Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ մենք Ներքին Հանդի դպրոցում էինք, լսվում էին ադրբեջանցի զինծառայողների ձայներ, ուստի ի՞նչ իրական խաղաղության մասին կարող է խոսվել»․ Արման Թաթոյան

Նոյեմբեր 10,2022 17:29

«Մեր՝ Սյունիք այցելության ժամանակ ճանապարհներին մեկ հոգի չտեսանք, որ զբաղվի գյուղատնտեսական աշխատանքներով»,- նոյեմբերի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՀՀ Սյունիքի մարզի Սրաշեն, Նոր Հանդ և ՀՀ Սյունիքի մարզի մյուս բնակավայրերին։

Նա լուսանկարների միջոցով ներկայացրեց, թե որքան մոտ են ադրբեջանական դիրքերը գտնվում համայնքապատկան արոտավայրերին․ ադրբեջանցիներն ամբողջությամբ կարողանում են իրենց տեսադաշտում պահել Ներքին Հանդը։

Արման Թաթոյանը մանրամասնեց․ «Ադրբեջանական տեղակայումներ կան անմիջապես Սրաշենի մոտ, Ներքին Հանդի դպրոցի անմիջապես վերևում գտնվում են ադրբեջանական զինծառայողները։ Երբ մենք Ներքին Հանդի դպրոցում էինք, լսվում էին ադրբեջանցիների ձայները։ Դպրոցի դիմաց՝ սարի վրա լրացուցիչ դիրք են դրել, որ էլի ամբողջությամբ վերահսկում են ողջ տարածքը։ Մի դիրք էլ անմիջապես Ներքին Հանդի գերեզմանի վերևում է։ Մարդիկ վկայում են, որ ադրբեջանցի զինծառայողները իջնում են ներքև, հասնում գերեզմանոց, ուստի մեր քաղաքացիները զրկված են իրենց հարազատների շիրիմներին, գերեզմաններին մոտենալուց։ Ներքին Հանդի խմելու ջուրը ևս կտրվել է ադրբեջանական տեղակայումների պատճառով։ Գյուղում այս պահին քաղաքացիական կյանք չկա, մի քանի ընտանիք եկել էր սեպտեմբերի 13-14-ից հետո, այն էլ դուրս են եկել։ Անասնապահական աշխատանքները գրեթե հարյուր տոկոսով կրճատվել են։ Հենց այդ պահին, որ մենք գտնվում էինք Ներքին Հանդում, երեք կով ականի պատճառով պայթել է։ Եվ այս ամենը ՀՀ ինքնիշխան տարածքում է։ Սրաշենում անասնագլխաքանակը նվազել է 70 տոկոսով»։

Անդրադառնալով Գորիսից դեպի Որոտան, Շուռնուխ տանող այլընտրանքային ճանապարհին, Արման Թաթոյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ դա լուծում չէ, քանի որ ճանապարհն անմիջապես գտնվում է ադրբեջանական թիրախի ներքո։ Բայց մեկ այլ խնդիր բարձրացրեց․այն ուսուցիչները, որ ամեն օր Գորիսից գնում են այդ բնակավայրեր, տուն են վերադառնում 20։30-ից հետո։ Այդ անձինք լուրջ խնդիրներ ունեն։

Խոսելով ՀՀ քաղաքացիներին պատճառված վնասների մասին՝ Արման Թաթոյանն ասաց, որ միայն այս տարածքներում ադրբեջանցիները գողացել են չորս մարդատար Նիվա մակնիշի ավտոմեքենա, երեք բեռնատար, մինչև 6000-ի հասնող ոչխարներ։

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք ԵՄ դիտորդական առաքելությունից, Արման Թաթոյանը պատասխանեց․ «Միջազգային առաքելությունները միշտ համարել եմ կարևոր։ Առաջին օրերից սկսած, երբ գնացի մարզեր, տեսա իրավիճակը, ասել եմ, որ պետք է լինեն միջազգային գնահատողներ։ Բայց այստեղ մի վերապահում ունեմ, չգիտեմ՝ այս դիտորդները ի՞նչ առաքելությունով են, մանդատի կոնկրետ աստիճանը որն է։ Օրինակ՝ ի՞նչ իրավազորություն ունեն, ուսումնասիրե՞լ են՝ մեր քաղաքացիներն ինչքան տներից են զրկվել։ Օրինակ՝ ուսումնասիրե՞լ են, որ Գեղարքունիքի մարզում Սոթք գյուղի մոտ «ԶոդՈւինդ» կազմակերպությունը միլիոնավոր դոլարների ներդրում է արել ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված տարածքում, բայց հիմա ադրբեջանական զորամասն է այդտեղ։ Լինելո՞ւ է վնասի փոխհատուցում։ Քարահունջում մենք ունենք տներ, որոնք Խորհրդային միությունից են ՀՀ քաղաքացիներին պատկանում։ Հիմա նրանք դա ուսումնասիրո՞ւմ են»։ Արման Թաթոյանն ասաց, որ իրենց փաստահավաք աշխատանքները կուղարկեն ԵՄ, ԵԱՀԿ դիտորդական առաքելություններին։ Բայց եթե այդ առաքելություններն իր բարձրացրած հարցերը հաշվի չեն առնում, ուրեմն դրանց իմաստը չի տեսնում։

Արման Թաթոյանը նաև ահազանգեց՝ Ադրբեջանը կեղծիքներ է ներկայացնում ԵԽ Նախարարների կոմիտե, ՄԻԵԴ և այլ միջազգային մարմիններ, շարունակում է գերության մեջ պահել մեր հայրենակիցներին, ուստի ըստ նրա՝ ի՞նչ իրական խաղաղության մասին կարող է խոսվել։

Ամփոփելով՝ Արման Թաթոյանը ահազանգեց․ «Մեր կատարած այցերից տպավորությունս այն է, որ ադրբեջանցիները չեն պատրաստվում հեռանալ։ Անգամ մի քանի ժամով այդ գյուղեր գնալով՝ զգում ես, որ այդ մարդիկ տագնապի մեջ են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930