Հինգշաբթի Ադրբեջանի դեսպանին կանչել են Իրանի արտգործնախարարություն՝ ադրբեջանցի պաշտոնյաների և լրատվամիջոցների կողմից «հակաիրանական քարոզչության» պատճառով: Այս մասին հայտնում է պետական IRNA գործակալությունը։
Իրանի արտգործնախարարության պաշտոնյան Ադրբեջանի դեսպանին է փոխանցել Իրանի դժգոհությունը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ոչ բարեկամական հայտարարությունների վերաբերյալ:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով անցյալ ամիս Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով անցկացված զորավարժություններին, ասել էր, որ եթե անհրաժեշտ լինի, «մենք ևս մեկ անգամ ցույց կտանք, որ կարող ենք հասնել մեր ուզածին»։ «Սա գիտեն բոլորը, և պետք է իմանան նաև մեր սահմանների մոտ ի պաշտպանություն Հայաստանի զորավարժություններ անցկացնողները: Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել»,- ասել էր Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ