ԿԳՄՍՆ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում կրքերը դեռ չեն հանդարտվել: Այս տարվա գարնանը տնօրենի պաշտոնը ստանձնած Անգին Արշակյանը շարունակում է բողոքել քոլեջի նախկին ու ներկա աշխատողներից, ներկա ու նախկին աշխատակիցներն էլ՝ Անգին Արշակյանից:
Աշխատանքից հեռացված վեց աշխատակիցների շարքերը առաջիկայում կհամալրեն նորերը, այս մասին Aravot.am- ի հետ զրույցում հաստատեցին թե աշխատանքից ազատված դասախոսները, թե Անգին Արշակյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Հոկտեմբերին աշխատանքից ազատված փոխտնօրեն Կարինե Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ողջ կոլեկտիվն է նորանշանակ տնօրենից դժգոհ՝ աշխատակազմից 50 հոգի: Ըստ նրա՝ Անգին Արշակյանը անօրինական կերպով հերթով ազատում է աշխատակիցներին, որ իր թիմը հավաքի: Ըստ մեր զրուցակցի, ընդ որում, երիտասարդ՝ 40-50 տարեկան գործող դասախոսական կազմին հեռացնելով՝ տնօրենը բերում է թոշակառու կադրերի՝ 70 տարեկան անձանց:
Երեկ, ըստ քոլեջի նախկին փոխտնօրենի, ամբողջ կոլեկտիվն է բողոքի ցույցին մասնակցել, իրենց դժգոհություններով գնացել են կառավարության շենք:
Կարդացեք նաև
Կարինե Հարությունյանը հերքեց իրեն ու իր մյուս գործընկերներին հասցեագրվող կոռուպցիոն գործարքների մասին Տիգրան Հայրապետյանի հայտարարությունները, ասաց՝ եթե նման բաներ ենք արել, թող գան ձերբակալեն.
«Բա ինչու չեն գալիս»:
Ինչ վերաբերում է հանցավոր աշխարհին այս հակամարտության մեջ խառնելու մասին պնդումներին, Կարինե Հարությունյանը հերթով թվարկեց տնօրենի դեմ պայքարող դասախոսների ամուսինների անուններն ու վստահեցրեց, որ նրանցից որեւէ մեկը «Արմավիրի Վալոդի» կինը չէ. «Մենք նույնիսկ մեր ուսանողներին այս ամենի մեջ չենք խառնում, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե մեր ամուսիններին կամ ընտանիքի անդամներին խառնեինք»:
Տիգրան Հայրապետյանը չհերքեց, որ դասախոսական ողջ կազմը՝ հիսուն հոգի բողոքում է Անգին Արշակյանից, ասաց ավելին, որ այս պահին բյուլետենում գտնվող Անգին Արշակյանը մոտ տասը աշխատակցի աշխատանքից ազատման հրամանը պատրաստել է: Ըստ Տիգրան Հայրապետյանի՝ քոլեջում ստեղծված իրավիճակում շահագրգռվածություն ունի Արմավիրի մարզպետը: Փաստաբանի խոսքով, մարզպետը դիտավորյալ բզբզում է. նա ունի տնօրենի իր թեկնածուն, որի համար առայժմ մարզպետը պահանջել էր տնօրենի տեղակալի պաշտոն եւ մերժում ստացել Անգին Արշակյանից:
Փաստաբանը շարունակում է պնդել, որ հեռացված վեց աշխատակիցներին հովանավորում են Կրթության, գիտության նախարարությունից, աշխատանքի տեսչությունից: Այստեղ, ըստ Տիգրան Հայրապետյանի, վարույթ են նախաձեռնել ու սկսել ուսումնասիրել աշխատակիցների աշխատանքից ազատման իրավաչափությունը, բայց զանգերով, ոչ թե օրենքով սահմանված կարգով:
Փաստաբանը պնդում է, որ ոստիկաններն էլ իրենց տեղում չեն, նրանք չեն ապահովում քոլեջի բնականոն աշխատանքը, չեն արգելում հեռացված աշխատակիցների մուտքը քոլեջ ու դրա տարածքում նրանց նախաձեռնած ցույցերը:
Բացի պարբերաբար անցկացվող բողոքի ցույցերից, ըստ փաստաբանի, քոլեջի աշխատանքը խաթարում է նաեւ ջրի պարտքի դիմաց նախօրեին «Վեոլիա ջուր» ընկերության ինքնագործունեությունը, որ ոստիկանների ուղեկցությամբ եկել ու անջատել են քոլեջի ջուրը: Փաստաբանը պնդում է, որ ջուր անջատելու իրավունք ընկերությունը չունի, կարող է նման բանի հասնել բացառապես դատարանի միջոցով, մինչդեռ պետք է դեռ քննություն իրականացվի՝ պարզելու, ինչպես է այդքան ջուր օգտագործվել մեկ ամսում, ինչի արդյունքում է այդքան պարտք կուտակվել եւ արդյոք չի եղել ջրի գողություն:
Չնայած փաստաբանի ներկայացրած՝ բազում հանցագործության մասին հաղորդումներին, վերջինս քննչական կոմիտեից չի ստացել ոչ քրեական վարույթի նախաձեռնման, ոչ վարույթի նախաձեռնումի մերժման մասին որոշումներ: Առայժմ փաստաբանը տեղյակ է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել միայն հեռացված վեց աշխատակցից չորսի մասով չարաշահումներ թույլ տալու հիմքով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ