Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկնածուն տեր է տղամարդու իր խոսքին․ Անիում դժվար թե իշխանություն ձևավորվի

Նոյեմբեր 10,2022 22:30

Վաղը վճռորոշ օր է Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի համար․ տեղի է ունենալու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում ընտրվելու է համայնքապետ։

3 մանդատ ստացած «Հայկական երազանք» կուսակցությունը, որից էլ կախված է համայնքապետի ընտրությունը, վաղը չի մասնակցի նիստին։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց կուսակցության առաջնորդ Ագուն Սաղաթելյանը։

Անիում, ինչպես բազմիցս գրել ենք, անելանելի իրավիճակ է ստեղծվել․  ՏԻՄ ընտրություններին մասնակցել են երեք քաղաքական ուժեր․ «Ազգ-համայնք» դաշինքը, որը գլխավորում է 18 տարվա ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանը, ստացել է 10 մանդատ, ՔՊ-ն, որը գլխավորում է «Հայ Փոստի» տեղի պատասխանատու Արման Սարիբեկյանը՝ 8 մանդատ։

Այս երկու ուժերն էլ ակամա կախյալ վիճակում են հայտնվել երեք մանդատ ստացած «Հայկական երազանք» կուսակցությունից, քանի որ միանձնյա չեն կարողանա ձևավորել իշխանություն, չեն հավաքել ձայների կեսից ավելին, չեն էլ պատրաստվում միմյանց հետ կոալիցիա կազմելու։

ՔՊ-ի թեկնածուն մեզ հետ զրույցում բացառել էր իշխանության ձևավորվումն Արտակ Գևորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» դաշինքի հետ, քանի որ, ըստ նրա, իրենք եկել են ներկաների թողած երևույթները մաքրելու։

Ագուն Սաղաթելյանն էլ իր հերթին հայտարարել է, որ իր գլխավորած քաղաքական ուժը որևէ մեկին չի միանալու, եթե որևէ մեկը ցանկություն ունի իրեն միանալու, թիմով կքննարկեն այդ հարցը։ Սա նշանակում է՝ որ ուժն էլ միանա իրենց, համայնքապետ առաջադրելու է Ագուն Սաղաթելյանին։

Մեր տեղեկություններով, այս ընթացքում թե՛ ՔՊ-ական վերնախավը, թե՛ ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանն ու նրա թիմակիցները շատ են փորձել բանակցել «Հայկական երազանք» կուսակցության ցուցակը գլխավորող Ագուն Սաղաթելյանի հետ, որպեսզի վերջինս մտափոխվի, հրաժարվի իր դրած խիստ պայմանից ու միանա իրենց, սակայն վերջինս անդրդվելի է։ Նույնիսկ վաղվա նիստին չի մասնակցելու։ Իսկ սա նշանակում է Անիում իշխանության ղեկը ո՛չ ՔՊ-ն, ո՛չ էլ ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանն են ստանձնելու։

Եվ եթե վաղը ՔՊ-ն ու «Ազգ-համայնք» դաշինքը իշխանություն չձևավորեն, որը, ինչպես գրել ենք՝ անհավանական է, ապա իշխանության ձևավորման համար ընդամենը երկշաբաթյա ժամկետ է մնում։ Վաղը կկասեցվեն գործող համայնքապետ Արտակ Գևորգյանի լիազորությունները, պարտականությունները կդրվեն նրա տեղակալի վրա։

Իսկ եթե երկշաբաթյա ժամկետում՝ քվորում չապահովվի ու ավագանին վերջնականապես լուծարվի, վերջնաժամկետը նոյեմբերի 25-ին է,  ըստ ՏԻՄ օրենքի, վարչապետի հրամանով կնշանակվի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետ նոր ընտրություններ կհայտարարվեն։

Նունե ԱՐԵՎՇՏԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930