Զբոսաշրջությունը Հայաստանում
2022 թվականի առաջին 10 ամսվա ընթացքում Հայաստան է եկել 1.400.000 զբոսաշրջիկ։ Այցելությունների թվով առաջատար են հինգ երկրներ՝ Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, ԱՄՆ-ն և Գերմանիան։ Ամենամեծ հոսքը եղել է ՌԴ-ից՝ կազմելով բոլոր այցերի շուրջ 46%-ը։
Զբոսաշրջության տեմպերը երկրում զգալիորեն նվազել էին՝ պայմանավորված COVID-19 համավարակով, 44-օրյա պատերազմով և դրա հետևանքներով։ Այս տարվա ցուցանիշները, սակայն, վկայում են այդ տեմպերի վերականգնման մասին։
Կարդացեք նաև
Ամենամեծ թվով զբոսաշրջիկները ՌԴ-ից են
«Այս տարվա այցելուների 49%-ը 36-63 տարեկան զբոսաշրջիկներ են եղել»,- ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա փոխանցմամբ՝ հոկտեմբերին Հայաստան է այցելել 154.847 զբոսաշրջիկ, մեծամասամբ՝ տղամարդիկ։
Հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են Ռուսաստանը (շուրջ 46 %), Վրաստանը (8%), Իրանը (7%), ԱՄՆ-ն (4%) և Գերմանիան (2%):
«Նախանշում ենք նոր ուղղություններ»
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն ասում է՝ այս տարվա ակտիվությունը վկայում է այն մասին, որ երկրում զբոսաշրջային տեմպերը քիչ-քիչ վերականգնվում են․
«Տարբեր պրոդուկտներով ու առաջարկներով փորձում ենք ակտիվացնել ինչպես մեր ավանդական թիրախային շուկաները, այնպես էլ նոր ուղղություններ ներգրավել»։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի փոխանցմամբ՝ Հայաստանը որպես նոր ուղղություններ նախանշել է Ֆրանսիան ու Արաբական Միացյալ Էմիրությունները։
Վստահեցնում է՝ ակտիվ աշխատանք է տարվում։ Օրինակ է բերում ԱՄԷ-ի քաղաքացիների համար վիզա ստանալու գործընթացի դյուրացումը։
Պօղոսեանը զբոսաշրջիկների ներգրավման տեսանկյունից կարևորվում է նաև երկրում խոշոր միջոցառումների՝ մրցաշարերի, համերգների կազմակերպումը։
5 երկիր, 4 ուղղություն՝ Հայաստանի առաջնահերթությունները
Ամիսներ առաջ Էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ զբոսաշրջության ոլորտում Հայաստանի «մարքեթինգային ռեսուրսները սահմանափակ են», ուստի որոշել են դրանք կենտրոնացնել 4 ուղղության և 5 երկրի վրա:
«4 ուղղություններն են մշակույթը, բնությունը, գաստրո և արկածային զբոսաշրջությունը: Իսկ 5 երկրները՝ Ռուսաստանը, Իրանը, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը»,- ընդգծել էր Քերոբյանը:
Այս երկրներից միայն Ֆրանսիան չկա այս տարվա առաջատարների հնգյակում։