Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց թվային փոխակերպման՝ չենք կարող լինել հաջողակ պետություն, հաջողակ ազգ. ՏՏ մասնագետ

Նոյեմբեր 10,2022 16:08

Եթե մենք թվային փոխակերպման, ինտերնետի զարգացման մասով այս աշխարհում առաջնորդներ չլինենք, եթե մենք ինտերնետ կառավարման բոլոր համակարգերը չունենանք մեզ մոտ ներդրած՝ թե՛ կրթության, թե՛ առողջապահության, թե՛ պաշտպանության, թե՛ կառավարման ոլորտներում, մենք չենք կարող առաջ գնալ, չենք կարող լինել հաջողակ պետություն, հաջողակ ազգ: Այս մասին այսօր հայտարարեց RIPE NCC արտաքին հարաբերությունների պատասխանատու Վահան Հովսեփյանը՝ «Կոնգրես» հյուրանոցում կայացած Ինտերնետ կառավարման ArmIGF-2022 հայաստանյան 7-րդ համաժողովում։

«Ինտերնետ կառավարման ֆորումն անհրաժեշտ է ոչ թե նրա համար, որ հասկանանք, թե ինչպես ինտերնետը զարգացնենք, այլ որպեսզի հնարավորինս շատ մարդկանց հետ քննարկենք, հասկանանք, թե ինչ իրականության մեջ ենք մենք հիմա ապրում, այն իրականության, որը կոչվում է 4-րդ թվային հեղափոխություն, այն իրականության, որտեղ որ թվային փոխակերպումը, թվային տրանսֆորմացիան էապես փոխում է մեր կյանքը: Փոխում է և պետք է փոխի, իսկ այն մարդիկ, այն պետությունները, այն հասարակություններն ու տնտեսությունները, ովքեր չեն հասկանում դա՝ իրենք անպայման տուժելու են, իրենք լինելու են ոչ առաջատար և իրենք խաղալու են այդ խաղի կանոնները ստեղծողների կանոններով: Երբ հասկանանք պահի կարևորությունն ու լրջությունը, մենք արդեն կհասկանանք, թե ինչ տեխնիկական ստանդարտներ են մեզ պետք, որ կկարողանան ապահովել մեր առաջընթացը՝ այդ թվում նաև ինտերնետի զարգացման ոլորտում» ,-նշեց Վահան Հովսեփյանը:

Արտասահմանյան ՏՏ ընկերությունների Հայաստան տեղափոխման մարտահրավերների և հնարավորությունների մասին առանձին քննարկման ժամանակ ԲՏԱ նախկին նախարար Հայկ Չոբանյանը կարևորեց ենթակառուցվածքների բաղադրիչը, շեշտելով, թե 2022 թվականը ռելոկացիայի առումով Հայաստանի համար ուսուցողական նշանակություն ունի և այն կարող է շատ մեծ հավակնությունների հնարավորություններ ստեղծել: Այդ համատեքստում նա կարևորեց Հայաստանի ռեգիոնալ զարգացումը, յուրաքանչյուր համայնքում բարձրակարգ ինտերնետի ապահովումը: ԲՏԱ նախկին նախարարը հույս հայտնեց, որ ռելոկացիան միտումների ալիքը խթան կհանդիսանա մասնագիտական ներգաղթի համար:

ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանը տեղեկացրեց, որ ռելոկացիոն խնդիրների կարգավորման նպատակով փոխվարչապետի գրասենյակում գործում է հանձնաժողով, իսկ կառավարությունն էլ ՏՏ ոլորտի ընկերությունների աջակցման որոշում է ընդունել, որով հնարավորություն է տրվում եկամտահարկի 50 տոկոսի վերադարձ, եթե տվյալ աշխատակիցը ոչ ռեզիդենտ է:

Համացանցում տեղեկատվության կառավարման, իրավական կարգավորումների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ ARMSEC հիմնադրամի տնօրեն Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում այսօր մի քանի խնդիր իրար է բախվել, մեկն այն է, որ օրենսդրական կարգավորումները կցկտուր են, շատ հարցերում ոչինչ չի արվում, իսկ մյուս հարցերում պետության կողմից կան միջամտություններ, որոնք փաստացի ապօրինի են : «Հիմա եթե փորձեք մի քանի ադրբեջանական լրատվամիջոցների կայքեր մտնեք, չեք կարող քանի որ Հայաստանն արգելափակել է: Իհարկե, այս ամենը իր հիմնավորումը ունի, որը ոչ ոք, երբևէ չի բարձրաձայնում, և ՀՀ-ում չկա օրենսդրություն, որով երբ ռազմական դրություն, արտակարգ դրություն չի հայտարարված, նույնիսկ կարանտին չկա, դնել ու արգելափակել ինչ որ կայքեր, թեկուզ ամենանողկալիները: Մենք նույնիսկ չգիտենք, թե այդ արգելափակումը ոնց է կատարվում, ոչ մի հանրային իրազեկում չկա: Այդպես է: Մեկ էլ տեսնում ես ինչ որ մի օր բացվում է, ինչը եղավ ՏիկՏոկի դեպքում»,-նշեց նա՝ հույս հայտնելով, թե դատավորներից որևէ մեկը կհասկանա ու կկարգավորի այս խնդիրը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930