Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղուկ բամբակ, ծլեցված տեքստիլ, բրնձե կաշի․ նորաձևության ամենաանսովոր գործվածքները

Նոյեմբեր 10,2022 22:00

Նորաձևության աշխարհը շատ արագ է արձագանքում բնապահպանական միտումներին՝ փորձարկումներ կատարելով այնպիսի նյութերի հետ, որոնք էկոլոգիապես ավելի անվնաս են և կարող են այլընտրանքային տարբերակ լինել կաշվին, մորթուն, կաուչուկին, սինթետիկ գործվածքներին և այլն։ Աշխարհի մայրաքաղաքներում նախորդ ամիս անցկացված նորաձևության շաբաթների շրջանակներում ներկայացվեցին այնպիսի նյութերից պատրաստված հագուստներ, որոնք մի քանի տարի առաջ պարզապես անհավանական կարող էին թվալ։

Հեղուկ բամբակ

Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում Coperni նորաձևության տան ցուցադրության ժամանակ մերկ Բելլա Հադիդի վրա հեղուկացրի օգնությամբ սպիտակ նյութ ցողեցին, որը հաշված վայրկյանների ընթացքում վերածվեց տրիկոտաժե զգեստի։ Բամբակյա այդ զգեստը կարծես ասում էր, գրքերում նկարագրված ապագան, համենայնդեպս նորաձևության մեջ, արդեն եկել է։

Բալոնի հեղուկն այսպես կոչված հեղուկ բամբակ է, այսինքն բամբակյա ու սինթետիկ մանրաթելերի խառնուրդ՝ պոլիմերային լուծույթում, որը քարանում է օդի հետ շփման ժամանակ։ Հեղուկը ցնդում է, իսկ մանրաթելերը մնում են՝ կպչելով իրար պոլիմերի միջոցով։ Ըստ ցանկության լուծույթի մեջ կարելի է ավելացնել բրդի, նեյլոնի, ցելյուլոզայի մանրաթելեր։ Այս գաղափարի հեղինակը դիզայներ և Fabrican ընկերության հիմնադիր Մանել Տորեսն է, որը նյութի մշակման աշխատանքները սկսել էր դեռևս 2003 թ․-ից։

Ծլեցված տեքստիլ

Ինչպես նշվեց վերևում, նորաձևության մեջ նորարարությունները հիմնականում ուղղված են բնապահպանական հարցերի բարձրացմանը։ Սակայն բնության ու նորաձևության բառացիորեն ամենալավ միավորումը ստացվել էր Ջոնաթան Անդերսոնի մոտ՝ Loewe ապրանքանիշի տղամարդկանց հավաքածուի ցուցադրության ժամանակ, որտեղ մոդելները կրում էին հագուստ, որի վրա իսկական խոտ էր աճեցված։

Այդ արդյունքը ստացել էր բիոդիզայներ Պաուլա Ուլարգուի Էսկալոնան, որի հետ համագործակցում էր Loewe-ը։ 25 օրվա ընթացքում նա կատվախոտ ու չիայի սերմեր էր աճեցրել սպորտային տաբատների, ջինսերի, կոշիկների ու վերարկուների վրա։

Ծովախեցգետիններից ստացված կաշի

Վիետնամացի դիզայներ Ուիեն Թրանը ստեղծել էր TômTex գործվածքը մի քանի տարի առաջ։ Կաշվին այլընտրանք համարվող այս գործվածքը ստացվել էր ծովամթերքի, մասնավորապես ծովախեցգետինների թափոնների վերամշակումից։

Դիզայներ Պիտեր Դոն այս տարի ներառեց այդ նյութով պատրաստված նմուշներն իր հավաքածուի մեջ, որը ցուցադրվեց Նյու Յորքում։

Բրնձե կաշի

Կաշվին այլընտանք գտնելու համար օգտագործում են ոչ միայն ծովախեցգետիններին: Նախկինում դիզայներներն արդեն թողարկել էին հագուստներ Piñatex («անանասի կաշի»), Vegea («խաղողի կաշի») և Mylo («սնկի կաշի») նյութերից։ Նոր տարբերակներից մեկն էլ բրնձե կաշին է՝ Mirum-ը, որը մշակվել է Natural Fiber Welding ստարտափի կողմից։Գործվածքը կազմված է բնական լատեքսից ու բրնձի թեփից, իսկ սպիտակ գույնը ստացվել է բնական կավի օգնությամբ։

Այդ գործվածքն ավելի ծակոտկեն է, քան կաշին և հենց այդ հատկությունն էլ օգտագործել է Alexander McQueen նորաձևության տունը՝ ստեղծելով վերնահագուստի հատուկ հավաքածու, որը ներծծված է եթերային յուղերի հիմքոեվ կազմված պարֆյումերային խառնուրդով։ Գործվածքի հատկությունների շնորհիվ բույրը վերնահագուստի վրա պահպանվում է մինչև մեկ տարի։

Բանանի թափոններից ստացված տեքստիլ

Հնուց ի վեր մարդիկ փորձել են բույսերից տարատեսակ գործվածքներ ստանալ, սակայն եթե նախկինում հիմնականում  օգտագործում էին բամբակը, կանեփի կամ կտավատի ցողունները, ապա այժմ գործվածքներ են ստանում բուսական ամենատարբեր թափոններից․ այսպես Pyratex ընկերությունը ստեղծել է Element 2 գործվածքը՝ բանանի թափոնները խառնելով բնական բամբակի հետ՝ թեթև տրիկոտաժ ստանալու համար։

Մանկական հագուստ թողարկող Ganni ընկերության հետ համագործակցելով՝ Pyratex-ը թողարկել է սպորտային հագուստի հավաքածուներ, որոնք ոչ միայն հարմարավետ են, այլև ամբողջությամբ կենսաքայքայվող են։

Ամեն ինչ ջրիմուռներից

Ջրիմուռների հիմքով ստացված նյութից պատրաստում են սպորտային կոշիկների ամորտիզացիոն տարրերը, իսկ մեծ տերևների մանրաթելերն օգտագործում են տեքստիլ պատրաստելու համար, մասնավորապես Pangaia ընկերությունը հավաքածու էր թողարկել, որի հիմքում PLNT Fiber գործվածքն է՝ պատրաստված բամբուկի, հիմալայան եղինջի, նիվենու և ծովային ջրիմուռների տարրերից։

Ջիրմուռներից նաև կայուն պիգմենտներ են ստանում, որոնք օգտագործվում են կտորների գունավորման համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930