Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթևիկ Հայրապետյան. Ելույթը քիչ է, դրան պետք է հաջորդեն համարժեք քայլեր, որպեսզի հնչած մարտահրավերներին կարողանանք դիմակայել

Նոյեմբեր 10,2022 17:53

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Պետք է նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթն այն հազվադեպ ելույթներից էր, որը հատուկ է պետության ղեկավարին և ոչ թե կուսակցական գործչին կամ ընդդիմության դեմ պայքարողին: Կառավարության նիստի ժամանակ հնչած ելույթն այն հազվադեպ դեպքերից էր, որ կարևոր արձանագրումներ էին արվում, այդ թվում՝ արցախահայության ֆիզիկական ոչնչացման սպառնալիքների և ՀՀ–ի դեմ տարածքային նկրտումների մասով:

Ուշագրավն այն է, որ հենց իր ելույթում Փաշինյանը շեշտում է. «Այս ամենի մասին առաջին անգամ եմ խոսում այսքան մանրամասն և այսքան մանրամասն խոսում եմ, որովհետև տեսնում եմ, որ Ադրբեջանն ուխտադրուժ իր գործելակերպը փորձ է անում վերագրել Հայաստանին»:

Իրականում, ի գիտություն Փաշինյանի` ասեմ, որ Ադրբեջանի այս գործելաոճը շարունակվում է արդեն տևական ժամանակ, ուստի չարժեր այսքան սպասել նման ելույթով հանդես գալու համար: Ավելին, չարժեր ժամանակին «հայելային հետքաշման», «նշաձողի իջեցման» և Մադրիդյան սկզբունքներով «Արցախն Ադրբեջանի մաս դարձնելու» մասին վտանգավոր ու սխալ շեշտադրումներ անել, որոնցից մենք միայն տուժել ենք, իսկ Ադրբեջանը՝ շահել՝ դարձնելով դրանք գործիք իր քարոզչամեքենայի համար:

Արժեր նաև սեփական թիմակիցներին թույլ չտալ անելու հայտարարություններ, ինչպիսիք են համակեցության վտանգավոր քարոզը, առաջին պատերազմին տված «հողահավաք» բնորոշումները և այլ ձևակերպումներ, որոնց հիշատակումն ինքնին արդեն խնդրահարույց է և ամոթալի:

Շատ կուզեի, որ Նիկոլ Փաշինյանը միշտ թղթով կարդար ելույթները, չխոսեր սպոնտան և անհավասարակշռված, Հայաստանը չանվաներ «ամորֆ» տարածք, Արցախն էլ՝ Ադրբեջանի տարածք, իսկ նրա ելույթներն էլ պատրաստեին պրոֆեսիոնալ մարդիկ: Եթե այդպես լիներ, մենք շատ հարցերում կունենայինք այլ իրավիճակ:

Բայց նաև շեշտենք, որ ելույթը քիչ է, դրան պետք է հաջորդեն համարժեք քայլեր, որպեսզի հնչած մարտահրավերներին կարողանանք դիմակայել:

Վստահեցնում եմ՝ Ալիևը ելույթներով չի սահմանափակվելու, նա ակնհայտ գնալու է լարման, այսօրվա դեպքը՝ հայ զինվորի ծանր վիրավորման հետ կապված, ևս մեկ անգամ դա է փաստում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930