Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք միանշանակ չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի եւ Հայաստանն առանց Ռուսաստանի». Կազբեկ Տայսաեւ

Նոյեմբեր 10,2022 16:20

Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի եւ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստն էր, որից հետո Հայաստանի ներկայացուցիչ, հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը եւ ՌԴ կոմիտեի փոխնախագահ Կազբեկ Տայսաեւը հանդես եկան ասուլիսով:

Վաղարշակ Հակոբյան

Վաղարշակ Հակոբյանը ներկայացրեց, թե ինչ են քննարկել. «Օրակարգում են եղել խորհրդարանական համագործակցության շրջանակներում ԵԱՏՄ-ի համագործակցության հեռանկարներն ու առաջնահերթությունները՝ ներկա մարտահրավերների ժամանակ, ինչպես նաեւ Վերին Լարսի անցակետի աշխատանքի հետ առնչվող խնդիրները: Նիստի ընթացքում նաեւ անդրադարձ կատարվեց հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության վերաբերյալ հարցերին, երկուստեք կարեւորվեց խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացման ձեւաչափը: Խոսվեց միջազգային խորհրդարանական կառույցներում համակարգված փոխգործակցության մասին, ընդգծեցինք համատեղ դիրքորոշումների կարեւորությունը: Քննարկվեցին տարածաշրջանային իրադրության վերաբերյալ մի շարք կարեւոր հարցեր, ինչպես նաեւ հյուրերին ներկայացվեց ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում տիրող իրավիճակը եւ Հայաստանի անվտանգային խնդիրները: Մանրամասն տեղեկություններ տրամադրվեցին Ադրբեջանի ռազմական հանցագործության վերաբերյալ: Ընդգծվեց ՀՀ տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման կարեւորությունը»: Ըստ Վաղարշակ Հակոբյանի, հանդիպումը արդյունավետ է եղել:

Տայսաեւն էլ կառուցողական ու ընկերական որակեց քննարկումը եւ ասաց. «Մի շարք հարցեր կան, որոնք մենք քննարկում էինք տեւական ժամանակ եւ կարծում ենք, որ այսօր պարզապես անհրաժեշտ է որոշումներ կայացնել, որպեսզի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի բնակիչներին ավելի հեշտ լինի: Մենք միանշանակ չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի եւ Հայաստանն առանց Ռուսաստանի, մեզ կապում է միասնական մշակույթ, կրոն, հավատք, պատմություն, մեր մեծ հաղթանակը, որը երբեք մեզնից ոչ ոք չի խլի»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ Սոչիում որոշվել է ՌԴ-ի հետ համագործակցության վեկտորը. «Մենք այսօր քննարկեցինք հարցեր, որոնք կախված են այդ ուղղության հետ, որտեղ մեր երկրների առաջնորդները որոշեցին, որ այն խնդիրների լուծման համար, որոնք այսօր կանգնած են մեր երկրների առջեւ, խորհրդարանական բաղադրիչը պետք է խաղա ավելի կարեւոր դեր»:

Նա շնորհակալություն հայտնեց հայկական կողմին՝ ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930