Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը որոշեց հիմա պատասխանել Իլհամ Ալիեւին. Արցախի ԱԺ պատգամավորի մեկնաբանությունը

Նոյեմբեր 10,2022 18:03

«Ես չեմ կարող մեկնաբանել՝ ինչո՞ւ հիմա, բայց ես մտածում եմ, որ դա պատասխանն է Ալիեւի կողմից Շուշիում հնչած պահանջների: Բացահայտ սպառնալիքների լեզվով խոսել եւ հետո գնալ խաղաղության պայմանագրի կամ խաղաղության օրակարգով, կարծում եմ, դա անհեթեթություն է: Այսպիսի հայտարարությունները բերում են խաղաղության պայմանագրի վիժեցմանը, եթե դու իրականում պատրաստվում ես տարածաշրջանում գնալ այդ օրակարգով: Չեմ կարծում, որ նման հայտարարությունները կարող են որեւէ կերպ օգուտ բերել այդ, առանց այն էլ փխրուն, բանակցային գործընթացին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության պատգամավոր Արթուր Հարությունյանը (լուսանկարում)՝ պատասխանելով հարցին՝ կառավարության նիստում այսօր ՀՀ վարչապետը, թերեւս առաջին անգամ պատասխանեց Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, մասնավորաբար, ասելով, որ Ադրբեջանը ոչ միայն սպառնում է, այլեւ նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանությունը: Նիկոլ Փաշինյանը նաեւ խոսեց ռուս խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու եւ Հայաստանի վրա սեպտեմբերյան հարձակման մասին:

Արթուր Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ տեւական լռությունից հետո, ըստ Ձեզ, ինչո՞ւ խաղաղության ձգտող Նիկոլ Փաշինյանը որոշեց բաց եւ ուղիղ պատասխանել ադրբեջանցի՝ իր որակմամբ, կիրթ ու կառուցողական գործընկերոջը, երբ շատ վաղուց էր հասկանալի, որ Ադրբեջանն այդպիսի քաղաքականություն է վարելու:

Ըստ արցախցի պատգամավորի, իհարկե, Ադրբեջանի կողմից նախկինում էլ հայատյաց քաղաքականություն վարվում էր եւ Փաշինյանը դա պարզ նշեց իր ելույթում: Նա համակարծիք է Նիկոլ Փաշինյանի հետ, որ Լաչինի միջանցքը որեւէ կապ չունի 2020 թվականի նոյեմբերի 9-ին փաստաթղթի 9-րդ՝ ճանապարհների ապաշրջափակման, կետի հետ, ինչի մասին խոսում է Ադրբեջանի ղեկավարը՝ զուգահեռելով այն իր պատկերացումներով՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ. «Նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշվում է, որ Լաչինի միջանցքը Արցախը Հայաստանի հետ կապող ցամաքային եւ անվտանգ, անխափան ճանապարհ պետք է լինի, որը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո, այդ թվում՝ 5 կիլոմետրանոց հատվածով: Իսկ փաստաթղթի 9-րդ կետը, որտեղ խոսվում է տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման մասին, այնտեղ միջանցքի կարգավիճակի մասին կամ որեւէ ակնարկ անգամ չկա միջանցքի կարգավիճակի մասին: Ընդամենը նշված է, որ պետք է ապաշրջափակվեն բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները, որպեսզի անխափան շարժ լինի եւ քաղաքացիների, եւ տրանսպորտային միջոցների, բեռների եւ այլն»:

Ըստ մեր զրուցակցի, Ադրբեջանի նախագահի հայտարարությունները նախապատրաստական աշխատանք են, որպեսզի նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված ՌԴ խաղաղապահների 5-ամյա ժամկետի լրանալուց հետո, խաղաղապահները լքեն իրենց տեղակայման դիրքերը, ինչի մասին ահազանգել են նաեւ Արցախի խորհրդարանի պատգամավորները՝ իրենց վերջին հայտարարությամբ՝ փաստելով, որ ՌԴ խաղաղապահների դուրս գալը կլինի «հայ ժողովրդի նոր ցեղասպանության արտոնագիր» եւ միջազգային հանրությունը պետք է այս գործողություններին արձագանքի: «Այլապես, եթե Ադրբեջանը նույն հռետորաբանությամբ շարունակի իր քաղաքականությունը, մենք տեսնում ենք, որ ամեն ինչ տանում է դրան»,- ասաց Արթուր Հարությունյանը:

Մեր զրուցակիցը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ահազանգն ուղղված էր գործընթացի մասնակից միջազգային դերակատարներին՝ հավաքական Արեւմուտքին, ՌԴ-ին, որպեսզի փորձեն կոշտ արձագանք հնչեցնել Ադրբեջանի վարվող կոշտ քաղաքականության հասցեին: Դիտարկմանը՝ այստեղ ՌԴ-Արեւմուտք շահերն են բախվում եւ, կարծես խնդիրը ՌԴ դիրքերը թուլացնելն է, որոնք, առանց այդ էլ արդեն թույլ են, ուստի իրավիճակին կոշտ արձագանք սպասելը մի փոքր անհեթեթ կլինի, մեր զրուցակիցը արձագանքեց, որ խոսքը, տվյալ պարագայում, չի գնում ՌԴ-ի նկատմամբ Ալիեւի հայտարարությանը. «Սպառնալիքները, իմ կարծիքով, բոլորին էին վերաբերվում՝ եւ Իրանին, եւ ԱՄՆ-ին, եւ ՌԴ-ին, եւ Ֆրանսիային: Այսինքն, բոլորն այստեղ ներգրավված են եւ եթե տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում իրենց գործադրվող ջանքերն անկեղծ են, ես կարծում եմ, որ պարտադիր պետք է այդ արձագանքը լինի: Այդպիսի լեզվով խոսելով՝ խաղաղության օրակարգ չի կարող լինել: Եվ Բրյուսելում, եւ Վաշինգտոնում, եւ Սոչիում խոսվում է ընդհանուր խաղաղության օրակարգի մասին. իհարկե, պատկերացումները տարբեր են, բայց օրակարգը նույնն է՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելը եւ, եթե կողմերից մեկը բացահայտ սպառնալիքներով խոսելով ուզում է խաղաղություն ապահովել, դա միջնորդներին պետք է անհանգստացնի: Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար համալիր աշխատանք պետք է կատարվի եւ եթե Ադրբեջանի նախագահը բացահայտ ասում է, որ մենք հարձակվել ենք Հայաստանի սուվերեն տարածքի վրա, օկուպացրել ենք այդ տարածքներն՝ ինչ-որ պատճառով, եթե դրա արձագանքը չլինի, ես չեմ պատկերացնում, թե հետագա գործընթացն ինչպե՞ս պետք է տեղի ունենա»:

Արցախցի պատգամավորը համամիտ չէ մեր դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ կարծես արդարանում էր՝ ասելով, որ Հայաստանն Արցախում բանակ չունի, որ այնտեղ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերն են եւ ինքն էլ, անգամ այս պարագայում, պատրաստ է ստորագրել ապաշրջափակման մասին բոլոր փաստաթղթերը:

«Դա արդարացում չէ, դա իրականություն է. ԱՀ տարածքում ՀՀ ԶՈՒ չկա, չկա նոր զորակոչ, չկա որեւէ կերպ համալրում»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է շփման գծի ողջ երկայնքով տեղակայված լինեն, սակայն ուժերի սակավաթիվ լինելու պատճառով, որոշ հատվածներ բաց են մնացել, որոնք այժմ վերահսկվում են Արցախի ՊԲ ուժերի կողմից: Նա վստահեցնում է, որ իրենք պատրաստ են այդ հատվածներում էլ ապառազմականացված գոտի ստեղծել, բայց դա չի նշանակում, որ Արցախի ինքնապաշտպանական ուժեր չպետք է ունենան՝ առավել ևս, հաշվի առնելով Ալիեւի կողմից սպառնալիքները:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930