Լրահոս
Օրվա լրահոսը

Համաճարակը ևս մեկ անգամ ընդգծել է դիմակայուն, ճկուն և փոփոխությունների պատրաստ գյուղատնտեսական արժեշղթաների անհրաժեշտությունը

Նոյեմբեր 10,2022 19:11

ԵՄ աջակցությամբ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը մեկտեղում է տեղական ու միջազգային կառույցներին՝ քննարկելու Հայաստանում փոքր ֆերմերների դիմակայունության ձեւավորումը ճգնաժամի ժամանակ

10 նոյեմբերի 2022թ․ – Այսօր ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) կլոր-սեղան քննարկում էր կազմակերպել «Փոքր ֆերմերների դիմակայունության ձևավորումը ճգնաժամի ժամանակ» թեմայով։ Քննարկումը կազմակերպվել էր «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում (LEAD)» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՄԱԿ ՊԳԿ-ի հետ համագործակցությամբ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ՊԳԿ-ի և ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի իրականացրած հետազոտությունների արդյունքները և ՄԱԶԾ-ի փորձը Հայաստանում, ինչի հիման վրա մասնակիցները քննարկում ծավալեցին գյուղմթերքի արժեշղթաների խոցելիության մեղմացման և փոքր ֆերմերների դիմակայունության բարձրացման ուղիների շուրջ։

COVID-19 համավարակն իր ազդեցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա, և գյուղատնտեսությունը բացառություն չէ։ Փոքր ֆերմերները տուժում են նաև տնտեսական, բնապահպանական և քաղաքական ցնցումներից: Հետևաբար, մանր ֆերմերները շարունակաբար կանգնած են ցնցումները կանխատեսելու, պատրաստվելու, հաղթահարելու և վերականգնվելու մարտահրավերի առջև:

ՊԳԿ-ի՝ «Տավուշի եւ Լոռու մարզերի պարենային արժեշղթաների վրա COVID-19 համավարակի ազդեցության գնահատումն» ուսումնասիրում է գյուղատնտեսության և գյուղական զարգացման ոլորտում իրավիճակը Լոռու և Տավուշի մարզերում՝ COVID-19 համավարակի մի քանի ալիքներից հետո։ 2021թ․ դեկտեմբերին «Սիվիտտա» ընկերության (նախկինում EV Consulting) իրականացրած հետազոտությունը բացահայտել է, որ թեև COVID-19 համավարակը մեծ խնդիրներ չի ստեղծել Լոռու և Տավուշի փոքր ֆերմերների համար, այսուհանդերձ, միջպետական սահմաններին կիրառված սահմանափակումները, մատակարարման շղթաների խափանումները և առողջապահական համատարած խնդիրները սրել են գյուղմթերքի արժեշղթաներում առկա բացերն ու մարտահրավերները: Այլ կերպ ասած` համաշխարհային առողջապահական ճգնաժամը մեծացրել է առկա սոցիալ-տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների ազդեցությունը և լրացուցիչ դժվարություններ ստեղծել գյուղատնտեսական միջոցների ապահովման գործընթացում: Այս պայմաններում ֆերմերներն ավելի խոցելի են դարձել արտաքին ցնցումների նկատմամբ՝ պայքարելով բազմաթիվ մարտահրավերների դեմ՝ տնտեսական, առողջապահական և բնապահպանական: Համաճարակը ևս մեկ անգամ ընդգծել է դիմակայուն, ճկուն և փոփոխությունների պատրաստ գյուղատնտեսական արժեշղթաների անհրաժեշտությունը։

ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի «Համայնքային մակարդակի բազմաչափ աղքատությունը Հայաստանում» հետազոտությունն ուսումնասիրում է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում բազմաչափ աղքատությունը և COVID-19-ի նկատմամբ խոցելիությունը համայնքային մակարդակում։ Բազմաչափ աղքատությունը վերաբերում է այն մարդկանց, ովքեր ապրում են հիմնական կենսագործունեության ցուցանիշների մասով միջազգայնորեն համաձայնեցված նվազագույն չափանիշներին չհամապատասխանող պայմաններում,  և նրանց, ովքեր ապրում են միաժամանակ մի քանի գործոններով նվազագույն չափանիշներին չհամապատասխանող պայմաններում: Զեկույցը ցույց է տվել կենսապահովման զարգացման հետագա ծրագրերի շրջանակներում հյուսիսային երեք մարզերի գյուղական համայնքներին առաջնահերթություն տալու անհրաժեշտությունը:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը ներկայացրեց LEAD ծրագրի և իր նախկին ծրագրերի փորձը՝  աջակցելու տեղական համայնքներին և բնակչությանը, որոնք ապրում են անվտանգության խնդիրներ ունեցող և/կամ տարբեր արտակարգ իրավիճակներից տուժած տարածքներում։

Տվյալների ներկայացմանը հետևեց ակտիվ քննարկում վերհանված խնդիրների շուրջ, հնչեցին մատակարարման շղթայի խոցելիությունը հաղթահարելու նպատակով մասշտաբային կիրառման ենթակա լուծումների ստեղծման առաջարկներ։

Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի տնտեսական զարգացման գործում ակտիվ դերակատարում ունեցող պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, համանման ծրագրեր ֆինանսավորող կառույցների, ներառյալ՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աշխատակիցներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Լրացուցիչ տվյալներ

LEAD ծրագիր

ՊԳԿ-ի կողմից հրապարակված հետազոտությունն իրականացվել է ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում (LEAD)» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից՝  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրն աշխատում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում՝ որպես Եվրոպական միության «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ) հայեցակարգի մաս և նպատակ է հետապնդում Տեղական դերակատարներին ու  բնակչությանն ակտիվորեն ներգրավել զարգացման գործընթացներում, ստեղծել տեղական զարգացմանն օժանդակող ենթակառուցվածքներ և բարելավել համապատասխան նախարարությունների ու մարմինների կարողություններն՝ ի նպաստ Հայաստանում ԵՄ ՀԱՏԶ մոտեցման հաջող իրականացմանը և կայունության ապահովմանը։

Նշում․ «Տավուշի եւ Լոռու մարզերի պարենային արժեշղթաների վրա COVID-19 համավարակի ազդեցության գնահատումն» իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում դրա հեղինակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության ու ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930