Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Մոսկվայում՝ ВДНХ-ի տարածքում, ադրբեջանական «Շուշա, դու ազատ ես» ֆիլմի ցուցադրությունը:
«Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը խորը հիասթափություն է հայտնում ВДНХ-ի տարածքում 2022թ. նոյեմբերի 9-ին տեղի ունեցած Արզու Ալիևայի ֆիլմի ցուցադրության կապակցությամբ, որն արտացոլում է 2020թ. աշնան ռազմական գործողությունների պատմության ադրբեջանական տարբերակը, որը հետո անվանվեց 44-օրյա պատերազմ, իսկ ըստ էության, դա ագրեսիա էր Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության դեմ»,- ասվում է հայտարարության տեքստում:
Նշվում է, որ տվյալ գործողությունը հայկական կողմը դիտարկում է որպես բացահայտ սադրանք՝ «ուղղված ազգամիջյան երկպառակտության հրահրմանը և բազմաթիվ ջանքերի պառակտմանը, որոնք ձեռնարկվել էին վերջին տարիներին ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ ՌԴ տարածքում երկու երկրների համայնքների միջև հետագա էսկալացիա թույլ չտալու նպատակով»:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ այդ ֆիլմը «ադրբեջանական քարոզչության հերթական հայատյաց արտադրանքն է, որը ոչ միայն վիրավորում է ՌԴ տարածքում ապրող բազմամարդ հայկական համայնքի, այլև ԼԵռնային Ղարաբաղում և ՀՀ-ում նրանց հայրենակիցների զգացմունքները, ինչպես նաև իրենից ներկայացնում է ակնհայտ գործիք ադրբեջանցի երիտասարդության ձեռքում, որին շարունակում են սնուցել ատելության և խտրականությամբ»:
Կարդացեք նաև
«Ակնհայտ է, որ նման գործողություններով ադրբեջանական կողմի փորձում է միջազգային հանրության աչքում արդարացնել այն ծանրագույն ռազմական հանցագործությունները, որոնք իրագործվել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և նրա պաշտպանների նկատմամբ ինչպես 2020թ. պատերազմի, այնպես էլ 2021-2022թթ. դրան հաջորդած իրադարձությունների ընթացքում, շարունակվող վանդալիզմի գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքի այն հատվածում, որը գրավվել է ագրեսիայի ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ