Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքն այնպես չի տրվում՝ եթե մի բան դուրդ չգա, գնաս քեզ կամրջից ցած գցես». Վարդան Պետրոսյան

Նոյեմբեր 10,2022 21:22

«Արվեստի ստեղծագործությունն, իմ կարծիքով, մարդու մարմնի նման պետք է լինի, պիտի ունենա երեւացող շոշափելի մարմին, զգացմունքային մարմին եւ մտքի մարմին»,- «Զանգակ» գրատանը իր «Սկիզբ» գրքի վերաբերյալ Aravot.am-ի հարցին պատասխանելիս՝ ասաց դերասան Վարդան Պետրոսյանը:

«Շոշափելի մարմինն այն է, ինչ տեսնում ենք… Ես փորձել եմ գրել զվարճալի, հուշերի ձեւով, օրագրի ձեւով, չես հասկանում ինչ ոճ է: Ինքս էլ չեմ հասկանում: Մի պահ հասկացա, որ ոճական հակասություն կա գրվածքի մեջ, փորձեցի ուղղել, բայց հետո զգացի, որ մի անկեղծություն կոտրվում է ու ստիպված նույնը թողեցի»,-ասում է դերասանը:

Իսկ թե ո՞րն է գրքի պատգամը, այս հարցին էլ Վարդան Պետրոսյանն այսպես պատասխանեց. «Բարդ կացության մեջ էլ մարդ կարող է լույս տեսնել: Պատգամն այն է, որ մեզ տրված դառն կացությունն ու դաժան իրավիճակները, որքան էլ ցավալի լինեն, հաղթահարելու համար են տրվում:Պատգամն այն է, որ ամենածանր մթության մեջ պետք է աչքը բացել եւ տեսնել լույսը, լուսավոր մարդկանց: Մթության մեջ էլ լույս, կայծ կա, խնդիրն այն է, մենք տեսնո՞ւմ ենք այն, թե ոչ…Եթե համեմատենք այսօրվա կյանքը իմ՝ կալանքի ժամանակվա կյանքի հետ…Հիմա առատություն է, բայց տեսեք, թե ինչքան դժբախտ ենք մեզ զգում, ինչքան ցավ կա, հեշտ չէ մարդկանց համար այսօր, թեեւ ինչքան առատություն կա…

Ցավերն էլ, տառապանքներն էլ տրվում են մի շատ կարեւոր բանի համար՝ որպես դեղամիջոց, որպեսզի ինքներս մեզ կարողանանք բուժել, բուժվել մեր հոգեւոր հիվանդություններից: Դա դեղամիջոց է՝ տիեզերական մեծ բժշկի կողմից տրված, ուժեղ տառապանքը, ցավը կարող են մարդու կյանքում շրջադարձային լինել: Օրինակ կարող էին շրջադարձային լիներ ինձ համար, եթե ես չկարողանայի Աստծո զորությամբ հաղթահարել այդ ամենը… Ես վերջացած մարդ էի, ոչ բեմ կբարձրանայի, ոչ կգրեի, ոչինչ էլ չէի անի… Կփակվեի իմ քարանձավում ու վերջ: Բայց ուրիշ կերպ ստացվեց ամեն ինչ, հաղթահարեցի…»:

Aravot.am-ի հարցին՝ պարտության պատճառով համատարած հիասթափության, հուսալքության մեջ ենք, մեր սահմաններին թշնամին կրակում է, ինչպես դիմակայել ընկճախտին, ինչ անել՝ ոտքի կանգնելու համար, Վարդան Պետրոսյանն այսպես արձագանքեց. «Ամեն մարդ ունի հաղթահարման իր դեղամիջոցը, իր դեղատոմսը, ես ունեմ՝ իմը:Քանի այստեղ եմ, անընդհատ հանդիպումներ եմ ունենում մարդկանց հետ: Մարդկանց գլխավոր ցավը հենց դա է: Այս հանդիպումը նվիրվում է իմ գրքի հրատարակման մեկ տարվան, բայց իրականում գիրքն ուղղակի առիթ է, որ մարդկանց հետ հանդիպեմ, կիթառ եմ բերել, որ երգենք միասին, Մի խոսքով, մարդկանց թեթեւացնելու համար ենք հավաքվել: Բայց թեթեւացնելու պրոցեսի մեջ ես անընդհատ խոսելու եմ մեր ցավից…Սա էլ բուժման իմ սկզբունքն է՝ խոսեցնել մարդկանց ցավի մասին, բայց կարողանալ հույս ու լույս սփռել: Մարդկանց պետք է ասել, որ ապրելը միայն հարմարավետություն չէ, ապրելը միայն մեր ուզած կյանքով ապրելը չէ,ապրելը նաեւ պարտականություն է, մենք պարտավոր ենք ապրել, մենք պարտք ունենք, կյանքն այնպես չի տրվում, որ եթե մի բան դուրդ չգա, տղամարդկությունդ հերիքի, գնաս քեզ կամրջից ցած գցես…Ապրելը պարտականություն է, եւ ես հենց դա եմ մարդկանց ասում, որ պետք է ապրենք մեր երեխաների, մեր հայրենիքի ու մեր հողի համար…Եվ այս դառնությունները, որ հազարապատիկ ավելի են, քան բանտում ունեցած իմ դառնությունները, այս զոհերը, սահմանային հարցերը, կրակոցները, մեր անորոշությունը, ծանր են, բայց պետք է հաղթահարենք, պարտավոր ենք ապրելով հաղթահարել…Նաեւ մարդկանց մեջ պետք է սերմանվի սեր՝ դժվարության նկատմամբ, սեր՝ այն մարդկու նկատմամբ, որ քո կարծիքը չունի…Մի տեսեք, թե ինչքան ենք իրար ատում, սարսափելի մթնոլորտ է, իսկ ատելության մթնոլորտում լավ բան ծնվել չի կարող»:

Նա հիշեց իր գրքում եղած օրինակը՝ ընկած մարդու մասին: Ասաց, որ անգամ ընկած ժամանակ չպետք է կորցնել արժանապատվությունը. «Երբեմն ընկած մարդն ավելի արժանապատիվ կարող է լինել, քան չընկածը…Ընկած մարդը նման է ցեխոտված գլուխգործոցի, որի վրայից պետք է զգուշորեն մաքրել ցեխը, սիրով, փափուկ՝ ռեստավրատորների նման, որովհետեւ միայն սիրով է դարմանվում վերքը»:

Վարդան Պետրոսյանը նշեց, որ գրքում նկարագրված հերոսների հետ, որոնց հետ եղել է կալանավայրում իր կապը պահում է, նույնիսկ այսօր զանգել են ու հրավիրել ինչ-որ «օբյեկտ», բայց ասել է, որ հանդիպման է, որտեղ նրանց մասին էլ խոսելու:

Դերասանն ասաց, որ Հայաստանն իր համար մոր նման է, ինքը չի կարող հայրենիքը հեռվից սիրել, որդին էլ այս պահին դիրքերում է, ինքն էլ հաճախ գնում-գալիս է. «Մայրը ի՞նչ է, ո՞նց կարոս ես մորը նկարագրել, Հայաստանն աշխարհագրական տարածք չէ, ոչ էլ պեյզաժ կամ այսօրվա աշնանային տերեւները…Հայաստանը մայր է, մաման ի՞նչ է, մայրը էնքան բան է, անբացատրելի բան»:

Նրանից նաեւ տեղեկացանք, որ մեծածավալ ներկայացման վրա է աշխատում, փակագծեր չբացեց, բայց ասաց, որ այն պատրաստ կլինի հաջորդ տարի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930