2022 թվականի հոկտեմբերի 12-ին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Ա.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաև դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ և 314.3-րդ հոդվածի 2-րդ մաս):
Որոշումը կայացվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա:
Որոշման մասին «ՀՀ դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով նախատեսված կարգով իրազեկվել է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը, որից հետո դատավոր Ա.Հ.-ին ներկայացվել է մեղադրանք:
2022 թվականի նոյեմբերի 8-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու և վարույթի նյութերը դատարան հանձնելու միջնորդությամբ:
Կարդացեք նաև
2022 թվականի նոյեմբերի 10-ին հսկող դատախազն իր որոշմամբ հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ