Կանանց բռնցքամարտի 2023 թ. աշխարհի առաջնությունը կհյուրընկալի Հնդկաստանը։ Ապագա մրցավայր Նյու-Դելիում համաձայնագիրը ստորագրելուց հետո հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարել են IBA նախագահ Ումար Կրեմլյովը եւ Հնդկաստանի ԲՖ նախագահ Աջայ Սինգհը: Կրեմլյովն ասել է, թե Հնդկաստանում հրապուրված են բռնցքամարտով եւ այստեղ աշխարհի առաջնությունն անցկացնելը կնպաստի, որպեսզի ավելի մեծ թվով կանայք զբաղվեն սպորտով, կանանց բռնցքամարտը մասսայականացնեն Հնդկաստանում եւ տարածաշրջանում:
Հնդկաստանի ԲՖ նախագահն էլ, հայտարարել է, թե մեծ պատիվ է կրկին լինել կանանց այս միջոցառման առաջատար երկիրը եւ որ Հնդկաստանում այս մակարդակի մրցաշարի անցկացումը օգնում է իրենց երկրում ընդլայնել սպորտով զբաղվելու՝ աղջիկների հնարավորությունները:
IBA-ի գործող չեմպիոնուհի Նիհատ Զարինը վստահեցրել է, թե անհամբերությամբ է սպասում հնդիկ հանդիսականի առջեւ մրցելույթ ունենալուն եւ չեմպիոնական տիտղոսը պաշտպանելուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ