել է Լեռնային Ղարաբաղում, եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 80 եւ ավելի տոկոսով միշտ եղել են հայեր: Եթե սա պրովոկացիա է, հենց սա է ամբողջ խնդիրը։ Փաստը, որ Լեռնային Ղարաբաղում ապրում են հայեր, Ադրբեջանը միշտ համարել է «պրովոկացիա»՝ դիմելով ագրեսիվ գործողությունների, հրթիռակոծելով բնակավայրերը։ Նրանք պայքարում են այդ «պրովոկացիայի» դեմ»:

– «Ռազմաճակատի տարբեր հատվածներում ընթանում են մարտեր, որոնք չեն դադարում՝ գիշեր, թե ցերեկ, մասնավորապես Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ, եւ մարտերը չեն դադարում: Ես նշել եմ, որ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց ինչպես երեւում է, հակառակորդը նոր միջոցներ եւ ուժեր ներգրավելով՝ շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրականացնելու պլանները: Մեր զորքը համառորեն դիմադրում է թեւերին, թիկունքին, բայց մարտերը համառ են եւ շարունակական, ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, մնա կանգուն: Փաստորեն արդեն երրորդ օրը շարունակվում են մարտերը»,- «Միասնական տեղեկատվական կենտրոնում» ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նոյեմբեր 8
«Ադրբեջանական մեդիատիրույթում այսօր տարածվեցին լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնք ներկայացվում էին՝ իբրեւ Շուշիի գրավման ապացույցներ: «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեսանյութերում եւ լուսանկարներում երեւացող ամրոցը որեւէ առնչություն չունի միջնադարյան Շուշիի բերդի հետ։ Տեսանյութում մի խումբ տղամարդիկ Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշներն ամրացնում են բերդի գլխամասում։ Հատկանշական է, որ դրոշներն ամրացնողները ո՛չ զինվորական հագուստով են, եւ ո՛չ էլ զինված, ավելին՝ քաղաքացիական հագուստով են։ Հաջորդ վայրկյաններին բարձունքից երեւացող քաղաքում որեւէ ավերածություն չկա։ Հարց է առաջանում՝ իսկ այդ թեժ մարտերը որտե՞ղ էին ընթանում»:

– «Մարտունու ուղղությամբ հակառակորդին առավոտյան հաջողվել է որոշակի դիրքային բարելավում ունենալ, բայց հետ է շպրտվել: Առանձին նշանակալի բարելավում տեղի չի ունեցել, բայց, ամենակարեւորը, հակառակորդի՝ մեծաթիվ զրահատեխնիկայով եւ մարտավարական խմբերով ներթափանցման 2 փորձերը կասեցվել են»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր, անդրադառնալով տեղեկություններին, որ Մարտունու ուղղությամբ հայկական կողմն այսօր զգալի առաջխաղացում է ունեցել, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կեղծ է լուրը Սեյրան Օհանյանի վիրավորման, նման բան չի եղել: Նա այսօր էլ կանգնած է զորքի կողքին: Արցախի հերոս, լեգենդար զորահրամանատար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ ինձ համար ռազմի գործում հրամանատար եւ ուսուցիչ, Շուշի ազատագրող լեգենդար հրամանատար, այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ, ու ես հավատում եմ, վստահ եմ, որ նաեւ նրա հրամանատարությամբ նրա զինակիցների գործն ավարտին կհասցնենք փառքով»,-լրագրողների հետ զրույցում այսօր, անդրադառնալով Aravot.am-ի հարցին, «ինչպիսի՞ դաս է տվել թշնամուն Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, ինչի արդյունքում թշնամու քարոզչամեքենան տարածում է նրա վիրավորվելու մասին կեղծ լուրը»՝ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենին:

– «Զինուժ մեդիան» նոր տեսանյութ է հրապարակել. «Հակառակորդը փախուստի է դիմում Բերձորի լեռներից». «Գյոռբագյոռ 2020»։

– Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչեւ ժամը 18։30-ը։ Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։ ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել եւ տեղափոխել բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

– «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվում: Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասում է. «Շուշիում մաքրման աշխատանքներ են կատարվում. պատմության մեջ քաղաքը շատ է վառվել ու նորից ոտքի կանգնել»։

Նոյեմբեր 9

– Նոյեմբերի 9-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքից դյուրակիր շարժական զենիթահրթիռային համալիրից արձակված կրակից Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցվել է ռուսական «Մի-24» ուղղաթիռ: Ըստ նախնական տվյալների՝ հարձակման արդյունքում կա երկու զոհ եւ մեկ վիրավոր: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը, զոհվածների ընտանիքի անդամներին եւ մարտական ընկերներին: ՀՀ ԱԳՆ-ն եւ ՀՀ ՊՆ-ն ցավակցություններ են հայտնում:

– «Վերջին 3-4 օրում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել էր Շուշիի ուղղությամբ: Այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել եւ պաշտպանում են մեր ինքնության, Արցախի խորհրդանիշներից մեկը՝ հինավուրց բերդաքաղաք Շուշին եւ պատրաստ են վճռականորեն կատարելու իրենց խնդիրը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արցախի պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու, գնդապետ Սուրեն Սարումյանը:

– Կորսիկայի Ասամբլեան ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձեւ:

– ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «ՊԲ ստորաբաժանումները շարունակում են համառ մարտերը Շուշիի համար: Հակառակորդի խմբավորումներին հասցվում են կրակային հարվածներ: Գերեվարվել է թշնամու երկու զինծառայող»:

– «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը թվիթերյան իր էջում գրել է. «Թող որեւէ մեկը փորձ չանի նույնիսկ չնչին մեղք բարդել Հայոց բանակի վրա: Թույլ չենք տա քաղաքական անմեղսունակ որոշումները արդարացնել ի հաշիվ մեր հերոսական բանակի: Անվերապահորեն սատարում ենք ՀՀ եւ ԱՀ Զինված ուժերին»:

– Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ուղղությամբ ներկայումս մարտեր են ընթանում։ Շուշին եղել եւ կլինի հայկական։ Բեկում մտցնելու ժամանակն է»։

– Դաշնակցության Արցախի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը yerkirmedia-ի հետ զրույցում կասկածելի է համարել Շուշիի մասին Արցախի ղեկավարության հայտարարությունը։

– Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո՛չ հաջողությունը, ո՛չ անհաջողությունը: Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, եւ այս մասին հուսադրող կամ ոգեւորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս»:

– «Վերջին կռիվն է, մարդավարի կանգնեք՝ մեր կռիվը տանք, վերջացնենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության խորհրդի անդամ Գագիկ Մելքոնյանն՝ անդրադառնալով Արցախի նախագահ Վահրամ Պողոսյանի այն գրառմանը, որ Շուշին հայկական վերահսկողության տակ չի գտնվում:

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուշիի համար մարտերը շարունակվում են»:

Նոյեմբեր 10

– Նիկոլ Փաշինյանի գրառումը.

-Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով:

Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ…

Պատրաստեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
10.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930